Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր Արշակ Զաքարյանի ձերբակալումը: Արշակ Զաքարյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Քննիչն ընտրեց խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին:
Aravot.am-ի հետ զրույցում Արշակ Զաքարյանի պաշտպան Անժելիկա Հակոբյանը հայտնեց. «Դատական նիստը հենց նոր ավարտվեց, հրապարակվեց որոշումը: Դատարանը որոշեց քննիչի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ մերժել, իսկ պաշտպանի՝ իմ ներկայացրած բողոքը ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ, բավարարել»:
Փաստաբանը նաև հիշեցրեց՝ վիճարկել էր ձերբակալման իրավաչափությունը. «Գտնում էինք, որ Արշակ Զաքարյանին ձերբակալելու հիմքեր չկան: Այդ հիմքով բողոք էինք բերել ձերբակալման իրավաչափության դեմ: Քննչական մարմինն էլ միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ։ Դատավորը միացրել էր մեկ վարույթում և քննության առել երկու հարցը»:
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաքի ընթացքում 21 անձ բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։ Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել էր՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ