Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաներս հոր կարոտը նկարներից են առնում՝ նկարները համբուրելով». Հերոսի կին

Հունվար 29,2021 18:02

Տիգրանուհի Հովհաննիսյանը ամուսնու՝ Արթուր Կարապետյանի մասին չի ցանկանում անցյալ ժամանակով խոսել: Արթուրը մեկն է այն հայորդիներից, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացավ հայրենիքը պաշտպանելիս՝ թողնելով 2 տարեկան դստերը, 4 տարեկան որդուն եւ սիրասուն կնոջը:

Ամուսնու մասին խոսելիս Տիգրանուհին հուզվում է: Արթուրը ծնվել էր 1990-ին՝ Աշոցքում, դպրոցն ավարտելուց հետո ծառայել բանակում, այնուհետեւ դարձել պայմանագրային զինծառայող: Նշում է, որ իր աշխատանքը շատ էր սիրում, հնարավորություն ունեին Հայաստանից գնալու եւ դրսում ապրելու, սակայն Արթուրը դեմ էր:

«Անցյալ տարի, չգիտեմ ինչու ,մի բան կանխազգալով անընդհատ ասում էի՝ արի գնանք Հայաստանից, թեեւ հարմարվել էի այս վիճակին, որ ինքը 15 օր տանն է, 15 օր դրսում: Ասում էի՝ դուրս արի աշխատանքից, ասում էր՝ ես իմ աշխատանքը , իմ համազգեստը, իմ տունը, իմ ընկերներին սիրում եմ, ոչ մի տեղ չեմ գնա: Նույնիսկ այլ աշխատանքի անցնելու առաջարկներ ուներ, որոնք մերժում էր:

Մարտական ընկերներն ասում են, որ Արթուրը մարտի դաշտում է հերոս եղել, նրան Մոնթե են կոչել, ինքն է «դուխ» տվել զինվորներին, շատ լավ հրաձիգ է եղել: Հիմնականում առաջին օրը, որ զենքի կռիվ էր, առաջին թուրքերին հենց ինքն է սպանել: Տղաները պատմում են, որ սկզբում ուրախացել է, որ թշնամիների է սպանել, բայց հետո տխրել է, ասել է՝ էդ մարդիկ էլ մայր ունեն, բայց գիտակցում էր, որ այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ պատերազմ է, եւ եթե ինքը չսպաներ, իր կյանքն էին խլելու: Ինքը շատ խղճով մարդ էր, ծնողների արժանի զավակ, հոր համար թիկունք»,-պատմում հերոսի կինը:

Տիգրանուհին նշում է, որ հենց սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվել է, Արթուրը հավաքել է իրերը ու մեկնել առաջնագիծ. «Ասաց՝ եկեք հաջող անեմ, մեկ էլ տեսար՝ էլ հետ չեկա: Ես վատ կանխազգացում ունեի, բայց ցույց չտվեցի: Մի կերպ ինձ հավաքեցի, ասացի՝ ամեն ինչ լավ կլինի, դու հաստատ կվերադառնաս, ու այդպես ճանապարհեցինք իրեն: Բայց էդ հրաժեշտը տարբերվում էր նախորդ հրաժեշտներից…Երբ մեքենան գնաց, երկար նայեցի հետեւից, մինչեւ կորավ տեսադաշտից…Գնալուց առաջ ասաց՝ բոլորիդ սիրում եմ, միշտ հպարտ եղեք, եթե չգամ, տղայիս կասես իր հայրն ով է, անպայման կպատմես իմ մասին: Ասացի՝ այդպես մի ասա: Ասում էր՝ գիտեմ ուր եմ գնում, մեկ էլ տեսար չհասցնեմ այս խոսքերն ասել»:

Տիգրանուհին Արթուրի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ի առավոտյան. «Այդ օրը զանգահարեց, ասաց՝ շատ աղոթեք: Ինչ պատերազմը սկսել էր, իմ աղջիկը նոր էր սկսել խոսել, իմ աղջկա՝ Սոնայիս առաջին բառերը «Հայր մերն» էր: Որ զանգում էր, ասում էի՝ Սամսոնն ու Սոնան աղոթում են քեզ համար: Աղջկաս «կուկլիկ» էր ասում, առանձնակի սիրով էր սիրում, թեեւ մեր տղան՝ Սամսոնը մեր հպարտություն էր: Ասաց՝ «կուկլիկիս» հետ կգնաք եկեղեցի՝ կաղոթեք: Շտապեցինք եկեղեցի, աղոթեցինք, եկանք տուն: Դեպքը կատարվել է նույն օրը ժամը 3-ի կողմերը: Մենք տեղեկացանք, որ մեքենան պայթել է դիրքից դիրք տեղափոխվելու ժամանակ, 21 հոգի են եղել մեքենայի մեջ, 21 հոգուց զոհվել է 18-ը: 10 օր մենք հույսով սպասեցինք, որ գուցե ինքն այդ մեքենայի մեջ չի եղել, չէինք ուզում հավատալ, մեզ խաբելով սպասում էինք…»:

Հերոսի կինն ասում է՝ շատ երազանքներ ունեին, որոնք փշրվեցին պատերազմի պատճառով, օրինակ, երազում էին տուն գնել, երեխաներին կնքել, բայց երազանքներն անկատար մնացին:

 

Տիգրանուհին ասում է, որ երեխաները շատ են կարոտում հորը. «Տղաս հասկանում է, բայց չի գիտակցում, երբ փողոց ենք դուրս գալիս, զինվորական համազգեստ է տեսնում, հորն է փնտրում: Ամանորին ամուսնուս ընկերները եկել էին մեր տուն, զինվորական համազգեստով էին: Տղաս ասաց՝ մամ, իսկ ինչու պապան չեկավ, բայց պապայի ընկերներն եկան…Երեխաներս սպասում են, հոր կարոտը նկարներից են առնում՝ նկարները համբուրելով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031