Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Քլոյան․ «Նա պարզապես ժողովրդի նյարդերի հետ է խաղում, թե մասնակցելու եմ և հաղթելու եմ»․ «Ժամանակ»

Հունվար 30,2021 13:11

Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել և նշել, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և «կրելու է»: Մարտի 1-ի զոհերի հարազատները վստահ են, որ Քոչարյանն ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Քոչարյանի ակտիվացման մեղավորը, ըստ ծնողների, իշխանությունն է, որ մինչև հիմա նա ազատության մեջ է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ Քոչարյանի արած հայտարարությունները ուշադիր լսել է:

«Նրա՝ նման խոսելու համար տեսնում եմ իշխանության մեղքի բաժինը, մասնավորապես Աննա Դանիբեկյանի հետ կապված… ինչու է նա ազատության մեջ, թեև քրեական գործը կա: Երկու տարի է, ինչ մենք մասնակցում ենք դատական նիստերին, բայց տեսնում ենք միայն ու միայն միջնորդություններ: Ե՛վ Բարձրագույն դատական խորհուրդը, և՛ Վճռաբեկ դատարանը, և՛ ԱԺ-ն, և՛ իշխանությունը հետևություններ պետք է անեն և նոր օրենքներ մշակեն, որպեսզի այդքան երկար միջնորդություններ տեղի չունենան։ Երկու տարի է՝ մենք գնում-գալիս ենք, որ Ալումյանի դասախոսություննե՞րը լսենք։ Պետք է նոր օրենք մշակեն, որ այդքան հնարավորություն չլինի միջնորդություն ներկայացնելու: Արդեն երեք անգամ միջնորդություն են ներկայացրել դատախազներին ինքնաբացարկ հայտնելու համար, միջնորդություններ են ներկայացրել, որ իրավահաջորդների ներկայացուցիչները չմասնակցեն դատական նիստերին: Դատավորին ներկայացնում են, որ իրենք գնում են արձակուրդ. եթե ամեն մեկը գնա արձակուրդ, պատկերացրեք, թե ինչ կլինի»,- վրդովված նշեց Քլոյանը:

Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությանը արտահերթ ընտրություններին, ապա Քլոյանը վստահ է, որ նա 0,1 տոկոս ձայն էլ չի հավաքի: «Ոչ ոք չի մոռացել՝ նա ով է, նրան լավ ենք ճանաչում, Հոկտեմբերի 27-ով եկավ, Մարտի մեկով գնաց: Նա պարզապես ժողովրդի նյարդերի հետ է խաղում, թե մասնակցելու եմ և հաղթելու եմ: Երեք ամիս ձեր աջակիցները փողոցներում վնգստում են և չունեն աջակիցներ: Ընդամենը հազար մարդ էլ չեն կարողանում հավաքել, ինչո՞վ հաղթեն: Իսկ որ իշխանություններին դավաճան և այլ բաներ է ասում, դա խոսում է իշխանությունների թուլության մասին: Ինչո՞ւ նա պետք է այդքան ակտիվանա, այդքան երկար խոսի, եթե նա դավաճան է, խախտել է սահմանադրական կարգը, Հոկտեմբերի 27, Մարտի 1, իր ընկերոջը, որի հետ միասին սովորել էին, մի հատ «Ռոբ» ասելու համար թիկնապահները վերացրին, նա ի՞նչ իրավունք ունի խոսելու»,- հավելեց նա:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031