Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա բացառիկ արտիստ էր, ազգային հպարտության և արժանապատվության մեծ դեսպան». Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցել Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Հունվար 29,2021 18:20

Այսօր՝ հունվարի 29-ին, լրացավ հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը:

Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անվանի արվեստագետի  հիշատակին:

Վահրամ Դումանյանը մաեստրոյի ընտանիքի անդամների, գերատեսչության աշխատակիցների, գրիգորյանական արվեստի երկրպագուների, գործընկերների հետ ծաղիկներ է խոնարհել Գեղամ Գրիգորյանի հուշաքարին:

Նախարարը զրուցել է երգչի կնոջ և որդու հետ, անդրադարձել են արվեստագետի կյանքին ու գործունեությանը:

«Մենք շատ հաճախ մեծություններ ենք ընդունում և հռչակում այն մարդկանց, ովքեր ճանաչված և արժեքավոր են մեզ՝ հայերիս համար, սակայն Գեղամ Գրիգորյանն իսկապես համաեվրոպական իմաստով աստղ է: Նա հանդես է եկել աշխարհի առաջատար բեմերում և իր հայկական ազգանունով  համաեվրոպական արժեքներ տարածել: Նա բացառիկ արտիստ էր, ազգային հպարտության և արժանապատվության մեծ դեսպան, ում մեծությունը չափվում է օպերային արվեստի միջազգային շրջանակներով: Եվ այսօր մենք մեծ ցավ ենք ապրում, որ այդքան կենսուրախ, կենսախինդ, ընկերասեր անձնավորությունը մեզնից հեռացավ  անժամանակ»,- խոսելով արվեստագետի մասին՝ նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ Գեղամ Գրիգորյան մեծ աստղի առկայծումների շարունակողները նրա ժառանգներն են՝ իրենց կյանքով և գործով:

Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի բազմաթիվ խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Մաեստրոն օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները: Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում:

Նա երկիր մոլորակն ավելի լավը դարձնելու իր դեղատոմսն ուներ. «Պետք է մարդկանց կապել թատրոնին, արվեստին: Դասական երաժշտություն սիրող մարդը ծառ չի կտրի, օպերա լսող մարդը չի սպանի, չի թալանի»:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն ամբողջ տարվա ընթացքում կնշանավորի մեծանուն արտիստի հոբելյանը: Հոբելյանական հանդիսությունների մեկնարկը կտրվի հունվարի 31-ին Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացմամբ՝  Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:

 ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031