Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ 2021 թվականը կլինի Հայաստանի տնտեսական հավակնությունների վերականգնման տարի, բայց հաշվի առնելով պաշտոնական վիճակագրությունը, ես 2021 թվականը կորակեմ տարի, երբ լիովին կգիտակցենք, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է հայտնվել Հայաստանը: Այս մասին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
«Ի սկզբանե, 2020 թ.-ին կանխատեսվում էր 4.8% տնտեսական աճ, բայց վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ մենք կունենանք շուրջ 8.5% անկում (ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման անկում ևս): Իհարկե, կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմը Արցախում շատ մեծ հարված հասցրին երկրի տնտեսությանը, բայց իշխանությունները չկարողացան մշակել ճիշտ և հակաճգնաժամային քաղաքականություն, որի արդյունքում 2021-ին մարդիկ նույնպես կշարունակեն զգալ այդ բացասական հետևանքները: Ցավոք, ոչ միայն այսօր կառավարությունը չի տալիս պատասխաններ, թե ինչպես է լուծում այդ խնդիրները, այնպես էլ չի ներկայացնում հասարակությանը, թե ի՞նչ է անելու հետագայում», – ասաց նա:
Ըստ Ղուկասյանի, միևնույն ժամանակ հայտնի է, որ Հայաստանը պատրաստվում է այս տարի պետական պարտքը հասցնել 8 միլիարդ դոլարի (Արժույթի միջազգային հիմնադրամից 400 միլիոն դոլար ենք վերցնելու):
«Նույն Փաշինյանը հայտարարեց, որ բանակը կարող է զարգանալ միայն զարգացած տնտեսության պարագայում, բայց ակնհայտ է, որ տնտեսության զարգացումը չի կարող իմիտացիոն լինել, ինչպես դա եղել է վերջին 2.5 տարվա ընթացքում: Պետք է ներկայացվեն հատուկ ծրագրեր ու կոնկրետ քայլեր»,- շեշտեց Ղուկասյանն ու ավելացրեց, որ դեռ պետք է հստակ պատկերացում կազմենք անցած տարվա ընթացքում Հայաստանի կրած կորուստների բոլոր մասշտաբները:
Կարդացեք նաև
Փորձագետը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունը կարող է մեծ դեր ունենալ ՀՀ տնտեսության վերականգնման գործում, բայց ամեն դեպքում, տնտեսության վերականգնումն անհնար է առանց հատուկ գործիքակազմի ու մեթոդաբանության, որոնք պետք է հստակ ձևակերպվեն ՀՀ կառավարության կողմից:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման օրակարգին, Ղուկասյանը հորդորեց մեր երկրի փորձագիտական համայնքին վերլուծել ու ներկայացնել, թե ինչ ռիսկեր կարող է կրել այս գործընթացն իր մեջ, ինչպես կարող է Հայաստանը նվազագույնի հասցնել այդ ռիսկերը և ինչպես հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ հնարավորությունը մեր զարգացման համար. «Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները պետք է ունենան մեր քաղաքացիները: Կառավարությունը պետք է ազնվորեն ներկայացնի իրավիճակի իր տեսլականը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծումները, քանի որ այնպես, ինչպես եղել է անցած 2.5 տարում, այլևս չի կարող լինել», – ամփոփեց նա:
Իր հերթին, մոսկովյան ստուդիայի հյուրը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Արտեմ Պիլինը նշեց, որ համաձայն է, որ Հայաստանը դեռ պետք է գնահատի կորուստների մասշտաբները և միայն դրանից հետո ճշգրտի հստակ տնտեսական քաղաքականությունը: Բայց ակնհայտ է, ասաց նա, որ 1-3% տնտեսական աճը, որը ԱՄՀ-ն կանխատեսել էր Հայաստանի համար, չի կարելի անվանել լիարժեք վերականգնում:
Ըստ նրա ՝ լավագույն դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է հասնել 2019 թվականի 4-րդ եռամսյակի մակարդակին, այսինքն` նախաճգնաժամային իրավիճակին ոչ շուտ, քան 2022 թվականին: Եվ սա այն դեպքում, եթե իրավիճակը չվատթարանա:
«Հետևաբար, մենք պետք է մտածենք, թե ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար, այդ թվում` տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ պայմանավորված: Սա շատ կարևոր թեմա է, քանի որ երկար տարիներ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը ստանում է հնարավորություն ցամաքային սահման ունենալ Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով: Ստեղծվում է աշխատանքային խումբ, և Հայաստանը պետք է շահագրգռված լինի իր արտադրանքը ռուսական շուկա տեղափոխելու լրացուցիչ հնարավորություն ստանալու հարցում, քանի որ Ռուսաստան ներկայիս արտահանման հնարավորություններն այլևս չեն բավարարում հայկական արտադրանքի ավելացված ծավալների պատճառով», – նշեց ռուս փորձագետը:
Հանուն սոցիալական արդարության