Հիշում եմ՝ կարծեմ 1967-ին էր. Մոսկվայից ուղարկել էին ներքին մի շրջաբերական, թե՞ կարգադրություն, ըստ որի պահանջվում էր քննարկել ռուսական այբուբենը՝ կիրիլիցան, բոլոր հանրապետություններում որդեգրելու հարցը:
Դա, անշուշտ, առաջին հերթին վերաբերում էր Հայաստանին ու Վրաստանին: Ընդվզել էր մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական ամբողջ էլիտան, ուսանողներս՝ նույնպես: Պետհամալսարանի 5-րդ հարկում տեղի ունեցավ Կենտկոմի ղեկավարության փակ հանդիպումը նույն էլիտայի հետ:
Կտրուկ, վճռական մերժումն էր մերոնց պատասխանը, որը, կարծում եմ, ներքուստ դժգոհ չէր թողել կենտկոմականներին. նրանցից շատերը իսկապես հայրենասեր մարդիկ էին: Արդյունքը եղավ այն, որ այդ առաջարկը ծալվեց-մի կողմ դրվեց: Մեկ էլ՝ Թբիլիսիից երախտագիտական խոսքեր եղան՝ ուղղված մերոնց:
Այս ամբողջը ասվեց ընդգծելու համար, որ Անկախ Հայաստանում չի ձեւավորվել մտավորական վերնախավ: Իշխանություն չունեցող, բայց փոխարենը մեծ ազդեցություն ու դեր ունեցող այդ խավը: Եթե ունենայինք՝ ապա կմերժվեր, օրինակ, նոր Սահմանադրությունը, որը կույր աղիք է դարձել մեր պետության համար: Եթե ունենայինք՝ կմերժվեր որեւէ ստախոս աճպարարի հանձնել իշխանությունը: Եթե ունենայինք՝ կմերժվեր միջազգային գործակալական ցանցի մուտքը խորհրդարան ու կառավարություն:
Թող ոչ ոք ինձ չառարկի, թե ունեինք Հանրային խորհուրդ, որին անդամ էին դառնում, քիչ բացառությամբ, օրվա իշխող կազմակերպությունների միջնորդութամբ, ինչպես այսօր՝ վարչապետ կոչեցյալի եւ սորոսականների արտոնությամբ: Խոսքը ազատ մտածող, ստեղծագործ, հայրենասեր, ազգասեր, պետականասեր մարդկանց մասին է:
Այս օրերին, ծանրագույն փորձություններից, ողբերգություններից ու կորուստներից հետո, թվում է՝ վերջապես ծնվել կամ վերածնվել է մտավորականների մի հանրույթ, որը ձգտում է բոլորին պարտադրել պետականության փրկության իր օրակարգը: Այդ հանրույթը ի վերջո կձեւավորի՞ մտավորական վերնախավ. հուսանք եւ ակնկալենք:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում