Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հարցաքննության վերաբերյալ վերջինիս փաստաբանները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Վերջինս հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, սակայն ընդհանուր առմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված հարցերը կրել են մերկացնող բնույթ, որոնց, ի դեպ, տրվել են սպառիչ պատասխաններ։
Հարցաքննության ամենասկզբից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է դեռ 2020 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավիրելուց 11 ամիս առաջ։
Մեր կողմից բնականաբար գրավոր հայտարարություն արվեց այն մասին, որ այս գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ, քանի որ քրեական գործի հարուցումից միայն 11 ամիս անց պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավիրելն, այն էլ վերջինիս կողմից քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո, ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։
Կարդացեք նաև
Նախաքննության գաղտնիքով պայմանավորված չենք կարող հարցաքննությունից շատ տեղեկություններ հայտնել, ընդամենը տեղեկացնենք հասարակությանը, որ խոսքը գնում էր պ-ն Հակոբյանի կողմից 4 աշխատանքային օր իբրեւ աշխատանքի չներկայանալու մասին։ Կրկնում ենք ՝ 4 աշխատանքային օր: Տվյալ հանգամանքի կապակցությամբ նույնպես տրվել է սպառիչ պարզաբանում, ինչպես նաեւ իրավական հարթությունում հիմնավորել ենք, որ տվյալ պայմաններում որեւէ հանցագործության եւ հատկապես յուրացման եւ վատնման հանցակազմի մասին խոսք չի կարող գնալ:
Հավելենք, որ մարզպետի պաշտոնը քաղաքական է, ինչպես նաեւ ներկայացուցչական, որի աշխատանքային ժամանակը նորմատիվացված չէ, հետեւաբար նրա կողմից աշխատանքի վայրում ֆիզիկապես չգտնվելը չի նշանակում միեւնույն ժամանակ նրա կողմից աշխատանքային ռեժիմի մեջ չգտնվել»։
Էրիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ժիրայր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ
Վահե Հակոբյանի փաստաբաններ