Ադրբեջանի Քիյամադդինլի բնակավայրում (Աղդամի շրջան) իր գործունեությունն է սկսել Լեռնային Ղարաբաղի գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:
Կենտրոնը կզբաղվի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ, ամփոփմամբ և ստուգմամբ: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման ճանապարհով:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Քարաօսմանօղլուն:
Բացման արարողությանն իր ելույթում Ֆոմինը նշել է, որ կենտրոնը կնպաստի տարածաշրջանում ամուր խաղաղության պահպանմանը:
Կարդացեք նաև
«Ամուր վստահություն ենք հայտնում, որ Համատեղ կենտրոնը կնպաստի կայուն խաղաղության հաստատմանը ղարաբաղյան բազմաչարչար հողում և կձևավորի ամուր հիմք՝ հնացած այդ հակամարտության կարգավորման համար»,- ասել է նա:
Ֆոմինը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը երկրի ղեկավարի անմիջական մասնակցության հսկայական աշխատանք է տարել կենտրոնի ստեղծման և հագեցվածության ապահովման գործում: Նա նաև նշել է, որ ի սկզբանե սերտ համագործակցություն է ձևավորվել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ, ինչը թույլ է տվել կարճ ժամկետներում մշակել և ստորագրվել կազմակերպչական փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին համատեղ կենտրոնի աշխատանքի համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ