Նախօրեին Արցախի ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության հարցը։
Հանձնաժողովը 4 կողմ եւ 2 դեմ ձայներով հաստատել է Արայիկ Հարությունյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը, Հարությունյանի «Ազատ հայրենիքի» պատգամավորներին միացել է Սամվել Բաբայանի կուսակիցը։ Մրցակից «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի օգտին գրանցվել է 2 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ։ Մենք օրերս անդրադարձել էինք այս թեմային՝ գրելով, որ ԱՀ նախագահը ցանկանում է ֆինանսների նախկին նախարար Վահրամ Բաղդասարյանին Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձնել, այսինքն՝ բյուջեն կազմած պաշտոնյային ուղարկում է բյուջեի ծախսման արդյունավետությունը վերահսկելու։
Այն պարագայում, երբ Բաղդասարյանը չի ծառայել բանակում, ինչն այս պաշտոնի համար, ԼՂՀ օրենսդրությամբ, պարտադիր է։ Դավիթ Գալստյանը նիստի վերջում հայտարարել է՝ կհանդիպենք դատարանում: Նա պատրաստվում է օրինախախտության վերաբերյալ հայց ներկայացնել։ Զրուցեցինք Գալստյանի հետ։
– Զարմանալի է, որ պատերազմից հետո էլ` այս իրավիճակում, իշխանությունը ոչ թե պետականաշինության հարցեր է լուծում, այլ՝ անձնական։ Հանձնաժողովի նիստի արդյունքներն էլ դրա ապացույցներից մեկն են։ Մարդիկ փորձում են աշխատանքի տեղավորել յուրային գործազուրկին։ Ֆինանսների նախկին նախարարին, ում վերջերս էր ազատել, քանի որ պետնախարարն է այդ ոլորտն այսուհետ կարգավորելու, հիմա փորձում է տեղավորել սահմանադրական կառույցում, որը կոչված է օբյեկտիվ հաշվեքննություն իրականացնել, իսկ այս պարագայում դա չի կարող լինել։ Այդուհանդերձ, իշխանությունը քաղաքական առեւտրի միջոցով անցկացրեց իր թեկնածուին։
Կարդացեք նաև
– Նկատի ունեք, որ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորի քվեարկությո՞ւնը վճռորոշ եղավ։
– Այո։ ՄՀԿ-ն, որն ուներ օբյեկտիվ հիմքեր՝ կասկածի տակ դնելու թեկնածուի ստաժը, որը չէր համապատասխանում։ Թե այն հանգամանքը, որ զինվորական ծառայության չէր մասնակցել՝ արցախյան գոյամարտին, ապրիլյան պատերազմին, նման մարդուն այսօր տանում են բարձր պաշտոնի։ Վստահ եմ, որ ՀՊ անդամի հաջորդ թեկնածուն լինելու է «Միասնական հայրենիքից», առեւտուրը հենց սրանում է, որ ոչ թե մասնագիտական ունակություններն են հաշվի առնվում, այլ՝ յուրային լինելու փաստը։
– Կապիտուլյացիայից հետո Սամվել Բաբայանը հրաժարվեց ԱԽ քարտուղարի պաշտոնից, կոշտ քննադատեց թե՛ Հարությունյանին, թե՛ Փաշինյանին, ապա հայտարարեց, թե Արցախի նախագահի հետ ստորագրած հուշագիրը չեղարկում է, հիմա նորից հուշագի՞ր են կնքել։
– Չենք կնքել, բայց ավելի հստակ քայլերով են համագործակցությունը շարունակում։ Ի դեպ, երբ նախորդ անգամ էին նույն պաշտոնի համար թեկնածու ներկայացրել, «Միասնական հայրենիքը» դեմ քվեարկեց՝ ասելով, որ չի համապատասխանում օրենսդրական պահանջներին, իրենք էլ վրդովվել էին, թե հուշագիրը չի՞ աշխատում։ Իսկ հիմա տեսնում եք, թե ինչ են անում։ Չեմ կարծում, թե նոր հուշագիր կլինի, բայց բանավոր կուլիսային պայմանավորվածությունները միշտ են եղել իրենց մոտ, համոզված եմ, որ շուտով նաեւ պաշտոնների տեսքով կդրսեւորվեն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում