Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Շուշի քաղաքի մասին իր աղմկահարույց հայտարարությունների մասին

Հունվար 30,2021 11:34

«Վերջին շրջանի հարցերից ու աղմկահարույց վերնագրերից մեկն այն է, թե իբր ես հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, թե ինչ առիթով է խոսվել այդ մասին ու մանրամասնեց. «Ես ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արել եմ հետևյալ արտահայտությունը: Մեջբերում եմ: Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ ոչ միայն հիմա, այլև ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանական փախստականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ: Այս արտահայտության պատճառով ոմանք պնդում են արել, թե ես պնդում եմ արել, թե Շուշին հայկական քաղաք չէ»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ այս մասին խոսել է, քանի որ պատգամավորներից մեկն իրեն հարցրել է. «ՌԴ նախագահը Ձեզ առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններում կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո: Այսինքն՝ «հայկական է իր այդ կարգավիճակո՞վ» արտահայտությամբ ես պատասխանել եմ պատգամավորի՝ «Շուշին՝ մնալով մեր վերահսկողության ներքո պատերազմը կանգնեցնելու պայմաններում» արտահայտությանը: Ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Ընդ որում, սա մի քանի անգամ արծարծված թեմա է: Եղել է պատերազմի ընթացքում խոսակցություն պատերազմը կանգնեցնելու տարբերակի մասին, երբ ադրբեջանական կողմը նաև այլոց շարքում պայման է առաջադրել Շուշի քաղաքն ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ: Ըստ էության խոսքը վերաբերել էր 1992 թվականի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու հնարավորությանը: Երբ մենք արդեն համաձայն էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները՝ համաձայն 1992 թվականի՝ Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս քվոյի: Այսինքն՝ ուղիղ առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշիում պիտի լինի 90 և ավելի տոկոս, ավելի կոնկրետ 96 տոկոս ադրբեջանցի բնակչություն: Երբ սա պարզ դարձավ, ինձ շատերը մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշիի կարգավիճակը մնա հայկական, բայց ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել: Ես էլ արձագանքել եմ այդ արձագանքներին, թե ինչպե՞ս են համարում, որ երբ լինի Շուշիում 96 տոկոս ադբեջանցի բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է հարցնում»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ինքը նկատի է ունեցել Շուշիի՝ իր այդ կարգավիճակով իրողությունը և ևս մեկ անգամ պարզաբանեց. «Խոսքը Շուշիի՝ այդ կարգավիճակով այդ ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության: Այստեղ մենք պատմական հարց չենք քննարկել, թե ով է Շուշին հիմնադրել, ովքեր են ապրել այնտեղ 20-րդ դարասկզբին, այլ քննարկել ենք մի շատ կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմի կանգնեցնելու նախապայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի 90-ականներին առկա ժողովրդագրական իրողությունների և ստատուս քվոյի համապատասխան, ինչն իմ կարծիքով՝ որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում, առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, և մենք կարող ենք ասել, որ այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո: Այս մանրամասների մեջ շատ չխորանամ, դա այլ թեմա է: Ընդամենը ցույց տվեցի լրատվական մանիպուլյացիայի կոնկրետ օրինակ: Սա է ամբողջ ճշմարտությունը: Իսկ դուք գիտե՞ք, թե այս հարցուպատասխանի հետ ում ջանքերով լրատվական դաշտում ինչ է տեղի ունեցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031