Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ զինվորը չի պարտվել: Դեռ մենք կհաղթենք, սենց չի մնա». արցախյան 2-րդ պատերազմի մասնակից զինվոր

Հունվար 29,2021 22:15

Դավիթ Վարդանյանը մեկ օրից կավարտի զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում: Aravot.am-ի հետ զրույցում Դավիթը ցանկացավ շնորհավորել Հայոց բանակի տոնը ու վստահեցրեց. «Դեռ մենք կհաղթենք, սենց չի մնա: Լավ կլինի»:

Դավիթը 20  տարեկան է, ծնվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում: Վերջին ամիսներին գտնվում էր «Մուրացան» զինվորական հոսպիտալում. դեմքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Մեզ հետ զրույցում պատմեց. «Ես ծառայել եմ Կապանի զորամասում: Պատերազմից առաջ գնացել էինք Ջեբրայիլ զորավարժությունների: Այդ ժամանակ էր, որ մեր դեմ պատերազմը սկսվեց: Խուճապ չի եղել, համարձակ էինք, մեր սովորածը սկսեցինք իրականում կիրառել»:

Մեր հարցին՝ հետ քաշվողներ, նահանջողներ եղա՞ն, Դավիթը պատասխանեց՝ միանշանակ ոչ:

Հարցրինք՝ իրենք, իրենց հրամանատարները տեղյա՞կ էին, որ պատերազմ է սկսվելու, Դավիթը պատասխանեց. «Մենք տեղյակ չենք եղել: Պատրաստվում էինք, որ գնանք զորավարժության, պատերազմը սկսվեց: Չէինք էլ հասկացել, թե ինչ է»: Դավիթը նշեց՝ հետո իրենց Ջեբրայիլից տարել են Ֆիզուլի, հոկտեմբերի 13-ին  այնտեղ վիրավորում է ստացել, իրեն տարել են Ստեփանակերտ, Ստեփանակետից էլ Երևան՝  «Մուրացան» հոսպիտալ:

Հետաքրքրվեցինք՝ այդ ամենը տեսնելով ի՞նչ է մտածում, ինչո՞ւ այս վիճակում հայտնվեցինք. մի մասն ասում է դավաճանությունն էր պատճառը, մյուսները, թե նոր սերնդի զենքերով էին մեր դեմ կռվում: Այս առիթով Դավիթն ասաց. «Հայ զինվորը չի պարտվել: Պարտվել են դավաճան գեներալները: Ինձ թվում է՝ ճիշտ էր, որ պատերազմը կանգնեցրին, որովհետև դրանից հետո լիքը տղերք հասան իրենց տներ»: Մեր դիտարկմանը՝ բայց կարելի էր ավելի շո՞ւտ կանգնեցնել պատերազմը, Դավիթն այսպես արձագանքեց. «Ինչ ասեմ, դա քաղաքականություն է…»:

Մեր զրուցակից զինվորն ասաց, որ իրենց գնդից շատ կորուստներ չեն ունեցել ու նշեց. «Մեր գունդը  հիմնականում լավ պատրաստված է եղել: Ես հրետանու կապավոր եմ եղել, բայց պատերազմի ժամանակ հրետանու մոտ եմ եղել»:

Դավիթին հարցրինք՝ զորացրվելուց հետո ցանկանո՞ւմ  է ուսումը շարունակել, ի՞նչ նպատակներ ունի, նա պատասխանեց. «Ցանկություն ունեի կրթությունս շարունակել, ուզում էի իրավաբանություն սովորել, բայց կախված է երկրի վիճակից: Եթե այսպես լինի, երևի թողնեմ, գնամ, եթե դուրս գան ցույց անեն, վեր կկենամ, կգնամ երկրից: Թող թողնեն խախանդ ապրենք: Դեռ թող զորացրվեմ, կորոշեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031