Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին հաշմանդամ ճանաչվելու, կարգ ստանալու բողոքներում կան օրենսդրական խութեր

Հունվար 30,2021 12:30

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից: Օրենսդիրը հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու ժամկետների հաշվարկման սկիզբը պայմանավորում է երկու հանգամանքով. եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում, կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է նշված երեք ամսվա ժամկետի ավարտից հետո, կենսաթոշակը նշանակվում է այդ դիմումը ներկայացնելու օրվանից:

Ինչ է կատարվում մեզանում:

Հաշմանդամության խումբ ձեռք բերելու համար աճել են քաղաքացիների դիմումները բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներում: Բացի դրանից, Վարչական դատարան դիմած մեր քաղաքացիները տեղեկացնում են, որ մինչ դատարանը, դիմել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓԳ` հաշմանդամության խումբ ստանալու համար, ինչը տարածքային հանձնաժողովի կողմից կայացրած որոշմամբ մերժվել է: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓԳ-ի հանձնաժողովի փորձաքննության որոշումները ճանաչվեն անվավեր, պարտավորեցվի հանձնաժողովին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ շնորհել հաշմանդամության խումբ:

Կան հայցվորներ, ինչպես Ա.Ս.-ի դեպքում է, իրենց հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը փորձել են իրացնել հինգ, նույնիսկ վեց տարի առաջվանից մինչ օրս` դիմելով վերափորձաքննություն կատարելու եւ հաշմանդամությունը վերահաստատելու խնդրանքով:

Իր հերթին նախարարությունը, որը որպես կանոն լինում է պատասխանող դատական գործընթացներում, վկայակոչում է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի 665-Ն որոշման հավելված N 1 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի 11-րդ կետը, համաձայն որի՝ հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված՝ անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքի հիման վրա, որի «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է:

Օրենքի 36-րդ հոդվածով սահմանված է չվճարված կենսաթոշակի գումարի վճարման պայմանները, մասնավորապես, 1-ին մասի համաձայն՝ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ՝ մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը:

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Բողոքաբեր քաղաքացիները ներկայացնում են բազմաթիվ ապացույցներ, հավաքում բազմաթիվ թղթեր, կազմում հաստափոր թղթապանակներ, մասնավորապես, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓԳ-ին ուղղված դիմումներ` հաշմանդամության խումբ ստանալու համար, որոշումը մերժելու մասին, որոշումն անփոփոխ թողնվելու մասին, դատարան ներկայացված հայցապահանջը, հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար Սոցիալական ապահովության պետական ծառայության այս կամ այն բաժնին ուղղված դիմումը, խնդրագրեր` մասնագիտական եզրակացություն տրամադրել կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու վերաբերյալ:

Ա. Ս.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնին իրավունքի խախտման օրվանից՝ 11.06.2016 թվականից մինչեւ 01.02.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուն եւ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Մ. Մելքումյան) երկու անգամ իր որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է: Վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշմամբ վերացրել է ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
Ապա Վարչական դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ եւ հրավիրվել է նախնական դատական նիստ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներգրավվել է որպես երրորդ անձ:

Ըստ երրորդ կարգի հաշմանդամի, 2003 թվականից տառապում է 1-ին տիպի շաքարային դիաբետով: Նույն թվականին ճանաչվել է 3-րդ կարգի հաշմանդամ, ապա բացակայել է Հայաստանից եւ, հետեւաբար, չի դիմել ԲՍՓՀ հաշմանդամության կարգ ստանալու համար:
Երբ վերադարձել է Հայաստան, 2016 թվականին դիմել է հաշմանդամության կարգ ստանալու համար: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓԳ-ի հանձնաժողովի որոշմամբ հաշմանդամ չի ճանաչվել: Վերադասության կարգով բողոքարկել է վիճելի որոշումը, որը, սակայն, անփոփոխ է թողնվել: ՀՀ վարչական դատարանը վերացրել է որոշումները եւ պարտավորեցրել է հանձնաժողովին հիվանդ կնոջը շնորհել հաշմանդամության 3-րդ խումբ:

Երեք դատական ատյան է անցել գործը: Հարուցվել է կատարողական վարույթ: Հաշմանդամությունը սահմանող ժամկետի վերաբերյալ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓԳ-ի հանձնաժողովի կողմից տրվել է տեղեկանք, համաձայն որի՝ նրան շնորհվել է հաշմանդամության 3-րդ խումբ, սակայն ոչ` 2016 թվականի իրավունքի խախտման օրվանից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բողոքարկվել է վճիռը, այն անմիջապես չի կատարվել, քանի որ. «Տեղեկանքի եւ քաղվածքի միջեւ առկա հակասությունների պատճառով, Ծառայության կողմից ներկայացվել է հարցում ԲՍՓՀ՝ վերոնշյալ հակասությունը պարզաբանելու նպատակով: Տեղեկանքի համաձայն՝ կատարողական թերթի հիման վրա Ա. Ս.-ին շնորհվել է հաշմանդամության երրորդ խումբ՝ 11.06.2016-01.02.2020 ժամկետով: Վճռով որեւէ անդրադարձ չի կատարվել հաշմանդամության ողջ ժամանակահատվածի համար նպաստի գումարի վճարմանը»:

Վիճարկելով կարգի հարցը, դատական ակտում անդրադարձ չի եղել հայցվորի անցած ժամանակահատվածի համար նպաստ վճարելու հարցին, ինչն առիթ է դարձել հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքի խախտման, իրավունքը չիրացնելուն:
Հաշմանդամ կինը կրկին հաշմանդամ ճանաչվելու կապակցությամբ, հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու եւ վճարելու համար ստիպված է եղել կրկին դիմել ծառայության տարածքային բաժին՝ կից ներկայացնելով մի ողջ թղթապանակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել