Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան․ Մասնագիտացված դատավորներ ունենալու այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան ուղղակի քաղաքական միջամտություն մինչդատական վերահսկողության գործերին․ «Հրապարակ»

Հունվար 30,2021 12:45

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել օրենքների նախագծերի մի փաթեթ, որով նախատեսվում է ունենալ առանձին մասնագիտացված դատավորներ, որոնք կքննեն, այսպես կոչված, կալանավորման միջնորդությունները եւ հակակոռուպցիոն բնույթի գործերը։

Նշված փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է դատական, քրեական դատավարության օրենսգրքերում եւ Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում փոփոխություններին, արտահերթ նիստով քննարկվելու է փետրվարի 3-ին։ Ինչի՞ է ուզում հասնել կառավարությունն այս փոփոխություններով։
Այս թեմայով զրուցել ենք Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։

Ի դեպ, այդ նախագծերի փաթեթով առաջարկվում է ավելացնել դատավորների թվակազմը՝ 21 դատավորով։ «Սա, իհարկե, շատ լավ նախաձեռնություն է այդ իմաստով, սակայն, երբ տեսնում ենք, թե դատավորներն ինչ ուսուցման գործընթաց են անցնելու եւ ինչ ժամանակահատվածում են դառնալու դատավոր, էստեղ արդեն, իհարկե, լուրջ խնդիր է առաջանում։ Մասնավորապես, նախատեսում են մեկ ամսվա ընթացքում պատրաստել դատավորներ, այսինքն՝ դատավոր չհանդիսացող իրավաբանը պետք է մեկ ամսվա ընթացքում այդ ուսուցման միջոցով դառնա դատավոր։ Սա է, որ մեզ լուրջ անհանգստացնում է»,- ասաց պարոն Զոհրաբյանը։

– Սա ի՞նչ ռիսկեր է պարունակում։

– Տեսեք, այսօր գործող օրենքը դատավորի թեկնածուի համար նախատեսում է 7 ամսվա ուսուցում, դրան գումարած՝ առնվազն 3 ամսվա փորձաշրջան։ Այսինքն՝ առնվազն 10 ամիս դատավորի թեկնածուն պետք է սովորի։ Ընդ որում, սովորելու այդ ընթացակարգն էսպես է՝ դասախոսություններ, սեմինարներ, ուսումնական դատախաղեր, բանավեճեր եւ այլն։ Այսինքն՝ մեկ ամսում հնարավոր չէ դատավորի թեկնածուներին այդ ծավալը հրամցնել, եւ, բնականաբար, մենք լուրջ խնդիր ենք ունենալու։ Մեզ համար ավելի լավ է ունենալ պրոֆեսիոնալ դատավորներ, քան աչքաչափով դատավորներ։

– Նախկինում դատավորներին մեղադրում էին, որ նրանք առաջնորդվում են օրվա իշխանությունների քմահաճույքներով, այսօր, երբ դատական համակարգը դրսեւորում է հնարավորինս անկախություն գործադիր իշխանությունից, հիմա էլ մեղադրում են, թե դատավորները նախկինների շահերն են սպասարկում։

– Տեսեք, մենք մի պարզ բան կարող ենք արձանագրել, որ այսօր վարչապետի տրամադրության տակ են հատուկ ծառայությունների բոլոր ռեսուրսները։ Եթե դատավորը կաշառք է վերցնում կամ նախկին կապերի ուժով փորձում է արդարադատության շահը ծռել հօգուտ նախկին չինովնիկների, ես կարծում եմ՝ իրենք հանգիստ դա կարող են բացահայտել, արձանագրել եւ այդ դատավորի նկատմամբ գործընթաց սկսել։ Եթե այդպես չէ, եթե դատավորն ինքը որոշում է, որ պետք է անկախ լինի, եւ փորձում է, ըստ էության, խնդիրը լուծել, բնական է, որ մենք՝ որպես փաստաբան, էստեղ խնդիր ենք տեսնում, եթե գործադիր մարմինը փորձում է հակառակ ուղղությամբ տանել։

– Այս փոփոխություններով կառավարությունը քաղաքակա՞ն խնդիր է լուծում, այդպես են մեկնաբանում շատերը՝ ձեւավորել յուրային դատավորների մի թիմ, որոնք կլինեն կառավարությանն «առընթեր» եւ ցանկացած պահի իրենց ուզած մարդու կալանքը կտան։

– Տեսեք, ստեղծվում է դատավորների մի թիմ, որոնք լսելու են մինչդատական վերահսկողության գործերը, այսինքն՝ կալանավորման հարցերը, ձերբակալումների դեմ բողոքները, օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ որոշումներ են կայացնելու, օրինակ՝ օպերատիվ մարմինը դիմում է, ասում է՝ ուզում ենք գաղտնալսենք այս մարդուն եւ այլն, եւ այդ որոշումները կայացնելու է այդ դատավորների խմբակը, ես այդպես եմ անվանում այդ խմբին։ Հիմա, ովքե՞ր են մտնելու այդ խմբակի մեջ, այդ մեկ ամսական դատավորները, ովքեր մեկ ամսում պետք է սովորեն, նաեւ գործող դատավորներից պետք է զտվեն՝ որոշակի իրենց չափանիշներով, եւ նույնպես այդ խմբակին միանան։

Հիմա, մենք այստեղ Բարձրագույն դատական խորհրդի կազմն էլ եթե քննարկենք, որտեղ տասը անդամից հինգը Ազգային ժողովի կողմից է նշանակված, եւ, բնականաբար, արդեն ԲԴԽ-ն է կազմակերպելու այդ քննական-ուսումնական գործընթացը, եւ այստեղ նույնպես մի շարք հարցեր են առաջանում։ Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան ուղղակի քաղաքական միջամտություն այդ տիպի գործերին։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031