ՀՀ Գեղարքունիքի մարզ Մարդու իրավունքների պաշտպանի վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:
Ըստ գյուղացիների՝ դժվարություններ են առաջ գալու հատկապես գարնանից սկսած: Վտանգները նրանում են, որ տարիների սովորության պատճառով մեծ է հնարավորությունը, որ եղջերավոր կենդանիները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կողմ ու վերադարձնելու հնարավորություն չեն ունենա:
Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել: Նրանք բարձրացրել են նաև կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման հարցեր: