Ilur.am – Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 76-րդ տարում վախճանվել է Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը։
Գրիգոր Պողպատյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։
1968 թվականին ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ռադիոտեխնիկի մասնագիտությամբ։
1970-1982թթ․ աշխատել է Համամիութենական էլեկտրատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ, սեկտորի վարիչ, կոնստրուկտոր։
1982-1991թթ․ աշխատել է «Լազերային տեխնիկա» գիտաարդյունաբերական միավորումում՝ որպես բաժնի վարիչ, գլխավոր կոնստրուկտոր։
1991թ․ նշանակվել է նորանկախ Հայաստանի Կապի նախարար՝ պաշտոնավարելով մինչև 1998թ․։
1988թ․ Գրիգոր Պողպատյանն ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժմանը։ Մասնավորապես՝ գործուն մասնակցություն է ունեցել 1988թ․ մարտին ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն։
Կապի նախարարի պաշտոնում Գրիգոր Պողպատյանի գործունեության արդյունքում՝
– Հայաստանի համար ստեղծվել է արբանյակային ուղիղ կապի միջոցով միջազգային կապի հնարավորություն,
– Վերազինվել են հեռախոսակայանները, հեռագրային ցանցը, փոստային ծառայությունները,
– Ամերիկյան TWT ընկերության հետ համատեղ հիմնադրվել է ԱրմենՏել ընկերությունը, ներդրվել են ծառայությունների նոր տեսակներ` փեյջեր, բջջային կապ,
– Ստեղծվել է Ինֆոկոմ ընկերությունը,
– Հայաստանը ներգրավվել է հեռահաղորդակցության միջազգային կառույցներում,
– Կազմակերպվել է 1996 թվականի Երեւանում Շախմատի համաշխարհային 32-րդ Օլիմպիադայի եւ ՖԻԴԵ-ի 97-րդ Կոնգրեսի տեխնիկական ապահովումը,
– Ստեղծվել եւ թողարկվել է ՀՀ առաջին նամականիշը։
Գրիգոր Պողպատյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 18։00-ին, Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ․ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 1-ին, ժամը 13։00-ին՝ նույն տեղից սգո թափորը կշարժվի քաղաքային պանթեոն (Էրեբունի համայնք)։