Հունվարի 28-ին «Կինոպարկ»-ում կայացավ «Հարսանիք թիկունքում» ներկայացման հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի բեմելը: Ֆիլմն այսուհետ հնարավոր է դիտել բոլոր կինոթատրոններում:
«Այն մարդիկ, որոնք դիտել են «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, վստահ եմ, որ սիրով կդիտեն նաև ներկայացման էկրանավորումը: Մեկը մյուսին չեն կարող խանգարել, հակառակը՝ կօգնեն, միմյանց լրացնելու են: Կարևորը մարդիկ սիրեն տվյալ գործը: Ի վերջո, մենք նաև էկրանավորման շնորհիվ կմեծացնենք ֆիլմի աշխարհագրությունը, միշտ չէ, որ հնարավոր էր ներկայացումը խաղալ տարբեր երկրներում, իսկ ֆիլմի շնորհիվ այս գործին կծանոթանան շատ երկրներում», – մեզ հետ զրույցում ասաց «Հարսանիք թիկունքում» էկրանավորման ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
Նշենք, որ առաջին անգամ Հայաստանում ֆիլմ է նկարահանվել թատրոնի բեմում, սակայն այն հեռուստաթատրոն չէ: Նկարահանումները տեղի են ունեցել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: Ֆիլմը նվիրվում է հայ զինվորին:
«Բոլորիս համար էլ էքսպերիմենտ էր, որովհետեւ նման ձևաչափով ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել: Որոշեցինք ներկայացումը նկարահանել հենց բեմում, բայց ֆիլմի բոլոր օրենքներով: Սա հեռուստաթատրոն չէ, լիարժեք ֆիլմ է, քանի որ նկարահանումներն արվել են կինոյին հատուկ լեզվով, միաժամանակ, պահպանելով ներկայացման հուզականությունը և էներգետիկան: Մեր խնդիրը ոչ թե փոփոխություններ անելն էր, այլ ճիշտ ադապտացիան էր, որ չկորցնեինք այն, ինչ ուներ ներկայացումը, մեզ համար առաջնային էր ներկայացման համ ու հոտը պահելը: Մենք, իհարկե, հնարավորություն ունեինք Գյումրիում որևէ հարմար տուն, բակ գտնելու և այնտեղ նկարահանելու, սակայն որոշեցինք անել մի բան, որը նախկինում Հայաստանում երբևէ չէր արվել»,-ասաց Արշալույս Հարությունյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 2016 թվականին տեղի ունեցած Ապրիլյան պատերազմի ժամանակ:
Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է: Գործողությունները տեղի են ունենում ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետևանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ:
Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:
Ինչպես արդեն նշեցինք, ֆիլմի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, սցենարը Անահիտ Աղասարյանին է, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանինը, ֆիլմի երաժշտությունը գրել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: Նկարահանվել են ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը եւ Ջեմմա Ադամյանը: Մտահղացումը Տիգրան Վիրաբյանին է:
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ
Սցենարը թույլ էր: