«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահի բաց նամակ-կոչը
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
ՀՀ արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Վահան Քերոբյանին
Կարդացեք նաև
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար պարոն Սուրեն Թովմասյանին
ՀՀ վարչական դատարանին
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին
Մերօրյա իրականությունում առկախված են բազմաթիվ մարտահրավերներ, որոնց փորձում ենք դիմակայել և հաղթահարել: Մարտահրավերները մեկնարկել են դեռևս 2020 թվականից՝ կորոնավիրուսային համավարակ, պատերազմ, մարդկային և տարածքային կորուստներ, տնտեսական և սոցիալական խնդիրներ:
Խնդիրները շարունակվում են. ունենք սոցիալական և տնտեսական մարտահրավերներ, ներդրումային միջավայրի գրավչության բացասական տենդենց, անկայուն միջավայր ներդրումների համար:
Բոլորս հասկանում ենք, որ կառուցապատումը և քաղաքաշինությունն առհասարակ հանդիսանում են երկրի տնտեսության լոկոմոտիվ ճյուղ: Առկա հետպատերազմյան ծանր տնտեսական, սոցիալական խնդիրների պայմաններում անհրաժեշտ է խթանել ներդրումները և ապահովել նպաստավոր պայմաններ ներդրումների գրավչության համար, իսկ արդեն իսկ կատարված ներդրումների մասով՝ ապահովել պայմաններ՝ ներդրողների կողմից տնտեսական ակտիվություն իրացնելու համար:
Վստահ ենք, որ պետական ինստիտուտները ևս ցանկանում են նպաստել ներդրումների գրավչությանը, երկրում տնտեսական ակտիվությանը: Սակայն, պետք է արձանագրել, որ ոչ միշտ է, որ նշված ցանկությունը իրացվում է պետական ինստիտուտների կողմից, դեռ ավելին, երբեմն ցուցաբերվում է հակառակ վարքագիծ՝ ներդրումային քաղաքաշինական ծրագրերը խեղդելու, անհարկի խոչընդոտներ ստեղծելու փորձերի տեսքով:
2020 թվականի ընթացքում մեր նախաձեռնությամբ մեկնարկվեց, ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատու գերատեսչությունների կողմից մշակվեց, լրամշակվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվեց, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվեց և մտավ ուժի մեջ:
Կառուցապատողների համար նշված փոփոխությունը կենսական նշանակություն ուներ. այլևս պաշտպանված էին քողարկված շանտաժներից, անհիմն հայցերից, քանի որ վարչական ակտի (շինարարության թույլտվության) հասցեատեր չհանդիսացող անձի կողմից շինարարության թույլտվության վիճարկման հայցերով շինարարության թույլտվությունն օրենքի ուժով չի կասեցվում: Միաժամանակ, վարչական ակտի (շինարարության թույլտվության) հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման վերաբերյալ համապատասխան միջնորդության առկայության դեպքում դատարանը քննում և կայացնում է այն բավարարելու կամ մերժելու մասին որոշում: Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
Նշված օրենսդրական փոփոխությունը, ի թիվս այլնի, նպատակ ուներ կանխելու անհիմն վարչական հայցերի դեպքում շինարարության թույլտվությունների կատարման կասեցման արատավոր պրակտիկան։
Սակայն, ունենք կառուցապատողներ, որոնք կրկին հայտնվել են ծանր դրության մեջ՝ դատարան ներկայացված շինարարության թույլտվության կասեցման միջնորդության բավարարմամբ պայմանավորված: Կոնկրետ դեպքում հիմք է ընդունվել գնահատող կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունը՝ շինարարությամբ պայմանավորված՝ հայցվորի գույքի շուկայական արժեքի նվազման՝ մտացածին ու ենթադրյալ հաշվարկներով:
Սույն դեպքում գործ ունենք կոնկրետ կառուցապատողի խնդրի հետ, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս առերևույթ ոչ իրական վնասներ կրելու պատրվակով դատարան ներկայացվող եզրակացությունների հիման վրա դատարանների կողմից շինարարության թույլտվության կասեցման միջնորդությունների բավարարման արատավոր պրակտիկայի մեկնարկ:
Բոլորին է հայտնի, որ բազմաբնակարան շենքերի կառուցման արդյունքում հարակից տարածքը բարեկարգվում է, կառուցվում են նոր ենթակառուցվածքներ, ճանապարհներ, ժամանցի և հասարակական նշանակության օբյեկտներ և տարածքի նման զարգացումը որևէ կերպ չի կարող հանգեցնել հարակից տարածքում գտնվող որևէ անշարժ գույքի շուկայական արժեքի նվազեցմանը, դեռ հակառակը, կառուցապատումը նպաստում է հարակից տարածքում հողամասի, անշարժ գույքի արժեքի շարունակական ավելացմանը:
Նման պրակտիկայի արմատավորման դեպքում բոլոր կառուցապատողները գտնվելու են ռիսկային խմբում, իսկ ներդրումային գրավչությունը կրելու է շարունակական բացասական տենդենց:
Հաշվի առնելով երկրում առկա ծանր տնտեսական և սոցիալական իրավիճակը, ներդրումների համար գրավիչ, նպաստավոր պայմաններ ստեղծելու կարևորությունը, աշխատատեղերի ապահովման և արտագաղթին խոչընդոտելու խնդիրները՝
Կոչ ենք անում.
1.Շինարարության թույլտվության հասցեատեր չհանդիսացող անձանց կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված՝ շինարարության թույլտվության կասեցման միջնորդությունները քննելիս՝ չառաջնորդվել ներկայացված մտացածին մասնագիտական և/կամ փորձագիտական եզրակացություններով, իսկ նման միջնորդություն քննելիս մշտապես հիշել, որ կառուցապատումը և քաղաքաշինությունն առհասարակ հանդիսանում են երկրի տնտեսության լոկոմոտիվ ճյուղ:
2.Մասնագիտական և/կամ փորձագիտական եզրակացություն ներկայացնող կազմակերպություններին և անհատներին՝ վերանայել մոտեցումները և բացառել կամայական ու ենթադրյալ դիրքորոշումների ու կարծիքների հրապարակումը՝ որպես մասնագիտական և/կամ փորձագիտական եզրակացություն:
3.Չխոչընդոտել ներդրումներին, խրախուսել ներդրումային գրավչությունը:
Գուրգեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»ՀԿ նախագահ