Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) որոշում կայացրեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի ձերբակալությունը համարել ոչ իրավաչափ:
Aravot.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանը տեղեկացրեց. «Դատարանը որոշում կայացրեց պաշտպանի կողմից՝ Արագած Ախոյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը բավարարել. ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը մերժել»:
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաք է իրականացվել, որի ընթացքում 21 անձ բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։ Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել է՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։
Բենիկ Գալստյանը նաև հայտնեց՝ հունվարի 29-ին Արագած Ախոյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոք են ներկայացրել ու մանրամասնեց. «Հունվարի 29-ին՝ ժամը 18.00-ին, նշանակվել էր բողոքի քննարկումը, բայց նույն օրը մինչև այդ նիստի կայանալը քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել, ու օրենքով սահմանված կարգով՝ մեր բողոքն ու կալանավորման միջնորդությունը մեկ վարույթով սկսեց դատավորը քննել դատավորը»:
Կարդացեք նաև
Նշենք, որ հունվարի 30-ի առավոտյան՝ ժամը 10.00-ին, նիստ կայացավ, ժամը 16.00-ին այն ավարտվեց: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և միայն կեսգիշերին մոտ հրապարակվեց որոշումը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ փաստաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից