Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորելու ունակությունը՝ պետական գործչի որակ

Հունվար 30,2021 10:00

Վերջերս մեծ հաճույքով դիտեցի Ռուզան Խաչատրյանի «Հայտնի անհայտը» շարքի հաղորդումը, որը նվիրված էր Վլադիմիր Մովսիսյանին:

Նյութը ուսուցողական էր շատ իմաստներով. ինչով է պետության մարդը տարբերվում իր իմիջի եւ աթոռի համար դողացող քաղաքական գործչից, ինչպես է գործում հայրենասեր եւ իր հողի հանդեպ սրտացավություն ունեցող մարդը՝ ի հակակշիռ «փայլուն» ձեւակերպումներով հրապուրված դատարկախոսների, վերջապես՝ ինչպես պետք է իմանալ եւ զգալ Հայաստանն՝ ընդհուպ մինչեւ գյուղական նեղլիկ ճանապարհներն ու գյուղական կածանները:

Այդ համատեքստում հաղորդումը հիշեցնում է, թե ինչպես էր 1984 թվականին մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Մովսիսյանն անցկացնում Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ սահմանազատումը՝ չմտահոգվելով սեփական պաշտոնով կամ անգամ անվտանգությամբ:

Այս հաղորդումը դրդեց ինձ հիշել Մովսիսյանի մեկ այլ կարեւոր որակի մասին՝ սովորելու ցանկության եւ ունակության: Երկու դարաշրջանի «անցումային փուլում»՝ 1990 թվականի ապրիլից մինչեւ հոկտեմբեր ամիսները Մովսիսյանը Կենտկոմի առաջին քարտուղարն էր, եւ նրա վրա մեծ պատասխանատվություն էր դրված՝ մասնավորապես, Մոսկվայի հետ հարաբերությունների տեսանկյունից:

Հատկապես այդ ժամանակահատվածում նա գրեթե ամեն օր հավաքում էր տարբեր ոլորտների մտավորականներին ու խորհրդակցում նրանց հետ: Հայրս, որն այդ ժամանակահատվածում սերտորեն շփվել էր Մովսիսյանի հետ, հիշում էր, որ նա ժամանակ առ ժամանակ ընդհատում էր խոսակցությունն ու ասում՝ «ես սա չեմ հասկանում, խնդրում եմ ինձ բացատրել»: Իսկ հիմա պատկերացրեք, որ ներկայիս վարչապետը, նույնիսկ իր զինակիցների ամենանեղ շրջանակում, խոստովանի, որ ինքն ինչ-որ բան չի հասկանում:

Ամեն մի ժամանակաշրջան, ամեն մի հասարակություն իր առաջնորդներին է առաջ քաշում: 1990 թվականին «Ղարաբաղ» կոմիտեն եւ 2018 թվականին Փաշինյանն ու մնացած «քայլողները» իշխանության եկան «փողոցի» միջոցով: Հապա ի՞նչն է պատճառը, որ Երրորդ հանրապետության հիմնադիրներն (իրենց սխալներով հանդերձ) կարողացան սովորել, ըմբռնել պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների էությունը, եւ, մասնավորապես, Արցախի հարցը չափազանց ծանր վիճակից հասցնել համեմատաբար բարվոք մակարդակի՝ ապահովելով ռազմական հաղթանակներ, իսկ «քայլողները», հակառակը՝ համեմատաբար բարվոք վիճակից բերեցին տապալման ու պարտությունների:

Պատասխանն ինձ համար պարզ է. տարբեր է «փողոցը» եւ, համապատասխանաբար, տարբեր են նաեւ լիդերները: 1988-90 թվականների «փողոցը» առաջ է բերել կրթված լիդերներին (շնորհակալություն խորհրդային համակարգին), 2018-ի փողոցը՝ անկապ, բայց «համոզիչ» ղժղժացողներին: Թե ինչ է փոխվել 30 տարում կրթության մեջ, ինչպես նաեւ հայրենիքի եւ պետության ընկալումներում՝ դրա մասին մեկ ուրիշ անգամ:

Իսկ այստեղ բերեմ մի մասնավոր օրինակ, որը, սակայն, շատ հատկանշական է: Տգետ զանգվածին կարելի է կերակրել ցանկացած հիմարությամբ: Ասենք՝ որ բանակցությունների արդյունքում մենք կունենայինք նույն արդյունքը, որն ունեցանք պատերազմում պարտվելու հետեւանքով: Դրա մասին ավելի մանրամասն՝ Արման Գրիգորյանի երեկ հրապարակած հոդվածում: Մի խոսքով, Հայաստանը փոխելու համար պետք է փոխել «փողոցը»:

…Մահվանից մի քանի ամիս առաջ հանդիպեցի Վլադիմիր Մովսիսյանին ԳԱԱ գրադարանի շենքի մոտ, որտեղ նրա գրասենյակն էր: Ասաց. «Ֆիզիկապես լավ չեմ՝ էն մունդառ հիվանդությունից է մոտս»: Օգտվելով նրա այդ բնորոշումից, ասեմ, որ մեր հասարակության հիվանդությունն ավելի «մունդառ» է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե ՀՀՇ-ն Գյուատնտեսության նախարար նշանակեր Վ.Մովսիսյանին,մենք այլ գյուղատնտեսություն կունենայինք….

  2. Armen says:

    1988-1990 թթ.-ի «փողոցը» սովետական հասարակարգի ծնունդ էր, որը փողի մոլուցքով չէր հասցրել վարակվել: 2018թ.-ի «փողոցը» 20 տարի ապրել էր ռոբի, սերժի, դոդի, նեմեցի, լիսկայի, թոխմախի, շմայսի նմանների տիրապետության ներքո: Ահա, ձեր բնորոշմամբ, «տգետ» զանգվածի առաջացման հիմնական պատճառը: Սա չտեսնելը փողի մոլուցքով վարակման նշանն է….

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալ եմ Ձեզ եւ բոլոր մնացած ընթերցողներին՝ հետաքրքիր մեկնաբանությունների համար: Կարծում եմ, հասարակության դեգրադացիայի խորքային վերլուծությունը դեռ առջեւում է

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Եւ նորան տրուեցաւ մի բերան մեծ մեծ բաներ եւ հայհոյանք խօսող, եւ իշխանութիւն տրուեցաւ նորան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու։ (Հայտն. 13:5)

  4. Լավատես says:

    Մեր նպատակն է՝ այլասերված քոչվորներից ազատագրել մեր ու տեղի բնիկ ժողովուրդների հայրենական հողերը, բայց այլասերվածները միայն պատերազմում պարտվելով կհամաձայնեն մեր պայմաններին: Նրանք նախահարձակ եղան ու առաջին մարտի հաղթանակը տարան, բայց ոչ ճակատամարտը, էդ մենք պետք է նախահարձակ լինեինք: Բայց դե հիմա ենք հասկանում, թե տնտեսական կաշառակերից ոչ պակաս վտանգավոր է քաղաքական կաշառակերը, պարզվում է նաեւ ռազմական կաշառակերներ էլ են լինում, մենք բոլոր երեք ազգ պետություն քանդող հիվանդություններն էլ ունենք եւ միայն այդ երեք տիպի կաշառակերների դեմ արդյունավետ պայքարում է դիմադրողականություն ձեռք բերվում, երեխան միայն հիվանդանալով է ճանաչում ռեալ աշխարհը ու սովորում պայքարել ռեալ արհավիրքների դեմ: Պարզ է, երկար դարեր լինելով կայսերական ազգերի տիրապետության տակ, մենք չենք զարգացել պետականապես, քաղաքականապես, կարճ ասած՝ երեխա ենք մնացել, բայց մենք ոչնչով պակաս չենք կայսերական ազգերից, որոնք երկրագնդի վրա իրենց պայմաններն ու օրենքներն են հաստատում: Այլընտրանք չկա, կամ դու քուջուջ ես անում ու գլուխդ ես պահում այլ կայսերական ազգի լավ թե վատ օրենքի տակ, կամ էլ ինքդ ես օրենք գրում, ենթարկվում սեփական օրենքին ու դառնում կայսերական ազգ ու զինվորագրվում կայսերական ազգ բանակին: Առաջին դեպքում իսպառ վերանալու շանս ունենք, իսկ երկրորդի դեպքում՝ գոյություններս պահպանելու շանս ունենք, ընտրությունը մեր ձեռքում է:

  5. Ruben says:

    Օխլոսի վերջին հանրահավաքը. https://www.youtube.com/watch?v=v11tIWC1cmY
    Էրեւանցիներ համբերեք, թուրքի մերը ծաղիկների աշխարհում. https://www.youtube.com/watch?v=kf61Kyajr_c
    Աստված ձեր երեխեքին լույս տա. https://www.youtube.com/watch?v=Z1uDcMmNeAE

  6. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան Առավոտը Վլադիմիր Մովսիսյանի ազգանվեր այս արարքի մասին գրել է 2009-ին: Այն ժամանակ եմ կարդացել ու չեմ մոռանա: Դուք չեք կարդացե՞լ: Ահա.
    https://www.aravot.am/2009/03/14/358119/

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031