Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը՝ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման մասին․ «Ներքաղաքական խնդիր չի դրվել եւ չի քննարկվել»

Հունվար 31,2021 20:57

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն օրերս հանդիպել է մի խումբ քաղաքագետների եւ փորձագետների հետ։

Շարժման ֆեսյբուքյան էջն այս հանդիպման մասին տեղեկացնում է․ «Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախի հարցի հետագա ճակատագիրն ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները, օրակարգային այս հարցերն այսօր Վազգեն Մանուկյանը քննարկել է մի խումբ քաղաքագետների և փորձագետների հետ:

Քննարկվել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, որի հանգուցալուծման վերաբերյալ մասնագետները տարբեր տեսակետներ են հնչեցրել: Ըստ որոշ տեսակետների՝ քաղաքական դաշտի ռազմավարությունն ու գործողությունները պետք է մշակվեն հասարակության շրջանում սոցիոլոգիական լուրջ հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել այն խնդրին, որ սոցիալական ցանցերը հաճախ կառավարվում են և ստեղծում իրականության ոչ հավաստի պատկեր»:

Քննարկմանը մասնակցել է նաեւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը։

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պողոսյանն այս հանդիպման մասին ասաց՝ յուրաքանչյուրն իր կարծիքն է ներկայացրել․ «Հանդիպմանը ներքաղաքական խնդիր չի դրվել եւ չի քննարկվել, տեսակետներ են հնչել Արցախի եւ տարածաշրջանում զարգացումների մասին»։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է հետագայում Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբվեն կամ օրինակ պարոն Պողոսյանն աջակցի Վազգեն Մանուկյանին որպես վարչապետի թեկնածուի, Թեւան Պողոսյանն ասաց․«Ոչ։ Հանդիպումն էլ համախմբվելու մասին չէր։ Եթե ցանկացած մարդ ցանկանում է իր գիտելիքներն ավելանան, լսի տաբեր կարծիքներ, շատ ուրախ եմ, եւ կողջունեմ, որ նման հանդիպումները շատ լինեն։ Մենք պետք է սովորենք փորձագիտական կարծիքներ լսելով ձեւավորել մեր քաղաքականությունները։ Հանդիպումը քաղաքական իմաստով չի եղել, այլ՝ փորձագիտական կարծիք լսելու։ Եթե կլինեն նման հրավերներ այլ մարդկանց կողմից՝ կողջունեմ, բացի այսօրվա գործող իշխանության, որովհետեւ իրենք չեն սիրում ո՛չ լսել, ո՛չ էլ լսելուց հետո մի բան անել։ Ես իրենց ոչինչ չունեմ ասելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031