Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Որ հաջորդ իշխանությունը շատ շուտ է գալու, միանշանակ է»

Հունվար 29,2021 18:50

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր անդրադարձավ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին:

«Որպեսզի ժողովուրդը եւս մի քանի անգամ սառնասիրտ դատողություն անի, թե ինչպիսի իշխանության հետ գործ ունի, դրա համար պետք է վերլուծել իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները եւ արտահայտությունները՝ դրանց վրա ոչինչ չավելացնելով: Ես դրանք իմ մոտ նշել եմ: Անուններ այսօր չեմ տալու, սակայն որ պետք լինի, բոլոր ապացույցները կան:

Եվ այսպես: Իշխող խմբակցության պատգամավորներից մեկը, որին ես ավելի շատ մանդատակիր եմ համարում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասում է, որ եթե վարչապետի եւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մեջ հակասություն կար, թող գար «Իմ քայլը» խմբակցություն ու այնտեղ ներկայացներ: Հասկանո՞ւմ եք մոտեցումը: Այսինքն, արցախյան պատերազմի ճակատագիրը լուծվում է իրենց խմբակցությունում: Ես ուզում եմ իմանալ, թե Արցախի պատերազմի խնդիրները Դավիթ Տոնոյանն «Իմ քայլը» խմբակցությունում ո՞ւմ հետ էր քննարկելու: Այսպիսի անլուրջ վերաբերմունք այս պատասխանատու պահերի՞ն:

Այդ նույն անձը Նիկոլ Փաշինյանի մասին ասում է. «Չլինելով ռազմական խոշորագույն մասնագետ… »: Այսինքն, անգամ բանակ չգնացած Փաշինյանը ռազմական մասնագետ է, բայց ոչ խոշորագո՞ւյն: Մեկ ուրիշ անգամ նա ասում է, խնդրում եմ՝ ուշադիր լսեք, մեջբերում եմ. «Վարչապետն իմ ճանաչած, լսած, կարդացած այն մարդկանցից մեկն է, որ ոչ մեկի հետ չի ունեցել այնպիսի զրույց, որ որեւէ մեկը այդ զրույցը վաղը օգտագործի իր դեմ»: Այսինքն, նա միակ մարդն է, որի դեմ ոչ ոք չի կարող դնել այնպիսի բան, որ ինքն ասել է ու չի՞ արել, չի՞ խաբել: Կամ ասում է. «Չե՞ն ուզում պատգամավորները կամ վարչապետը աշխատեն, թող դիմեն դատարան»: Պատկերացնո՞ւմ եք այսպիսի բան: Պատգամավոր լինելով՝ չգիտի, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար չեն դիմում ընդհանուր իրավասության դատարան:

Քայլածներից մեկն Ալիեւին նկատի ունենալով եւ խոսելով մեր ռազմագերիների մասին, ասում է. «Էս մարդը պատանդ է պահել: Բայց դե, կինոների մեջ տեսել եք: Մեկ է, մի օր պատանդներին վերադարձնում են»: Պատգամավորը ռազմագերուն պատանդից չի տարբերում: Մարդ սրան ի՞նչ կարող է ասել, որ սիրտը հանգստանա: Իսկ լրագրողի մեկ այլ հարցի, թե հիմա մեր գերխնդիրը որն է, պատասխանում է՝ «Արտահերթ ընտրությունները»: Ամոթ:

Հիմա երեկվա միջադեպերի մասին: Նիկոլ Փաշինյան, մինչեւ իշխանության գալն ասում էիր կառավարության դռները բոլորի համար բաց են, ժողովուրդը կարող է գալ ու դռները ոտքով բացել: Երեկ ժողովուրդը եկել էր՝ խաղաղ, առանց զենքի, ուզում էր շենք մտնել, որովհետեւ քեզ ուրիշ տեղ այլեւս չեն կարողանում տեսնել: Ուզում էին քեզանից բացատրություն ստանալ այս իրավիճակի վերաբերյալ: Ինչի՞ էիր 10 շարք ոստիկան կանգնեցրել: Հիմա տեսնենք, թե ինչ քրեական գործեր են հարուցվել: ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի ձերբակալման, կալանավորելու եւ, ընդհանրապես, ապօրինի քրեական գործ հարուցելու համար: Դրանց հետեւից հաջորդ իշխանությունը գնալու է: Իսկ որ հաջորդ իշխանությունը շատ շուտ է գալու, միանշանակ է»,- հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031