Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր պատասխանը` լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ». հասարակական-քաղաքական գործիչների արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարություններին

Հունվար 30,2021 17:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կրկին խոսել է Շուշի քաղաքի մասին իր աղմկահարույց հայտարարությունների մասին։

Վարչապետի «լայվին» արձագանքել են հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, նաև Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը, որը հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ պարոն վարչապետ, այստեղ Շուշիում ընկած մեր զինվորներն են, դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է:

Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյան

«Պարոն Փաշինյան, հստակ հարց էի տվել՝ ըստ Ձեզ Շուշին՝
ա. հայկական է
բ. ադրբեջնական է:

Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ:
ՀՀ վարչապետից ակնկալում էի լսել, որ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին հայկական է՝ իր ցանկացած կարգավիճակով:

Եվ ուրեմն, եկեք արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանն իր այս ելույթով փաստեց, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջարկը ընդունելու դեպքում Շուշին մնալու էր Արցախի կազմում:
Այսինքն՝ քաղաքի ադմինիստրացիան, ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ մյուս իրավապահ մարմինները լինելու էին հայկական: Ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյո՞ք այս պայմաններում ադրբեջանցի փախստականները կվերադառնային Շուշի»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի արձագանքը․

Միքայել Նահապետյան

«Այո՛։ 90 և ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ Շուշին հայկական վերահսկողության տակ հայկական էր լինելու՝ ճիշտ այնպես, ինչպես Դաղստանը Ռուսաստան է, Նյու-Մեխիկոն՝ Ամերիկա, եթե իհարկե չեն գնում ինքնորոշման։

Իսկ հայտարարությունները, որոնք այս մարդը անում է՝ վաղը միջազգային ատյաններում դեմ են տալու որպես ազգային փոքրամասնություններ չհանդուրժելու ու էդ հիմքով պատերազմը շարունակելու, այդ պատերազմում պարտվելու մասին փաստական ապացույց։

Չի կարելի սեփական կաշին պետական շահերից շատ կարևորել՝ ուղղակի չի կարելի։ Ադրբեջանի նախկին ղեկավարներից մեկը երեսուն տարի առաջ մի հայտարարություն է արել՝ էնպիսի զենք է դարձել մեր ձեռքին, որ մինչև էսօր չեն կարողանում դրա տակից դուրս գալ»։

Ապա Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ ավելացրել է․

«Ու որպեսզի պարզ լինի կերած բողկի մասշտաբները՝ ասեմ, որ այ էս պոստը դրած է Հայաստանը Արցախի փշրանքներին կապող միա՛կ ճանապարհի վրա։ Այսինքն Ստեփանակերտ, Մարտունի ու Եղնիկներ հասնելու այլ տարբերակ, քան էստեղով անցնելը չկա՛։ Այսինքն, որպեսզի հայկական բանակի որևէ ծառայող Երևանից հասնի Ստեփանակերտ՝ այ էն հեռվում դրոշ դրած ու կանգնած մարդիկ պիտի դեմ չլինեն, իսկ իրենք խիստ ակնհայտորեն դեմ են և արտահայտում են դա «ԲՏՌ-ի ստվոլը» շարժելու ժեստով։

Ու երբ որ փորձում են համոզեն, թե «շատ մի նեղվեք՝ մեկ ա, եթե Շուշին պահեինք՝ ադրբեջանցիներ էին ապրելու» ուզում ես առաջարկես մի հատ էլ Ստեփանակերտից քայլեն Երևան՝ մեկ էլ տեսար մի բան դառնա»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում » հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Դանիել Իոաննիսյան

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ հիմնավորում է, որ նույնիսկ եթե ընդուներ Վլադիմիր Պուտինի` հոկտեմբերի 19-ի հրադադարի առաջարկը, Շուշին, միևնույն է, ադրբեջանաբնակ էր լինելու։

Բայց ի՞նչ կասի Նիկոլ Փաշինյանը Հադրութի, Մարտունու ու Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերի մասով, որոնց բնակչությունը միշտ եղել է հայկական և որոնք գրավվեցին հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 9-ի միջակայքում։ Այսինքն, այդ բնակավայրերը կմնային հայկական, եթե Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չմերժեր Պուտինի առաջարկը։

Փաշինյանի բախտը բերում է, որ իր քաղաքական հակառակորդները պոպուլիստ են ու Շուշիից բացի այլ բնակավայրի անուն չգիտեն»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի արձագանքը

Բորիս Նավասարդյան

«Փաշինյանը իրապե՞ս տարբերություն չի տեսնում Շուշիի հայկական վերահսկողության տակ մնալու դեպքում ադրբեջանական բնակչության վերադառնալու իրավունք տալու եւ քաղաքը Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու միջեւ: Իր այսօրվա լայվից երեք հետեւություններից մեկը հնարավոր է ընտրել միայն.

1. ՀՀ վարչապետը չի կարող համարժեքորեն գնահատել իրողությունները,

2. Լավ էլ կարողանում է, բայց իր լսարանին էշի տեղ է դնում,

3. Էշերը ոչ թե Փաշինյանի ասածները համոզիչ համարողներն են, այլ լսարանի այն մասը, որը երկու լուծումների միջեւ տեսնում է էական տարբերություն` այդ թվում ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031