«Ո՞նց պիտի լինի Մեղրիում կյանքը՝ շատ ընտիր, մեր մրգերի պես»,–Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեցին Մեղրիի քաղաքապետարանի դիմացի պուրակում կանգնած տղամարդիկ։
Չորս հոգուց երեքը տարբեր պատճառաբանություններով հեռացան՝ մենակ թողնելով իրենց ընկերոջը՝ 72-ամյա Վահան Հովհաննիսյանին։ «Այ հիմա երեւաց, ով ա իսկական ընկերը»,–կատակեց Aravot.am-ի զրուցակիցը։
«Բայց մի պայմանով խոսենք, որ ոչ վիդիո կանես, ոչ էլ նկարես։ Սկի անուն-ազգանունս չէի ուզում ասեի։ Դե հայտնի դաշնակցականի անունն ա, ես էլ մի քիչ վերապահում ունեմ էդ կուսակցության հանդեպ»,–ասում է Վահան Հովհաննիսյանը։ Տարբեր տեղեր է աշխատել՝ Մեղրու սահմանապահ ռուսական զորքերում, մշակույթի օջախներում։
Կարդացեք նաև
«Հարցնում ես՝ թոշակը հերիքում ա՞, ո՞վ ա թոշակին նայում, կարալյոկ, թուզ ենք ծախում, հիմա էլ չիրը։ Արեւը ուտեմ էս մեր Մեղրիի բնության»,–ասում է Վ․ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս տարի «կարալյոկի ու թզի չրի գինը 2300-3000 դրամ էր»։
«Գալիս տնից առնում տանում են, բա համով ա, մերն ուրիշ ա։ Նոյեմբերյանի չիրը բերում են, էդ միամիտ երեւանցիներին խաբում՝ գրում Մեղրիի չիր, որ առնեն»,–ասում է զրուցակիցս։ Քաղաքականությունից խոսել չի ուզում՝ «մեկ ա սուտի–մուտի բաներ են ասում՝ Մեղրին տվին, թուրքը եկավ»։ «Ղալաթ կանի թուրքը կգա, հետո ինչ, որ տարիներ շարունակ միասին ապրել ենք, բայց հիմա հնարավոր չի»,–եզրակացնում է Վահան Հովհաննիսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին էլ ոչինչ չի ասում։ «Մինչեւ թազան չգա, հնի ղադրը չենք իմանա՝ հնուց եկած խոսք ա»,–ասում է զրուցակիցս ու շարունակում․ «Էն որ ասի երեւանցիք միամիտ են, զարմացար ջահել ջան, բա՞ որ միամիտ չլինեին կգոռային «Նիկոլ, վարչապետ», հիմա էլ գոռում են «Նիկոլ, դավաճան»։ Լավ հերիք ա, գնամ պառավս մենակ ա, սպասում էր, որ խանութից գնամ կոֆե խմենք»։
Իմանալով, որ Մեղրու քաղաքապետի տեղակալին եմ սպասում՝Վահան Հովհաննիսյանը ինձ էլ հրավիրեց տուն սրճելու՝ հավաստիացնելով, որ հլա ուշ կգա տեղակալը։ Համաձայնվեցի մի պայմանով, որ գոնե տանը լուսանկարեմ իրեն ու կնոջը։ «Չէ, չէ։ Առանց էն էլ շատ բան խոսացի, հիմա էլ դեմքով ճանաչեն՝ ամոթ ա։ Արի գնանք կոֆե խմենք, բայց ոնց են ասում՝ չխաբես սելֆի–մելֆի անես»,–քահ-քահ ծիծաղելով՝ ասաց նա ու գնաց։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ