Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական վերլուծաբան․ «Այս իշխանությունը նահանջի տեղ չունի»․ «Փաստ»

Հունվար 30,2021 13:18

Իշխանությունը չի ուզում հեռանալ, որովհետև շատ լավ գիտի, որ եթե այս պահին հեռանա, իր համար շատ վատ կլինի:

Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի խոսքով, այսօրվա իշխանությունները իշխանությունը չտալու համար ամեն ինչ անելու են: «Սա պարզ տրամաբանություն է. այս իշխանությունը նահանջի տեղ չունի, մինչդեռ նախկին իշխանությունները նահանջի տեղ ունեին: Իրենց, օրինակ՝ մեղադրում էին կոռուպցիայի և նման մեղքերի մեջ, որոնք ինչ-որ տեղ կարելի էր ներել, աչք փակել դրանց վրա: Ի դեպ, հիմա նախկին իշխանություններից որևէ մեկը բանտարկված չէ ինչ-որ դաժան հանցանքի համար: Բայց եթե հիմա այս իշխանությունները նահանջեն, իրենցից շատ ու շատ հարցերի պատասխան են պահանջելու՝ կապված Արցախի կորստի, ինչպես նաև զոհերի հետ: Բացի այդ, տեսնում ենք, թե ինչպիսի վարկածներ են շրջանառվում հրապարակում:

Եթե հանկարծ դրանց մեկ տոկոսն էլ ճիշտ լինի, իրենք լուրջ բարդությունների առաջ կկանգնեն: Հետևաբար, կյանքի գնով պետք է պահեն իշխանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ամենևին ժամանակ ձգելը չէ:

«Ուրիշ բան, որ իշխանությունները հույս ունենան, որ քիչ թե շատ մարդկանց դժգոհությունը մեղմելու համար կարող են շշմեցուցիչ, դրական հաջողություններ արձանագրել թե՛ տնտեսական, թե՛ արժեհամակարգային այլ հարթություններում: Այդուհանդերձ, իշխանական այս կադրերով դա այդքան էլ հավանական չէ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Վճարվելիք գինը, ըստ քաղաքական մեկնաբանի, այսպես շարունակվելու դեպքում էլ ավելի ծանր կարող է լինել. «Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը 2018 թ. դեկտեմբերին քաղաքական հիմարություն է գործել, և հիմա դրա համար պատասխան է տալիս: Սա կյանքի օրենք է, և ոչ ոք դեռ չի խուսափել դրանից:

Իսկ հիմա գնի մեծությունը կախված է այն հանգամանքից, թե ժողովուրդը երբ կվերափոխվի ու երբ ազգ կդառնա: Գոնե ինչ-որ հատվածը, որն ունակ կլինի տեր կանգնել իրականությանը: Քանի դեռ դա չկա, անկումն ու կորուստները շարունակվելու են: Այո, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, հայաստանածին չէր: Ես լավ գիտեմ մեր քաղաքական դաշտն ու այնտեղ առկա ունակությունները: 2018 թ. կիրառվող մեթոդները ներմուծովի էին, մերը չէին: Այսօրվա իշխանական թիմը չուներ դա իրականացնելու քաղաքական փորձառության մակարդակը: Պարզ է, որ ներմուծովի համակարգ էր, բայց ժողովուրդը, ամեն դեպքում, պետք է բավարար խելք ունենար հասկանալու, թե ինչ է անում: Հարցեր պետք է տար հարթակի վրա գտնվողներին. օրինակ՝ մերժեցինք, իսկ ինչպե՞ս ենք լուծելու մեր խնդիրները:

2018 թ. ապրիլին դեռ ոչինչ, ազդեցությունների տակ ընկան, հասկանալի է, իսկ հետո՞: Գոնե 2018 թ. ընտրություններին քվեարկելուց առաջ պետք էր մտածել՝ հաշվի առնելով խնդիրները»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031