Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի Նավալնի էլ մենք ունեինք, անունը Նիկոլ Փաշինյան էր, որը եկավ իշխանության և քանդեց երկիրը». Վահրամ Մկրտչյան

Հունվար 30,2021 16:38

«Իմ խորը համոզմամբ՝ պատերազմը սկսվեց մեր իշխանության հակահայկական քաղաքականության պատճառով և միտումնավոր պատերազմի կազմակերպման պատճառով»,- ընդդիմադիր «Ալյանս» կուսակցության ընդլայնված համաժողովին հայտարարեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:

Նա հայտարարեց՝ ՀՀ ղեկավարությունը և Նիկոլ Փաշինյանը դեմ գնացին ոչ միայն հայկական շահերին, այլև մեր ռազմավարական դաշնակցի շահերին: Ըստ նրա՝ ծրագիրն այն էր, որ ՌԴ-ն դուրս մղվեր տարածաշրջանից, Հայաստանը գնար դեպի ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ն տեղակայեր բազա այստեղ և վերահսկողության տակ վերցներ Իրանը:

Խոսելով ներկայիս իրավիճակի մասին՝ նա ասաց. «Ունենք կապիտուլացված երկիր, ունենք ձախողված արտաքին քաղաքականություն, ռազմավարական դաշնակցի հետ ունենք բարդ ու դժվարին հարաբերություններ, Հայաստանի ողջ սահմանի երկայնքով Ադրբեջանի հատվածում ունենք հօգուտ թուրքի դեմարկացիա, սահմանազատում: Ունենք Իրանի հետ 105 կմ ազատագրված տարածքների զավթում, որտեղ մեծ վտանգ կա, որ թուրքական զորքերը կտեղակայվեն կամ ահաբեկչական խմբավորումներ կլինեն: Այլ խոսքով՝ ունենք թուրքին շատ սիրող ՀՀ իշխանություն, և Հայաստանի պետականությունը կորստի առաջ է»:

Նա շեշտեց՝ երկիրն այս վիճակին հասցվեց ոչ միայն պատերազմի պատճառով, այլ այն, որ տարիներ շարունակ արևմտյան ազդեցության կենտրոնները մեր միամիտ ժողովրդին կեղծ ժողովրդավարության քողի տակ հրամցնում էին աղանդներ, սեռային փոքրամասնություններ, ազդեցության գործակալական ինստիտուտներ, ինչի արդյունքում մենք կամաց-կամաց հեռացանք մեր պապերի արժեհամակարգից, քրիստոնեությունից, անգամ պահ եղավ, երբ հայ տղամարդը չէր ուզում գնալ բանակ, քանի որ պացիֆիստական տրամադրություններ էին մտել:

Վահրամ Մկրտչյանը վրդովված նշեց՝ ա՞յդ արևմուտքի հետ էինք հույս կապում: Նա փաստեց՝ անգամ գերիների հարցը չմտավ ԵԽԽՎ օրակարգ ու հայտարարեց. «Դա այն հարցն է, որ այսօր մեր պետության առաջ ծառացած է: Եվ այդ հարցը չմտավ ԵԽԽՎ օրակարգ, քանի որ իրենց Նավալնին էր, որը Ռուսաստանը քանդելու համար էր: Հիշեցնեմ՝ մի Նավալնի էլ մենք ունեինք. տարիներ առաջ փողոցում ճղճղում էր, և այդ Նավալնիի անունը Նիկոլ Փաշինյան էր, որը եկավ իշխանության և քանդեց Հայաստանը»:

Այս հայտարարությունը ծափերով ընդունեցին դահլիճում ներկաները:

Վահրամ Մկրտչյանի համոզմամբ՝ մենք պիտի մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ, նոր ձևաչափի միութենական պայմանագիր կնքենք, և առաջնահերթության կարգով այնտեղ լուծվի մեր անվտանգության, մեր արտաքին քաղաքական օրակարգի հարցը: Ըստ նրա՝ պետք է օր առաջ ինտեգրվել ՌԴ հզոր կրթական և գիտական համակարգին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031