Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, ես պիտի երեխա լողացնե՞մ, երեխա կերակրե՞մ». ՀՀ-ում հայրիկներին այսուհետ կտրամադրվի հայրության արձակուրդ

Հունվար 29,2021 21:21

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում այսուհետ կհատկացվի նաև հայրության արձակուրդ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածը վերաբերում է նպատակային արձակուրդների տեսակներին: Օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ հոդվածում ավելացվել է նաև հայրության արձակուրդը: Օրենսգիրքը լրացվել է նաև 171.6 հոդվածով, որի համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում փոքրիկ հարցախույզ իրականացրեց՝ պարզելու ներկա և ապագա հայրիկներն ու մայրիկներն օգտակար համարո՞ւմ են այս փոփոխությունը:

Նրանց մեծամասնությունը կողմ է, որ հայրիկներին հնգօրյա արձակուրդ տրամադրվի, բայց նաև կարծում են, որ ճիշտ կլիներ՝ արձակուրդային օրերի թիվն ավելին լիներ: Մեծամասնության կարծիքով՝ այդ օրերը, որոնք հայրիկը կանցկացնի տանը՝ երեխայի և կնոջ կողքին, օգտակար կլինեն, որպեսզի հայրիկն ավելի կապվի իր ընտանիքին, երեխային և նաև զգա երեխայի խնամքի պատասխանատվությունը: Սակայն հայրիկներից որոշները կարծում են, որ դա իրենց կյանքում առանձնապես մեծ բան չի փոխի: Միջին տարիքի մի հայրիկ մեզ ասաց. «Այդ հինգ օրում ի՞նչ պիտի լինի: Մյուս կողմից էլ սենց թե նենց առաջին ամիսներին հիմնականում մոր գործերն են, ես ինչա, պիտի երեխա լողացնե՞մ, երեխա կերակրե՞մ: Լավ է, որ կարող ենք տանը մնալ, բայց դա մեծ բան չի փոխելու»:

Փորձեցինք պարզել՝ մասնագետնե՞րն ինչպես են գնահատում այս օրենսդրական փոփոխության արդյունավետությունը:

Հոգեբան Եվա Օհանյանի կարծիքով՝ այս փոփոխությունն էական նշանակություն չի ունենա: Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դրանով ուզում էին խրախուսե՞լ, որ մարդիկ ծնող դառնային, երեխաները շատանային, հայրերը ավելի շատ շահագրգռված լինեին, որ երեխա ունենային կամ ավելի շատ երեխայի հետ մնար հայրը: Ընդամենը հինգ օրը ոչ մի էական նշանակություն չի ունենա: Իսկ խրախուսելու առումով նշեմ, որ եթե մարդը ներքուստ պատրաստ է, ինքը որոշել է ծնող դառնալ, ապա այդ հինգ օրվա վճարովի արձակուրդը բացարձակ իրեն այս կամ այն կողմ չի կողմնորոշի: Դա ոչ էական, հերթական ոչինչ չնշանակող փոփոխությունն է»:

Ըստ հոգեբանի՝ դա շատ քիչ ժամանակահատված է, որովհետև ընդհանրապես ինչ-որ սովորույթ ձևավորելու համար մարդուն 21 օր է պետք: Այնպես որ՝ ըստ Եվա Օհանյանի՝ այդ փոփոխությունը ֆորմալ բնույթ է կրելու:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ, մանկաբույժ Աննա Մխիթարյանի կարծիքով՝ այս օրենսդրական փոփոխությունը միանշանակ շատ մեծ օգնություն կլինի նորածին ունեցող ընտանիքներին: Նա մանրամասնեց. «Դա կնպաստի հայրիկին լինել մայրիկի կողքին, երեխայի հետ ավելի շատ կապ ունենալ, պատասխանատվություն զգալու համար շատ ավելի ճիշտ կլիներ, եթե օրինակ 10 օր արձակուրդ հատկացվեր»:

Մեր հիշեցմանը՝ կարծիքներ կան, որ առանձնապես դա օգտակար չի լինի, որովհետև, միևնույն է, այդ առաջին ամիսներին ավելի շատ կանայք են զբաղվում երեխայի խնամքով, մանկաբույժն ասաց. «Հենց դրա համար, որ նման կարծիքներ կան, այս փոփոխությունն օգտակար կլինի, քանի որ նաև հայրը պետք է զգա պատասխանատվություն երեխայի նկատմամբ: Հատկապես հայ հասարակությունում շատ կարևոր է, որ հայրը ներգրավված լինի երեխայի խնամքի գործում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031