Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավելի շատ գումար մասնավոր փոխանցումների տեսքով դուրս է եկել Հայաստանից, քան մուտք գործել․ «Ազգ»

Հունվար 30,2021 09:30

Հայաստանում տնտեսական անկումը խորանում է, առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են թանկանալ, ազգային արժույթը՝ դրամը արժեզրկվում: Այդ ամենին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում:

Դրան զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որոնք փաստում են տնտեսության այս վիճակի եւ առկա տագնապների մասին:

Դրանցից մեկը Հայաստանից գումարների արտահոսքն է: Հիշեցնենք, որ օտարերկրյա ներդրումները անցած տարվա երրորդ եռամսյակում բացասական ցուցանիշ էին կազմել՝ այսինքն 12,9 մլն դոլար դուրս էր եկել Հայաստանից: Եվ ահա նաեւ Հայաստանի բնակիչների մասնավոր փոխանցումներն են դեպի արտերկիր սկսել գերակշռել արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումներին:

Հայաստանից գումարներ սկսել է հանել նաեւ բնակչությունը

Մասնավորապես, ըստ Կենտրոնական բանկի, անցած տարվա նոյեմբերին Հայաստանի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ է արձանագրվել՝ ավելի շատ գումար մասնավոր փոխանցումների տեսքով դուրս է եկել Հայաստանից՝ 167 մլն դոլար, քան մուտք գործել՝ 152 մլն դոլար: Այսինքն, արձանագրվել է բացասական զուտ ներհոսքը՝ 15 մլն դոլար: Ի՞նչ է սա նշանակում:

Սա վկայում է այն մասին, որ մարդիկ Հայաստանում ներկայի եւ ապագայի հանդեպ հավատ չունեն եւ իրենց գումարները փոխանցում են արտերկիր՝ իրենց հարազատների կամ իրենց անունով բացված բանկային հաշիվներին: Տրամաբանությունը հուշում է, որ սրան հաջորդելու է իրենց արտագաղթը երկրից, երբ սահմանները բացվեն եւ նման հնարավորություն լինի:

Զուգահեռաբար, ինչպես արդեն նշվեց, շարունակվում է դրամի արժեզրկումը: Այս գործընթացը փոքր-ինչ դանդաղել է, քանի որ Կենտրոնական բանկը շուկայում մեծ ծավալի արտարժույթ է վաճառել: Դրա հետեւանքով աղետալիորեն նվազել են մեր միջազգային պահուստները: Տարեսկզբի համեմատ մեր միջազգային պահուստները նվազել են շուրջ 400 մլն դոլարով: Այսինքն, այդ չափով արտարժույթ ԿԲ շուկա է մտցրել, որպեսզի կանխի դրամի արժեզրկումը:

Այսպես. անցած տարվա սկզբին, 2020 թ.-ի հունվարի 31-ի դրությամբ մեր միջազգային պահուստները 2 մլրդ 671 մլն դոլար էին: Որոշակի փոփոխություններով այս ցուցանիշը պահպանվում էր մինչեւ օգոստոս ամիսը: Սեպտեմբերից սկսվեցին շուկայում արտարժույթային խոշոր ներարկումները, ինչի հետեւանքով նոյեմբերի 30-ի դրությամբ մեր միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 277 մլն դոլար: Տեսնենք, թե այդ ընթացքում, սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը, ինչպես է փոխվել դրամի փոխարժեքը:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ մեկ դոլարի նկատմամբ միջին փոխարժեքը, ըստ ԿԲ-ի, կազմել է 488 դրամ, նոյեմբերի 30-ին՝ 506 դրամ: Այսինքն, չնայած 400 մլն դոլարի ներարկման եւ փոշիացման, այդ ընթացքում դրամը շարունակել է արժեզրկվել: Կարելի է ենթադրել միայն, թե դրամի ի՞նչ կտրուկ արժեզրկում կլիներ, եթե չլիներ ԿԲ-ի նման մեծածավալ միջամտությունը: Այդուհանդերձ, եթե տնտեսությունը շարունակի ներկայիս անկումը, ապա արտարժույթի ներարկումները եւ մեր միջազգային պահուստների նման տեմպերով մաշեցնելը վիճակը չի փրկի:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031