Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին իր ցուցակով, վարչապետի թեկնածուով և ծրագրով». Տիգրան Ուրիխանյան

Հունվար 30,2021 15:16

«Ալյանսը մասնակցելու է ընտրություններին, եթե ժողովուրդը որոշեց, որ ընտրություններ պիտի լինեն: Ընտրություններին «Ալյանսը» գնալու է իր սեփական ցուցակով և վարչապետի թեկնածուով և մեր ծրագրով»,- ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում հրավիրված ընդդիմադիր «Ալյանս» կուսակցության ընդլայնված համաժողովին հայտարարեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Նա տեղեկացրեց, որ այս համաժողովին կհաջորդի հանրահավաք, որի ժամանակ իրենք ժողովրդին կհարցնեն՝ արդյոք ժողովուրդն ուզո՞ւմ է, որ իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով: Նա փաստեց՝ իշխանություն փոխելու երկու տարբերակ կա՝ կամ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, հեղեղի այն գաղափարներով, ֆիզիկապես, կամ էլ ընտրություններով:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին և այն դիսկուրսին, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, նա ասաց. «Տարիներ շարունակ անարդյունավետ վատ կառավարում է տեղի ունեցել: Դրա մասին մենք բազմիցս հայտարարել ենք: Նախկին իշխանությունները կրում են պատասխանատվություն, նախկինին վերադարձ չի կարող լինել, ինչպես իրենց առաջնորդներն էլ ասում են: Բայց որ գործող իշխանություններն ունեցել են երեք տարվա հնարավորություն պատասխանատվության ենթարկել ու պատժել բոլոր մեղավորներին, ներքին վիճակը շտկելու հնարավորություն, մարդկանց մոտ արդարություն առաջացնելու, ութ հարյուր հազար աղքատների բանակը կրճատելու, տրված խոստումները կատարելու և դա չեն արել, դա փաստ է: Եվ ասել, որ այս ամենի մեղավորը ժողովուրդն է, բանակը, կամավորներն էին, թե սփյուռքն է, այլ ոչ թե իշխանությունները, այս մոտեցումն իմ կողմից անընդունելի է: Այս ամենի պատասխանատուն իշխանությունը և վարչապետն է: Այդ ամենի պատասխանատվությունը նախևառաջ պետք է դրսևորվի հրաժարականով: Այս հարցը դարձել է ներքաղաքական կոնյուկտուրայի ձևավորման, երբեմն նույնիսկ քանդման, ապամոնտաժման, անհասկանալի դառնալու պատճառ՝ ընտրություններո՞վ, թե՝ ոչ»:

Տիգրան Ուրիխանյանի վստահեցմամբ՝ այս հարցի պատասխանը պետք է որոշի ժողովուրդը, և իրենք հանրահավաք են հրավիրելու հենց այս նպատակով: Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց՝ եթե ընտրությունների՝ հասարակական պահանջ եղավ, չեն սպասելու, որ իշխանությունը որոշի ընտրություն անել, թե՝ ոչ: Հենց իրենք են գեներացնելու այդ գործընթացը:

Տիգրան Ուրիխանյանը ներկայացրեց իրենց առաջարկը՝ նոր քաղաքական պլատֆորմ ստեղծելու մասին ու մանրամասնեց. «Անկախ Հայաստանի, ՌԴ-ի հետ միգուցե ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ երկրների հետ, որոնք այդ ծրագիրն ընդունում են, նոր ձևաչափով միութենական միավորում ենք ձևավորում: Ունենում ենք միացյալ սահմանային զորքեր, զորամիավորում, դա պիտի լինի թիվ մեկ, նոր ռազմաբազայի տեղակայում Գորիս, Կապան քաղաքներում, դրանից բխող ենթակետերով, հենակետերով ստորաբաժանումներ: Արդյոք հայաստանցիներն ուզո՞ւմ են, որ մեր երեխաները և եղբայրները պաշտպանեն հայրենքը, թե՞ դա անեն ռուս զինծառայողները: Թող որևէ մեկ հայաստանցի պատասխանի լա՞վ է, թե՞ վատ, որ մենք հնարավորություն ենք ունենալու գործարկել մի քանի միլիարդ դոլարների գումարների հասնող ռազմական տեխնիկան, զինամթերքը, մարդկային ռեսուրսները և այլն»:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ մենք այլընտրանք չունենք. պետք է միություն կազմենք Ռուսաստանի հետ. «Այստեղ հարց չի կարող առաջանալ՝ ձևավորե՞լ միություն ՌԴ հետ, թե՞ չձևավորել, որովհետև ուրիշ գործընկեր չունենք. չկա ուրիշ ցանկացող մեզ հետ միավորվելու: Եվ երբ հարցեր են ուղղվում դեպի Արևմուտք, ԱՄՆ, ԵՄ առանձին վերցված այլ պետություններ, ուզում եմ հիշեցնել Արցախի օմբուդսմենին, որը 44-45 օր ասում էր՝ սպանում են երեխաներին, կանանց, ծերերին, ծննդատուն են ռմբակոծում, որտե՞ղ էին նրանք, որոնք այսօր ԱՄՆ դեսպանի շուրթերով հայտարարում են, թե ՀՀ-ում ժողովրդավորությունն անգին է ու այն պիտի պաշտպանվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031