Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը․ ԿԳՄՍՆ

Հունվար 30,2021 14:21

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը:

Անվանակոչման ընթացակարգ

Ըստ ներկայացված նախագծի` պետական ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշումներն ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության։ Դասասենյակների, կաբինետների և դահլիճի անվանակոչման մասին որոշումներն էլ ձայների մեծամասնությամբ ընդունում է մանկավարժական խորհուրդը։ Անվանակոչման առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ուսումնական հաստատությունը, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Առաջարկությունը պետք է պարունակի տեղեկություններ հաստատության հասցեի, առաջարկվող և գործող անվանումների մասին, ինչպես նաև ունենա հիմնավորում: Պարտադիր է նաև համայնքի և ուսումնական հաստատության (կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների) համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել: Առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում քննարկում և ընդունում է որոշում: Անվանափոխումը մերժելու դեպքում նշվում են պատճառները: Հաստատելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անվանափոխման որոշումը տրամադրվում է ուսումնական հաստատությանը` կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու և պետական ռեգիստր ներկայացնելու նպատակով:

Ում անվամբ կարող է կոչվել ուսումնական հաստատությունը

Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել պետական, հասարակական, զինվորական նշանավոր գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի շրջանում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով: Հաստատությունը կարող է կոչվել նաև ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների անուններով, եթե դրանք նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնադրման, վերակառուցման, վերազինման և նորոգման գործում:

Դպրոցը նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:

Նոր անվանափոխում` առնվազն 20 տարի հետո

Հաստատության անվանումը կարող է փոփոխվել անվանակոչումից առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում: Բացառիկ դեպքերում անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում։

Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել թվային և անվանական կարգով:

Ուսումնական հաստատությունների թվային անվանակոչման դեպքում ուսումնական հաստատության թվային անվանմանը պետք է նախորդի համայնքի կամ բնակավայրի անունը (օրինակ՝ Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց կամ Երևանի թիվ 186 հիմնական դպրոց)։

Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները՝ իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն կարող թարգմանվել:

Անվանում տալու դեպքերը

Հաստատությանն անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են.

նոր կառուցվող կամ հիմնադրվող, անանուն և միայն թվային անվանում կրող ուսումնական հաստատություններին,
ուսումնական հաստատությունների անվանումները կանոնավորելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ առկա է ուսումնական հաստատության անվանումը փոխելու որոշում:
Նշենք, որ իրավական նոր կարգավորման նպատակն է անվանակոչությանը և անվանափոխությանն առնչվող գործընթացները կազմակերպել արդյունավետ ու անաչառ` հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը, սահմանելով համապատասխան չափորոշիչներ և ընդհանուր սկզբունքներ։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031