Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականին ՊԵԿ-ում հարուցվել է 622 քրեական գործ, պետությանը պատճառված վնասի չափը՝ 21 միլիարդ դրամ

Հունվար 29,2021 17:05

2020 թվականին ՊԵԿ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցված 622 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 21 միլիարդ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել 7 միլիարդ դրամ, իսկ 2019 թվականին պետական բյուջե է վերականգնվել 6 միլիարդ 100 միլիոն դրամ։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը։ Նրա ներկայացմամբ՝ հարուցված ընդհանուր գործերից 244 -ը վերաբերում են հարկերը վճարելուց խուսափելուն, 62-ը՝ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու առիթով են, 23-ը՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ պետությանը վնաս պատճառելու առիթով, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է 265 քրեական գործ․ «Համեմատության համար նշեմ, որ 2019 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, հարուցվել է 367 քրեական գործ, եւ 2020 թվականի ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն աճել է շուրջ 70%-ով»։

Պարոն Չարխիֆալակյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին աննախադեպ աճել է փոստային առաքանիների տեղափոխությունը, եւ հենց այդ առաքինիներում են հայտնաբերվել թմրամիջոցներն ու արգելված հոգեմետ դեղերը: Այս տեսակի հանցագործության աճն ու հայտնաբերումը ՊԵԿ պաշտոնյան պայմանավորեց ՊԵԿ-ի համապատասխան վարչության աշխատակիցների լավ աշխատանքով։

Ըստ պարոն Չարխիֆալակյանի, 2020-ին ՊԵԿ-ը նոր ուղղություններով է աշխատանքներ տարել, հատկապես եղել են այնպիսի ոլորտներ, որոնք նախկինում ՊԵԿ-ի տեսադաշտում չեն եղել, օրինակ՝ օդային ուղեւորափոխադրումներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները․ «Նշված ոլորտներում հանդիպել ենք հարկային իրավախախտումների, հարկային հանցագործությունների բազմաթիվ դեպքերի, մասնավորապես՝ բիզնեսն արհեստականորեն տրոհելու: Բացահայտել ենք փոխկապակցվածության այլ երեւույթներ, ավել ծախսագրումներ, վարձու աշխատողների աշխատավարձ վճարելու, սակայն դրա ամբողջ չափը հարկային մարմին ներկայացնելու հաշվետվությունում չարտացոլելու դեպքեր»։

Պարոն Չարխիֆալակյանի ներկայացմամբ՝ 2020 թվականին, բիզնեսի տրոհման 87 դեպքով հաստատվել է, որ 258 հարկ վճարողներ միմյանց հետ փոխհամաձայնեցված գործունեություն են ծավալել, որպեսզի պակաս հարկ վճարեն։

2020-ին ՊԵԿ-ն առանձնացրել է առավել ռիսկային համարվող 33 ոլորտ։ ՊԵԿ պաշտոնյան ասաց, որ ռիսկային ոլորտներն են եղել շինարարությունը, կառուցապատումը, ընդերքի օգտագործումը, մանրածախ, մեծածախ առեւտուրը։

Պատերազմի ընթացքում ՊԵԿ-ն ավելի մեղմ է եղել բիզնեսի նկատմամբ, խուսափել են վարչարարական ավելի խիստ գործիքներ կիրառելուց։

Պարոն Չարխիֆալակյանն ասաց, որ 2020-ին առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու, ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում ՊԵԿ համապատասխան վարչությունը արձանագրել է իրավախախտման 1010 դեպք, որոնցով տուգանքի գումարը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով ձեռնարկվել է 279 օպերատիվ միջոցառումներ, տուգանքի չափը կազմել է 181 մլն դրամ, նաեւ արձանագրվել է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ ծանուցման գործունեություն իրականացնելու կամ բնական պաշարներն օգտագործելու 55 դեպքեր։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031