Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ բան է, եթե Ադրբեջանի հյուսիսից երկաթգիծը մտնի ՀՀ, կառուցվի փոքր հատված՝ Ֆիոլետեվո-Վանաձոր»․ տնտեսագետ

Հունվար 29,2021 17:53

«Չեմ կիսում պաշտոնյաների լավատեսությունը։ Եթե թղթի վրա նայենք ՀՀ-Իրան առեւտրատնտեսական հարաբերությունների պատմությանը, մոտ հինգ հազար հայ իրանական գրանցված ընկերություններ կան, բայց առեւտրաշրջանառության ծավալները շատ համեստ են»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի հարցով եռակողմ հայտարարությունից բխող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավորություններին եւ Իրանի հետ տնտեսական կապերի հնարավոր ակտիվացմանը՝ ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Որոշակիություն, թերեւս չկա, ավելի շատ հարցականներ կան, իսկ համատեքստում ռիսկեր են երեւում, հատկապես, եթե խոսքը հարավային միջանցքի գործարկման եւ երկաթուղային կապի շահագործման մասին է»,-համոզմունք հայտնեց նա։

Ատոմ Մարգարյանի խոսքով․ «Այլ բան է, եթե Ադրբեջանի հյուսիսից երկաթգիծը մտնի ՀՀ, կառուցվի փոքր հատված՝ Ֆիոլետեվո-Վանաձոր, եւ կենտրոնական հատվածով՝ Երեւանով, Նախիջեւանի հետ կապ հաստատվի։ Դա մեզ շահավետ կլինի տնտեսական, քաղաքական, անվտանգային առումներով։ Բայց որքան հասկանում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան այլ պլաններ ունեն եւ հայտարարում են, որ երկաթուղին Կարսից անցնելու է դեպի Նախիջեւան, հետո Բաքու։ Դա ֆանտազիայի ժանրից է՝ հաշվի առնելով խնդիրներն ու խոչընդոտները։ ՀՀ տարածքում Մեղրիով երկաթգիծ գոյություն չունի՝ 45 կմ հատված։ Շատ մեծ ներդրումներ եւ ժամկետներ կպահանջվեն, որպեսզի հնարավոր լինի այդ ամենը կառուցել»,-համոզմունք հայտնեց Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ պետք չէ ոգեւորվել, որ Մեղրիի միջանցքով եւ Նախիջեւանի վրայով հնարավոր կլինի բեռներ փոխադրել Ռուսաստան․ «Որոշակիորեն հնարավոր է օգտվել դեպի Իրան Նախիջեւանի վրայով երկաթգծից, բայց հիմա մենք չունենք այնպիսի շրջանառություն, որը կարդարացներ իրեն։ Ուստի ժամանակին է պետք մտածել արդյունաբերական այնպիսի նախագծերի մասին, որոնք լուրջ շրջանառություն կձեւավորեին՝ սկզբում ավտոմոբիլային, հետագայում՝ երկաթուղային կապի շահագործման պարագայում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031