Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրանը երբեք բացահայտ հայամետ դիրքորոշում չի որդեգրելու ընդդեմ Ադրբեջանի»․ Արմեն Վարդանյան

Հունվար 29,2021 16:30

«Իրանը լավ տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ ամեն կերպ փորձում է խորացնել դրանք։ Ադրբեջանի առնչությամբ մի քանի համատեղ խոշոր նախագծեր կան, իսկ այժմ էլ իրանական եւ ադրբեջանական երկաթուղիներն են փորձում միացնել իրար»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցին՝ ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը։ «Նման պայմաններում ողջամիտ չէ ակնկալել, որ Իրանը հայամետ դիրքորոշում պետք է որդեգրի։ Իրանն ունի իր սթափ հաշվարկները, որոնցով առաջ է շարժվում։ Շատ կարեւոր է իմանալ, որ Իրանն Ադրբեջանի հետ հարաբերությունները փորձում է բարելավել, ինչը մուտք է դեպի Ռուսաստան։ Իրանով դեպի ՌԴ ամենակարճ ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Կարճ ասած՝ տնտեսական հարաբերությունները կանխորոշում են քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը»,-նկատեց Արմեն Վարդանյանը։

Արմեն Վարդանյան

Նա նշեց՝ իր համար ակնհայտ է, որ Իրանը երբեք բացահայտ հայամետ դիրքորոշում չի որդեգրելու ընդդեմ Ադրբեջանի, որովհետեւ վերջին տարիներին այդ երկու երկրների միջեւ հարաբերությունները լավացել են․ «Արցախի հարցով նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունից հետո Իրանը եւս պատրաստվում է տարածաշրջանային փոփոխություններին, ծրագրեր նախանշում։ Կան ռիսկեր եւ հնարավորություններ։ Ռիսկերի առնչությամբ Իրանի ԱԳ նախարարը Երեւանում ակնարկեց, որ իրենց համար կարեւոր է Հայաստանի կողմից Սյունիքի պահպանումը, որպեսզի չշրջափակվենք։ Իրանի համար էլ է կարեւոր, որ Սյունիքը լինի անվտանգ։ Բացի այդ, նոր հնարավորություններ են ի հայտ եկել։ Այժմ Իրանը կարող է իր ապրանքները Նախիջեւանի տարածքով գործող երկաթուղով հասցնել ՀՀ եւ ՀՀ-ից՝ Վրաստան, սեւծովյան երկրներ, Եվրոպա։ Մենք էլ Երասխից կարող ենք մեր բեռները Նախիջեւանի երկաթուղով հասցնել Իրան, այդտեղից էլ՝ պարսից ծոցի այլ երկրներ»։

Արմեն Վարդանյանը հիշեցրեց, որ Զարիֆի՝ Ադրբեջան այցի ժամանակ Իլհամ Ալիեւը իրանական ընկերություններին առաջարկեց մասնակցել «ազատագրված տարածքների» վերակառուցմանը․ «Սա եւս հնարավորություն է Իրանի համար, որը կփորձի օգտվել դրանից»։

Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ Զարիֆի այցի նպատակները մի քանիսն էին․ «Իրանին առաջնահերթ մտահոգում է տարածաշրջանում արեւմուտքի դերակատարման բարձրացումը։ Իրանը փորձում է հետ չմնալ գործընթացներից, որովհետեւ ՀՀ-ն եւ Ադրբեջանն իր համար մեծ նշանակություն ունեն։ Հիմա Իրանը փորձում է իր տնտեսական դիվիդենտները քաղել՝ Խուդաֆերինի մոտ փորձելով նոր ՀԷԿ-եր կառուցել, ինչը մենք տարիներ շարունակ չենք արել։ Մեր դիվանագիտությունն ամեն ինչ անում էր, որպեսզի Իրանը գար ներդրում անելու։ Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը գործնական քայլերով տարիներ շարունակ նախագծեր է իրագործել եւ դրանցով հարաբերությունները լավացրել Իրանի հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031