Վերջին օրերին ամենահաճախ տրվող հարցերն են՝ «եղե՞լ է արդյոք դավաճանություն», «ինչո՞ւ հասանք նրան, որ նման խայտառակ համաձայնագիր ստորագրվեց» և այլն։ Այս և մի շարք այլ հարցերին պատասխան ստանալուն է ուղղված Գեղամ Նազարյանի «Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը։
Դրա հայտարարության մեջ նշվում է, որ սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից՝ հարթակ, որտեղ ի մի կբերվեն հանրությանը հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու գնահատականները։ Ընդգծվում է՝ աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ զինվորների, զինվորականների, զոհված և անհետ կորած զինվորների ծնողների ու հարազատների հետ:
«Նպատակն այն է, որ դրա շուրջ համախմբվեն բոլոր նրանք, ովքեր ասելիք ունեն։ Դա դառնում է ոչ միայն փաստահավաք խումբ, այլև հարթակ, որտեղ կներկայացվեն խնդիրներ, կբարձրացվեն հարցեր, կառաջարկվեն լուծումներ։ Նախաձեռնությունը սկսել ենք սկզբնական մտադրությունից, մի քանի օր է, ինչ հայտարարել ենք դրա մեկնարկի մասին: Այն բավականին ընդգրկուն է լինելու, որովհետև արձագանքները սպասվածից ավելի շատ եղան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գեղամ Նազարյանը։
Պատերազմական գործողությունների ավարտից հետո երևի թե չկա գեթ մեկ օր, երբ չստանանք տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել մարտի դաշտում, դիվանագիտական և քաղաքական ճակատում։ Ցավալի, բայց ճշմարտացի բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին։ Այս նախաձեռնությունը, որը վերածվելու է փաստահավաք խմբի, իր ուսումնասիրությունների արդյունքում ևս առաջ է բերելու հարցեր, հնչելու են պատասխաններ։ Նազարյանն ընդգծում է՝ այս նախաձեռնության նպատակը բացահայտումներ անելն է։
Կարդացեք նաև
«Դժվար թե հասարակությունն ավելի մեծ շոկ ապրի, քան մենք ունեցանք։ Ուղղակի սա անհրաժեշտ է, որ մենք առաջ շարժվենք առկա հարցերին պատասխանելով, մեղավորներին օրենքի սահմաններում պատժելով, որովհետև առանց դրա հասարակությունը չի կարող զարգանալ։ Բոլոր լուրջ հասարակություններն այսպիսի մեծ աղետից, այսպիսի ողբերգությունից հետո ունեցել են դատավարություններ և նոր շարժվել են առաջ։ Առանց դրա հնարավոր չէ։ Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել, չենք կարող ձևացնել, թե եղել է պատահականություն, և անցնենք առաջ։ Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է անպայման տրվեն դատարանում»,-նշում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում