Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքը 30 տարի պատրաստվել էր այս պատերազմին, իսկ մենք քնած էինք էդ տարիներին ու դղյակներ էինք սարքում, հենց դրա համար ենք պարտվել». Ջրականի հրաձգարանի պետ

Հունվար 29,2021 17:41

Ծնունդով Երևանից, բայց արդեն 10 տարի Արցախի Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում ծառայող Անդրանիկ Օհանյանը երկրորդ պատերազմին է մասնակցում։

Անդրանիկը կնոջ հետ իր երեք երեխաներին առաջնագծում է մեծացրել, ինչպես ինքն է ասում՝ դժողքի կենտրոնում։

Պատերազմի օրն էլ արձակուրդի մեջ գտնվող հրաձգարանի հրամանատարը հիշում է, որ երեխաներին ապահով ճանապարհելուց հետո նետվել է առաջնագիծ։

«Երեխաներիս «պիժամայով» նստեցրել եմ մեքենան, իջեցրել գյուղ, որ մեքենա գտնենք ու գնան Հայաստան, քանի որ ես պետք է վերադառնայի առաջնագիծ։ Գյուղ իջեցնելուց ամբողջ ճանապարհը ռմբակոծվում էր, իսկ գյուղ հասնելուց տանկեր դուրս եկան մեր դիմաց ու չգիտեինք՝ մե՞ր կողմից են, թե՞ թշնամին է։ Երեխեքս նորից սկսեցին վախից գոռալ: Մոտս ավտոմատ կար, ասում էի՝ մի վախեցեք: Բայց ավտոմատով տանկին ի՞նչ էի անելու։ Մինչև մոտեցանք ու հասկացանք, որ հայկական տանկեր են՝ երեխեքս կես մարդ դառան։ Երեխեքս տեսան էն, ինչ չպետք է երեխաները տեսնեն»,- պատմում է Օհանյանը։

Չնայած Անդրանիկը հպարտությամբ է հիշում, որ իր հրաձգարանը 7 անգամ լավագույն հրաձգարանն է ճանաչվել, իսկ իր զինվորները որդիներն են եղել, սակայն պատերազմում ապրածը փոխել է իրեն որպես մարդ.

«Ես իմ զինվորներին տղայիս նման եմ վերաբերվել ու էդ տղաներից ամեն մեկի համար կյանքս եմ դրել: Երևի էդ արածներիս համար է, որ մահը չորս անգամ ինձ գրկել է, բայց ես փրկվել եմ ու հիմա ընտանիքիս կողքին եմ։ Այս պատերազմը շատ փոխեց ինձ։ Ես միշտ խաղաղություն եմ սիրել ու վեճերի ժամանակ էլ միշտ հաշտություն բերողն եմ եղել, սակայն պատերազմից հետո փոքր բաներից էլ կարող եմ բարկանալ ու վիճել։ Չգիտեմ` ինչքան ժամանակ պետք կլինի, որ ես նորից հանգիստ ու կատակասեր Անդրանիկը դառնամ»։

Պատերազմի ընթացքում Անդրանիկը մի անգամ չէ, որ ռմբակոծությունից փրկվել է, իսկ սմերչի պայթյուններից մեկն էլ իրեն մի քանի մետր հեռու է շպրտել, իսկ բեկորը, որը մինչև այսօր թալիսմանի նման պահում է, կոտրել է զրահաբաճկոնը.

«Կրծքավանդակիս սալջարդից չէի կարողանում շնչել, բայց հիվանդանոց էլ չգնացինք, որովհետև ով կարողանում էր զենքը պահել՝ տեղից չէր շարժվում։ Հիվանդանոց էին տեղափոխվում միայն էն տղաները, որոնք լուրջ վիրավորում էին ստանում»։

Պատերազմի դաշտում անցկացրած օրերը դժվարությամբ է կարողանում հաշվել, ասում է՝ էլ ոչ օր էին իմանում, ոչ էլ ժամ, մենակ գիտեին, որ առավոտյան արթնացան՝ ուրեմն ողջ են։

Ռումբերի ձայնին այդքան ծանոթ Անդրանիկը վստահ է, որ այս պատերազմին հայկական ուժը պատրաստ չէր, քանի որ մեր բանակը չէր պատրաստվել նոր սերնդի պատերազմին, որին թշնամին 30 տարի անդադար պատրաստվել էր.

«Ես «սնարյադի» ձենը երեխեքիս ձենից ավելի լավ էին ճանաչում, բայց օդային ուժի դեմ չես կարող զենքով դիմակայել ու եթե որոշ վայրերում փախուստի է դիմել զինվորը, դա ոչ թե դավաճանություն է, այլ փրկվելու մարդկային որոշում, որովհետև եթե անգամ կանգնեին՝ օդային ուժի կողմից ոչնչացվելու էին։ Ես եղել եմ առաջնագծում ավտոմատը ձեռքս, բայց մենք թուրք չենք տեսել, որ կրակենք, միայն օդային ուժ է եղել։ Թուրքը 30 տարի պատրաստվել էր այս պատերազմին, իսկ մենք քնած էինք։ Մեր հարուստները քոթեջներ ու դղյակներ էինք սարքում, դրա համար ենք պարտվել։ Այդ ամեն մի քոթեջը մի անօդաչու թռչող սարք է։ Պարտվել ենք, որովհետև էդ միլիոնատերերի քոթեջների շարքը ամբողջությամբ տեսնելու համար մեքենայիդ վառելիքն էլ չի հերիքի»։

Անդրանիկը բարկությունը չի կարողանում զսպել, երբ հիշում է 18 տարեկան երեխաների ահաբեկված դեմքերը, որոնք իրենց ընկերոջ մարմինը ձեռքին վախեցած նայում էին իրեն ու հարցնում, թե ինչ պետք է անեն. «Հասկանում եք, որ էդ երեխեքն են իսկական հերոսները, էդ երեխեքին պետք է մեդալներ տալ, ոչ թե սելֆի անողներին։ Էն երեխեքին պետք է հերոսի կոչում տալ, որ ահաբեկված հայացքով նայում էին ինձ, երբ ձեռքին վիրավոր հրամանատարն էր, բայց էսօր դրել են ու հերոսի կոչում են տալիս սելֆի անող ինչ որ մարդկանց, որ սկի իսկական կռիվ չեն տեսել»։

Պատերազմի ընթացքում փրկած զինվորների քանակը չի հիշում, պատմեց դեպքերից միայն մեկը, երբ վիրավոր զինվորներից մեկին ընկերոջ հետ ութ կիլոմետր գրկած հասցրել են հիվանդանոց։

Իր կյանքը բանակին նվիրած հրամանատարը, այսօր շատ բաներից է հիասթափված և ինչպես ինքն է ասում՝ մնացած տարիներն ուզում է իր ընտանիքին նվիրել ու արդեն դիմում է ներկայացրել՝ ծառայությունը ավարտելու խնդրանքով։

Ջրականում ամբողջ ունեցվածքն ու կառուցած կյանքը կորցրած ընտանիքը էլ պայծառ ապագային հույս չունի հայրենիքում ու երեխաների լավ ապագայի համար էլ պատրաստ է անգամ երկիրը լքել։

«Իմ համար հայրենիքը սկսում է իմ ընտանիքից ու այսքան տարիներ իմ կյանքն ու առողջությունը բանակին նվիրելուց հետո, այսօր ուզում եմ ընտանիքիս ավելի լավ ու ապահով կյանք ստեղծել։ Երեք երեխաներիս կյանքի մեծ մասը եղել է սահմանին, որտեղ անգամ լավ կրթության հնարավորություն չի եղել։ Երեխաներս տեսել ու ապրել են այն, որը ոչ մի երեխա չպետք է տեսնի։ Ես չգիտեմ էլ ոնց են երեխաներս այս սթրեսից դուրս գալու։ Հիմա ես ամեն ինչ կորցրել եմ ու բնակվում եմ բարի մարդկանց տանը, բայց ես այսքան տարի իմ կյանքը չեմ զոհաբերել փախստական ու անօթևան դառնալու համար։ Ես որպես ծնող չեմ ուզում, որ երեխաներս այդ ամենը նորից ապրեն ու ուզում եմ իրենց համար ապահով ու հանգիստ կյանք ապահովել»,- անկեղծանում է հրամանատարը։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031