Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը մտահոգված է՝ հետեւողականորեն փորձ է արվում հանրային-քաղաքական խոսույթ ներմուծել բռնությամբ, զենքով, իբր «ապստամբությամբ», ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով քաղաքական հարցեր լուծելու թույլատրելիության թեզը։
Ըստ նրա՝ նպատակը մեկն է՝ բթացնել հանրության զգոնությունը, հանրության շրջանում ձեւավորել ընկալում, որ բռնությունը ընդունելի, բնականոն միջոց է ներքաղաքական հարցեր լուծելու համար։ Այս առումով պատգամավորը նմանություն է տեսնում Հոկտեմբերի 27-ից առաջ հնչած կոչերի միջեւ.
«Այս հանցավոր գաղափարներն արդարացնելու համար հղում է արվում պատերազմում պարտությանը։ Այնինչ պարտությունն ընդամենը պատրվակ է։ Այս ամենը մենք լսել եւ տեսել ենք 90-ականներին՝ պատերազմում հաղթանակից հետո։ Այս ամենը մենք լսել եւ տեսել ենք մեզ հաղթանակ բերած սպարապետ Վազգեն Սարգսյանի վերաբերյալ հոկտեմբերի 27-ից առաջ։ Այն նույն սպարապետի, որն ընկավ ոչ թե մարտի դաշտում թուրքի փամփուշտից, այլ սպանվեց Հայաստանի քաղաքական թիվ մեկ հարթակում՝ խորհրդարանում՝ մի խումբ հայերի ձեռքով, որոնց իրենց ընդդիմություն կոչող պսևդոքաղաքական խմբերի վարչապետի ներկայիս թեկնածուն կոչեց «մի խումբ ռոմանտիկներ»,- Վազգեն Մանուկյանին նկատի ունենալով՝ ասաց պատգամավորը։
Ջուլհակյանը հասկանում է՝ Ազգային ժողովում քաղաքական ղեկավարության «գլխատմամբ» ուղեկցված ահաբեկչությունը կարող էր ռոմանտիկ թվալ մեկին, ով նախկինում հետընտրական պայքարի շրջանակներում փորձել էր ժողովրդից ստանալ ամբոխ, գազազեցնել նրան ու առաջնորդել Ազգային ժողովի շենքը գրոհելու:
Կարդացեք նաև
Պատգամավորը հիշեցրեց, որ երբ ԱԺ-ի վրա հարձակումից հետո խուզարկել էին Մանուկյանի կուսակցության գրասենյակը, այնտեղ հայտնաբերել են հոդված, որում իշխանափոխության հասնելու քայլերից մեկը համարվել է հետեւյալը.
«Հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ կատարել մահափորձեր, պայթեցումներ այս կամ այն ուժային հիմնարկություններում՝ աննկատ մնալով: Դա բավականին դժվարին, բայց արդյունք տվող գործ կլինի՝ Թատերական հրապարակում զանգվածային հավաքներ ստեղծելու առումով»:
«Շատ բան չի փոխվել»,- հոդվածի այդ հատվածը մեջբերելուց հետո ասում է Արուսյակ Ջուլհակյանը եւ շարունակում,- «Ահաբեկչությունը ռոմանտիզմի հետ նույնականացնող սույն գործիչն իր քաղաքական ռեինկառնացիայի ձախողված փորձերի առաջին իսկ օրից խոսում է գազազած ամբոխից, հոշոտելուց եւ զարմանում, որ ժողովուրդն այդպես էլ չի վերածվում ամբոխի, չի գազազում, եւ առավել եւս՝ հոշոտում»:
Հիշեցնենք, որ օրերս Արարատում բնակիչների հետ հանդիպմանը Արցախյան 44-օրյա պատերազմը նպատակաուղված պարտության տանելու, Շուշին հանձնելու, Արցախից ազատվելու մեջ ՀՀ իշխանություններին մեղադրելուց հետո Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց. «Եթե իմ ասածների փաստերն ու մեկնաբանությունները ճիշտ են, Էդ ո՞նց ա, որ ամբողջ ժողովուրդը ոտքի չի կանգնում»: Ապա նաեւ ինքն էլ պատասխանեց. «Կկանգնեցնենք, կփոխենք, խաղաղ կանենք, չի լինի՝ զոռով կանենք»:
Պատգամավորը եւս համամիտ է՝ անարձագանք եւ անպատիժ մնացած բռնության քարոզն է պատճառը, որ այսօր արդեն ականատես ենք լինում զենքով ֆիզիկական հաշվեհարդարի կոչերի եւ սպառնալիքների, ինչի մասին երեկ արդեն խոսում էր Վահան Բադասյանը:
Իսկ ինչո՞ւ է անարձագանք եւ անպատիժ մնացել բռնության քարոզը: Որպես իշխանական պատգամավոր, Ջուլհակյանը կարծում է, որ այդտեղ դատարանների թերացումը կա:
«Իհարկե իրավապահ մարմիններն իրենց անելիքն ունեն այդ հարցում, եւ բավական գովելի է, որ գոնե Բադասյանի դեպքում նրանք արագ գործեցին: Բայց խնդիրը կա դատաիրավական համակարգում, բազմիցս խոսել ենք այդ մասին, որ չենք կարողացել հասցնել այն լուծել: Եվ դա է պատճառը, որ ականատես ենք լինում դեպքերի, երբ ոչ միայն բռնության ակնհայտ կոչերը, այլեւ մահափորձի դեպքը, որ տեղի ունեցավ ԱԺ նախագահի հետ… մենք տեսանք, թե ինչպես իրենց դրսեւորեցին դատարանները: Նաեւ հիշում եք ԲԴԽ նախագահի հայտարարությունը, որը հետագայում իհարկե ասաց, որ բոլորովին այն նկատի չուներ, ինչ բոլորը հասկացել են: Այնպես որ խնդիրը ես տեսնում եմ դատական համակարգում, եւ այն խորքային լուծում պետք է ստանա: Իսկ մինչ այդ բոլորին կոչ եմ անում վերադառնալ քաղաքական երկխոսությունների դաշտ եւ չընտրել հանցավոր ճանապարհ, չխարխլել պետության հիմքերը»,- ասաց պատգամավորը:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում