Լրահոս
Օրվա լրահոսը

Երկնքին հասնելու համար շատ ճանապարհ պիտի անցնես (պատմվածք)

Հունվար 30,2021 15:36

Արդեն շատ ժամանակ էր անցել, բայց Արջուկ անունով արջուկը նստած էր պատուհանագոգին, հենց այնպես՝ ինչպես որ թողել էին, և հիմա նա չէր կարողանում ըմբռնել ուշ գիշերով հավաքվող մարդկանց մտքերը, որ փակ զարդատուփեր էին հիշեցնում, և չէր կարողանում հասկանալ, թե տան անդամներն ինչ են քննարկում՝ մերթ ընդ մերթ գրկախառնվելով ու փոշոտ հատակին թողնելով արցունքների հետքերը թարմ:

Արջուկը գիտեր, որ մարդկանց շարժումները սահմանափակ են իր մեջքի ետևում, որ նրանք վերցնում են լռությունն ամենայն զգուշությամբ, կարծես հախճապակե սկահակ տեղափոխելիս լինեն, և բուռ-բուռ լռություն են լցնում իրենց պայուսակների մեջ, իրենց վաղվա ծրագրերի և ուրախության մեջ:

Ձմեռն անցել էր վաղուց, իսկ չորրորդ հարկում բնակվող պառավը մահացել էր՝ փողոցում թողնելով իր ձեռնափայտի թխթխկոցը, որ երբեմն բախվում էր տնից դուրս եկող մարդկանց կոշիկներին, և մարդիկ սայթաքում էին՝ հանկարծ բացահայտելով մենության ներկայությունը: Ծննդյան տոներն իսկ անցել էին անշուք, և խաղալիքներ չէին դրել տոնածառի տակ, և շատ ժամանակ էր հոսել այն օրվանից, երբ ընտանիքի հայրը հեռացավ՝ փակվող դռան ետևում թողնելով հրաժեշտի համբույրն ակամա: Տղամարդը երկարաճիտ կոշիկներով էր, իսկ շինելի վրա պսպղում էին պղնձափայլ կոճակներ, որ կինն էր ամրացրել՝ ննջասենյակում թողնելով անհոժար իր ճիչը, որովհետև ծակել էր մատն ասեղով, իսկ արյունը ծորել էր թելն ի վար:

Աննան նոր շրջազգեստ հագավ: Հենց նա՛, յոթ տարեկան աղջնակն էր հրաժարվել խաղալիքից և չգիտեր իհարկե, թե Արջուկ անունով արջուկն ինչպես էր կարոտում դեղնավուն պեպեններով իր ընկերոջն ու համատեղ այն խաղերը, որոնք պարունակում էին վեճ և հաշտություն, գգվանք և քմահաճույք, օրոր և շշուկներ, որ հետո երազներ էին դառնում՝ թաքուն համբուրելով քնած երեխայի թաթիկներն ու անկողնում քնած Արջուկի մռութը:

Գարուն էր, բայց պատուհանները դեռ չէին լվացել, իսկ Գլաֆիրա մեծ մայրը չէր թողնում, որ ավել գործածեն մութն ընկնելուն պես ու փոշին դուրս հանեն: Մեծ մայրը թղթե ժապավեններ էր սոսնձել ապակիներին՝ խաչաձև սահմանափակելով տեսարանը, որն այնքան էլ հրապուրիչ չէր, քանզի քառահարկ մի շենք էր ցցված դեմ հանդիման, իսկ ծուռտիկ բակում վառարանների մոխիրն էին ցփնել՝ մոխրասև դարձնելով գոյության այն տարածքը, որտեղ երեխաներն էին խաղում:

Այս տարվա անձրևն առատ էր, և բակում բալենիներ էին ծաղկել՝ վարդագույն թերթիկներ շաղ տալով ամենուրեք և ամենուրեք ծածկելով ոտնահետքեր, որ մարդիկ թողնում էին մոխրադեմ իրականության մեջ:

Արջուկը գիտեր, որ երկնքին հասնելու համար շատ ճանապարհ պիտի անցնես, որ շենքերը հաջորդում են միմյանց, բայց սևավոր կանայք կորցրել էին երկնքին նայելու համարձակությունը և միմյանց մխիթարելու պատրաստակամությունն էին սպառել: Եթե տղամարդ կար քաղաքում, ապա՝ ծեր էին տղամարդիկ, և կամ՝ կաղում էին ճանապարհ անցնելիս, և կամ՝ քամին ծածանում էր նրանց վերնահագուստների դատարկ թևքերը: Քաղաքում ինչ-որ բան էր կատարվել, որովհետև մարդիկ խոսում էին կիսաձայն, և իրենց վշտերն էին կոնծում պտուղ-բանջարեղեն վաճառող կրպակների մոտ, և հյուծվում էին օդային տագնապներից, և թաքնվում էին՝ նկուղներում մոռանալով խոհեր, հույզեր և հույսերն ապագա: Երկինքը պատռվում էր հանկարծ, իսկ ռմբակիր օդանավերը մահ էին շաղ տալիս քաղաքի վրա, և քաղաքը նահանջում էր՝ փողոցներում ձգելով պարտության փլատակներ, և՝ դիեր անթաղ, և՝ աշխատանք անվերջ: Քանզի որդանման արարածներ էին ավերակ քչփորող մարդիկ, բոլոր նրանք, ովքեր սպիրտ էին խմում տափաշշերից և տեղափոխում էին փթանոց քարեր՝ շերտ առ շերտ մերկացնելով մահվան քմահաճույքը:

Ի՞նչ կար այնտեղ:

Եվ ճակատագիրն ո՞ւմ էր խնայել՝ մեծահոգաբար պարգևելով համընդհանուր գերեզմանում կենդանի մնալու վայելքը:

Արջուկը վախենում էր:

Անձրևներ էին իջնում՝ ապակիներ լվանալով, բայց ոչ ոք չէր մոտենում պատուհաններին, իսկ Աննան արդեն դպրոցական էր և կարդում էր օրն ի բուն, և արտասանում էր տարօրինակ բանաստեղծություններ, որոնք հուշեր էին քամում Գլաֆիրա մեծ մոր աչքերից:

Իսկ կինը լռում էր:

Այն օրվանից ի վեր, երբ տան տղամարդը ճտքակոշիկներ հագավ՝ ճանապարհ գնալուց առաջ մի քանի քաղցր բառ շռայլելով, կինն այլևս դուրս չէր գալիս խիստ անհրաժեշտ բառերի սենյակներից ու ծխում էր՝ թողնելով տխրության քուլաներ, որոնք կախված մնում էին կնոջ մահճակալի վրա՝ գիշերն ի լույս:

Եվ օրեր անցան, և գարունն այլևս զառամյալ ու խեղճ էր, և փոստատարը նամակ բերեց ու հանձնեց նամակը՝ հայացքը փախցնելով, իսկ կինը չկարողացավ թափանցել նրա աչքերի մեջ: Բայց հետո ինչ-որ բան կատարվեց, և Արջուկն ընկավ պատուհանագոգից, և հիմա լսում էր, թե պատուհանն ինչպես էին բացում, իսկ Գլաֆիրա մեծ մայրն ու Աննան կախվել էին կնոջ փեշերից՝ նրա գլխապտույտ անկումն արգելելով:
Ապա ճիչեր հառնեցին բակից՝ հետզհետե քարանալով, իսկ հետո լռությունն էր հանդիսավոր, և ինչ-որ մեկը ստվեր հիշեցնող սավան էր տանում՝ մոխիրների մեջ ինքնամփոփ կնոջ մարմինը ծածկելու համար:

Տունը մարդկանցով լցվեց: Սա եղավ երկու օր անց, երբ փայտե գունաթափ սեղանը ծածկել էին մանուշակագույն սփռոցով, իսկ սփռոցի վրա դրել էին ուղղանկյունաձև մի արկղ, որ իսկապես գեղեցիկ էր: Արջուկը չէր տեսնում, թե ինչ կար արկղի մեջ: Բայց երեք տարեկան մի մանչուկ գտավ նրան, և Աննան տղեկին նվիրեց իր խաղալիքը, որ ապահով էր երեխայի գրկում և հեռանալիս հիշում էր իր մանկությունն ու իր մանկության պայծառ օրերն այս տան մեջ:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031