Խոլինի վերաբերյալ գրավոր առաջին տեղեկությունը թվագրվում է 1862 թ․-ին, երբ գերմանացի քիմիկոս Ադոլֆ Շթրեքերը բացահայտեց, որ լեցիտինը տաքացնելիս քիմիական նոր նյութ է ձևավորվում, որը քիմիկոսը խոլին անվանեց։
3 տարի անց բժիշկ ու դեղագործ Օսկար Լիբրեյխը մարդու գլխուղեղում հայտնաբերեց մի նոր մոլեկուլ, որն անվանեց «նեյրին», որը, ինչպես պարզվեց հետագայում, նույնական է խոլինին:
Սակայն որպես առողջության համար անփոխարինելի սննդանյութ խոլինի մասին խոսվեց միայն 1998 թ․-ին։
Շատերին դեռևս հայտնի չէ խոլինի կենսաբանական կարևորությունը, և այն այնքան էլ մեծ «ժողովրդականություն» չի վայելում որպես սննդանյութ, սակայն անհրաժեշտ է օրգանիզմի օպտիմալ կենսագործունեության համար։
Խոլինը կարևոր նշանակություն ունեցող սննդանյութ է, որը, թեև վիտամին չէ, սակայն հաճախ գիտնականների կողմից դասվում է B խմբի վիտամինների շարքում, քանի որ իր գործառույթներով շատ նման է այդ խմբի վիտամիններին։ Biology Online-ի բնորոշմամբ վիտամինը «ցածր մոլեկուլային քաշով օրգանական միացություն է, որն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ աճի ու մետաբոլիկ գործընթացների համար և անհրաժեշտ է շատ քիչ քանակությամբ»։ Քանի որ օրգանիզմի կողմից լյարդում որոշակի քանակությամբ խոլին արտադրվում է, այն չի դասակարգվում որպես վիտամին։
Կարդացեք նաև
Օպտիմալ կենսագործունեության համար օրգանիզմին անհրաժեշտ են ճարպալույծ և ջրալույծ վիտամիններ։ Ճարպալույծ վիտամինները պահպանվում են ճարպային հյուսվածքում և լյարդում։ Դրանք A, D, E և K վիտամիններն են։ Ջրալույծ վիտամինները պահպանելն այնքան էլ հեշտ չէ, իսկ դրանց ավելցուկը սովորաբար օրգանիզմից դուրս է գալիս մեզի միջոցով։ Ջրալույծ վիտամիններ են С-ն և В խմբի բոլոր վիտամինները։
Խոլինը պարունակվում է սննդի ինչպես ճարպալույծ, այնպես էլ ջրալույծ միացություններում․ այն ներծծվում է բարակ աղիքում և ամբարվելով լյարդում՝ մասնակցում է բջջային թաղանթների ստեղծմանը։
Օրգանիզմը բավարար քանակով խոլին չի արտադրում իր բոլոր պահանջմունքները բավարարելու համար։ Հետևաբար այն պետք է ստանալ սննդի միջոցով։
Թեև խոլինի անբավարարությունը առողջ երեխաների ու մեծահասակների մոտ ընդգծված ախտանշաններ չի առաջացնում, վերջինիս պակասը կարող է կապված լինել նյարդաբանական խանգարումների, լյարդի հիվանդությունների հետ։
Հետազոտողները համարում են, որ խոլինի օգտագործման բարձր մակարդակը մի շարք առավելություններ ունի՝ ներառյալ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի նվազեցումը, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության կանխարգելումն ու կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցումը 24%-ով։
Խոլինը, ըստ երևույթին, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացման առանցքային գործոններից է։
Վերոնշյալից բացի խոլինն օրգանիզմում մասնակցում է մի շարք այլ գործառույթների իրագործմանը․
Պտղի առողջ զարգացում– Խոլինն անհրաժեշտ է նյարդային խողովակի պատշաճ փակման, պտղի գլխուղեղի և տեսողության զարգացման համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց մայրերը բավական քանակությամբ խոլին են ստացել, ավելի լավ հիշողություն ունեն։ Խոլինի պակասը բարձրացնում է վաղաժամ ծննդաբերության, ծնվելիս ցածր քաշի, պրեէկլամպսիայի վտանգը։
Ֆոսֆոլիպիդների սինթեզ– Առավել տարածված Ֆոսֆոլիպիդ է համարվում ֆոսֆատիդիլխոլինը՝ լեցիտինը, որից կազմված է բջջային թաղանթների 40-ից 50 տոկոսը և լիպոպրոտեինների ու լեղու ֆոսֆոլիպիդների 70-ից 95 տոկոսը։
Նյարդային համակարգի գործունեություն– խոլինն անհրաժեշտ է ացետիլխոլինի արտադրության համար․ այդ նեյրոհաղորդիչը մասնակցում է մկանների, սրտի աշխատանքում, ինչպես նաև հիշողության առողջ գործառույթի համար։
Բջիջների միջև ինֆորմացիայի փոխանակում– Խոլինը միջբջջային հաղորդակցության համար անհրաժեշտ միացությունների արտադրմանը նպաստող գործոններից է։
Նյութափոխանակություն, ճարպային փոխանակություն- Խոլինն անհրաժեշտ է լյարդից խոլեսթերինի դուրսբերման համար․ խոլինի անբավարարությունը կարող է հանգեցնել ավելորդ ճարպի ու խոլեսթերինի կուտակման։
ԴՆԹ-ի սինթեզ– Խոլինը, ինչպես և ֆոլաթթուն ու վիտամին B12- ը, օգնում է ԴՆԹ-ի սինթեզման գործընթացին։
Մտավոր գործառույթի բարելավում- Հետազոտությունները հաստատում են խոլինով հարուստ սննդակարգի և ճանաչողական գործառույթի բարելավման միջև կապը։
Ինչ քանակությամբ է խոլինը մեզ անհրաժեշտ
Խոլինի՝ օրական խորհուրդ տրվող նորման կանանց համար կազմում է 425 մգ, տղամարդկանց համար՝ 550 մգ, երեխաների համար՝ 250 մգ։
Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ճարպերով հարուստ սննդակարգի դեպքում լյարդին ավելի մեծ քանակով է խոլինն անհրաժեշտ։ Խոլինը հատկապես կարևոր է՝
- հղի կանանց․
- մարզիկների,
- դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց,
- ալկոհոլը չարաշահող մարդկանց,
- ինչպես նաև վեգանների համար։
Վեգանները, քանի որ չեն օգտագործում խոլինով հարուստ մթերքներ, կարող են լրացնել օրգանիզմում խոլինի պակասը սննդային հավելումների օգնությամբ։
Որ մթերքներն են հարուստ խոլինով
1970-ական թթ․ շատ բժիշկներ էին իրենց պացիենտներին խորհուրդ տալիս խուսափել ձվից, ձվի դեղնուցից՝ հագեցած ճարպերի ու խոլեսթերինի քանակը նվազագույնի հասցնելու համար։ Իրականում դրանք շատ օգտակար են և ապահովում են օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով։ Մեկ պինդ խաշած ձուն 113-ից 147 մգ խոլին կարող է պարունակել։
Տավարի լյարդը ևս չափազանց հարուստ է խոլինով․ տավարի լյարդի 100 գ-ը պարունակում է 430 մգ խոլին, որը գրեթե լրացնում է մեծահասակի օրական նորման։
Խոլինով հարուստ այլ աղբյուրներ են սաղմոնը, տնական հավը, կրիլի յուղը, բանջարեղենից՝ բրոկոլին, ծաղկակաղամբն ու ծնեբեկը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ սննդաբան Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ