«Վահան Բադասյանը կալանավորվեց»,- այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Արայիկ Պապիկյանը մանրամասնում է. «Դատարանի եւ քննիչի ու դատախազի համոզմամբ՝ ազատության մեջ մնալու դեպքում պարոն Բադասյանը կթաքցնի քրեական գործի համար նշանակություն ունեցող նյութերը եւ ինքը կթաքնվի։
Նշյալ անձինք մտահոգ են (ռիսկ են տեսնում) նաև, որ պարոն Բադասյանը չունի մշտական բնակության վայր։
Կարդացեք նաև
Պարոնայք, Բադասյանի բնակության վայրը հողատուն նվիրել է թշնամուն»:
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանին մեղադրանք են առաջադրել եւ որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրյալի կարգավիճակում նա հրաժարվել է ցուցմունք տալ:
Բադասյանը բերման է ենթարկվել հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում իր հայտարարությունների կապակցությամբ:
Նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության խորհրդանիշի, այլ նաեւ՝ թշնամու: Հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո՛, զենքի միջոցով նաեւ… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»: