Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական «Գորշ գայլերը»  Շուշիում. հակաահաբեկչության պլանավորման անհրաժեշտությունը

Հունվար 30,2021 23:46

Aravot.am-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական, ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Նելլի Բաղդասարյանը

– 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանը բավական փխրուն է, հայկական պետությունների անվտանգային հարցերն առաջնային. որո՞նք են հիմնական անելիքները:

-Ելնելով միկրոտարածաշրջանում` Արցախի Հանրապետությունում և նրա շուրջը տեղի ունեցած զարգացումներից, պատերազմով և հետպատերազմյան իրողություններով պայմանավորված զարգացումներից, կարևորվում եմ հակաահաբեկչական գործողությունների պլանավորումը: Փաստացի, դարձյալ ստիպված եմ վերադառնալու իմ նախկինում առաջ քաշված և հիմնավորած թեզին՝ հակամարտության բնութագրիչի առումով ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտությանը»: Փորձագիտական մակարդակում՝ չի բացառվում, որ որոշակի փուլում այն ահաբեկչության բաղադրիչներով արտահայտվի, հետևաբար մեր բոլոր գործողությունները պետք է տեղավորվեն կանխման տրամաբանության մեջ:

– Պատերազմի ժամանակ վարձկան ահաբեկիչների ներգրավվածությո՞ւնն է հիմք տալիս պնդելու, որ ահաբեկչությունը կարող է հետագա դրսևորումներ ունենալ տարածաշրջանում:

– Փորձագիտական մակարդակում՝ որպես լուրջ ահազանգ եմ դիտարկում այն, որ 44-օրյա պատերազմից հետո զարգացումներն իրենց երկար սպասել չտվեցին: Հատկանշական է, որ հունվարի 25-ի տեղեկության համաձայն Շուշիում բացվելու է  թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության դպրոցը, ինչն անհրաժեշտության դեպքում ազգայնամոլական հիմքով ահաբեկչության պլանավորման կենտրոն կարող է դառնալ: Սա «Գորշ գայլեր» ցանցապետության մասնաճյուղի բացումն է Շուշիում:

Նաեւ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից Թուրքիայի գործուն աջակցությամբ վարձկան ահաբեկիչների ներգրավումը և ռազմական գործողություններից հետո նրանց վերադարձի մասին տեղեկությունների բացակայությունը լուրջ ահազանգ են՝ պատրաստվելու հակաահաբեկչական գործողություններին և սցենարը կանխելու ճանապարհով գնալուն: Չի կարելի բացառել, որ «Երկաթե բռունցք-2»-ը կարող է այլ ձևաչափ ունենալ՝ մասնավորապես ահաբեկչության տեսքով: Կարծում եմ, որ այս առումով համապատասխան գերատեսչությունները կանխման ուղղությամբ պետք է վերապատրաստվեն:

Կարծում եմ, որ այս սպառնալիքները գնահատվում են նաև ՌԴ կողմից: Ընդգծելի եմ համարում հունվարի վերջին Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների հակաահաբեկչական ուղղվածությամբ պարապմունքները: Իրականում չի կարելի բացառել, որ այս գործողությունները կարող են ուղղված լինել նաև խաղաղապահության դեմ:

Մասնավորապես, այո՛, Թուրքիան և Ռուսաստանը համատեղ մոնիտորինգային ծրագրի շրջանակում են, բայց բոլորովին չի բացառվում, որ հերթական հարվածը կարող է լինել ահաբեկչական գործողությունների տեսքով և ուղղված լինել ոչ միայն հայկական դաշտին, այլ նաև Հարավային Կովկասում ՌԴ ներկայացվածությանը:

Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես Ադրբեջան-Թուրքիա զորավարժությունները, մի կողմից գործնականում ՀՀ դեմ «հետաձգված պատերազմի» ընթացք կարող են ստանալ, մյուս կողմից դրանք պետք է դիտարկել որպես ուժի ցուցադրության դրսևորում՝ «սառը պատերազմ»՝ տարածաշրջանում ռուսական ազդեցության դեմ: Մեծ հաշվով, առաջիկայում թուրքական կողմի բոլոր գործողություններն ուղղված են լինելու տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանը, վերջնականապես դուրս մղման նպատակներով:

– ԱՀ-ն կարո՞ղ է Իրանի հարցում ակնկալիքներ ունենալ, հաշվի առնելով այն, որ այլևս չի սահմանակցում Իրանի հետ եւ Իրանի ԱՆ նախարարի`օրերս Բաքվում արած հայտարարությունները:

– Հակաահաբեկչության շրջանակներում մեծապես կարևորվում է նաև իրանական ուղղությամբ աշխատանքը: Արցախի թեման Իրանում փակված չպետք է համարեն, չնայած այն հանգամանքին, որ այս պահին անմիջապես սահմանակցող պետության կարգավիճակում չենք: Իրանական կողմի՝ Բաքվում հնչեցրած հայտարարությունները հայկական կողմն ամենաբարձր հուզականությամբ ընդունեց: Իրականում, Իրանը մշտապես հանդես է եկել հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման դիրքերից, քանի որ միջազգային իրավունքի մյուս՝ «ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի» բարձրաձայնման դեպքում խնդիր կարող է ունենալ հենց սեփական պետության ներսում, հաշվի առնելով իր ներսում բազմազգ լինելը:

Պատերազմի ընթացքում կողմերին ուղղված Իրանի զգուշավոր հայտարարությունները վերջնական բեկում արձանագրեցին Խուդաֆերինի կամրջի հատվածի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցնելուց հետո, քանի որ այդ կերպ իրանական կողմի՝ Արցախի ուղղությամբ արված բոլոր քաղաքական ժեստերն իմաստազրկվում էին: Հաշվի առնելով իրանական դիվանագիտության առանձնահատկությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Իրանի և Արցախի Հանրապետության միջև ընկած մի հատված, այնուամենայնիվ, դեռ երկար ժամանակ շարունակելու է ռազմականացված մնալ (որոշ տեղեկությունների համաձայն այստեղ տեղակայված է մի քանի հազարի հասնող զորք, որոնց մեջ մեծ թիվ են կազմում վարձկան ահաբեկիչները): Եզրակացությունը հետևյալն է՝ Իրանը Արցախի հարցում չի կարող ամեն ինչ ավարտված համարել…

– Հետպատերազմյան այս փուլում իրատեսակա՞ն են խաղաղասիրական կամ երկու ժողովուրդների համատեղ խաղաղ բնակության հնարավորությունները:

– Ադրբեջանն այս ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ է տանում. տեղեկատվական դաշտում ահաբեկող կադրերից և տեսանյութերից աստիճանական անցում է կատարում և կատարելու է «բարի ադրբեջանցու», «հայ գերուն փրկող ադրբեջանցու» կերպարի ձևավորմանը, ինչի նպատակը, կարծում եմ, պարզ է. ցույց տալ, որ չկա էթնոկրոնական թշնամանք,  դրա փոխարեն կարող է լինել խաղաղ մարդկային գոյակցություն  դրանից ածանցվող հետագա համագործակցությամբ:

Հաշվի առնելով, որ դեռևս 2020 թ. օգոստոս- սեպտեմբեր ամիսներին արդեն իսկ ձևավորվել էր Ադրբեջան-Թուրքիա մեդիապլատֆորմը, դժվար չէ պատկերացնել, որ այս քաղաքականությունն ուղղված է հայկական հասարակական դաշտի զգոնությունը  թուլացնելուն և համապատասխան ներմուծումներ կատարելուն:

Հաշվի առնելով, որ մեդիան 7-րդ սերնդի պատերազմի բաղադրիչն է, պետք է փաստել, որ որևէ տեղեկատվական հոսք պատահական չէ: Միասնական մեդիապլատֆորմի հաշվարկները մասնավորապես հետևյալն են.  թիրախավորվելու է հասարակության զանգվածային ամնեզիայի առանձնահատկությունը: Մեծ հաշվով, սա կարող է ներգործություն ունենալ հասարակության բարձր հուզականություն և ստվար մասը կազմող հատվածի վրա, բայց առավել սթափ և զգոն հատվածն, այնուամենայնիվ, չի ընկալում, որ Ադրբեջանը կարող է ընկալվել խաղաղաշինական կերպարի մեջ: 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմի հայատյացությունն արտահայտող սիմվոլիկան և դիսկուրսը այն դասում է միակողմանի էթնոկրոնական պատերազմների շարքին: Ադրբեջանի կողմից տասնամյակներով ձևավորված հակամարտության խորը էթնոկրոնական հիմքերը, ցավոք, որևէ լավատեսության հնարավորություն չեն տալիս:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031