Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանի «վենդետան» ու Քոչարյանի փաստաբանների բողոքը. Վարչապետին դատի են տվել՝ իր խոսքերի համար

Հունվար 29,2021 16:18

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը բողոք էր ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ: Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բողոքի քննությունն էր:

Ինչպես դատարանում նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը, իրենք պահանջում են չեղարկել Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության որոշումները:

Հիշեցնենք, որ փաստաբանները ՀՔԾ և Դատախազություն էին դիմել Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ին ֆեյսբուքի ուղիղ եթերում արած հայտարարությունների հետ կապված, որտեղ նա ասել էր. «Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն, բացառված է։ Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետևից, էսօրվա դեբոշերների հետևից՝ հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից։ Գնալու ենք Դաշնակցության կոռուպցիոն հատվածի հետևից։ Էդ հայրենիքի ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, որի առիթով քրգործ կա հարուցված, հանկարծ չմտածեն, թե էս ծխածածկույթի տակ հաջողելու են: Բացառված է»:

Փաստաբանները գտնում են, որ Փաշինյանի գործողություններում առկա են եղել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի հատկանիշներ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը: Բացի այդ, ՀՀ ՔՕ 226, 332 եւ այլ հոդվածներով հատկանիշներ:

ՀՔԾ-ի եւ դատախազության ներկայացուցիչները դատական նիստին չէին ներկայացել, նիստը կայացավ նրանց բացակայությամբ:

Խուդոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով սկսեց սպառնալ ցուցարարներին, ցույցերի կազմակերպիչներին՝ մեղադրելով նախկին իշխանություններին ու խոսելով նրանց թալանի մասին. «Ես բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ եմ անում պատրաստվել վրեժի: Այս կոռուպցիոներ ստահակ օլիգարխների հետ, այո, մենք ճիշտ չենք վարվել: Էս երկիրը թալանածներին, զինվորի հացը, զինվորի զենքը գողացածներին, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել: Ես ներողություն եմ խնդրում դրա համար: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետեւ մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք»,- ասել էր Փաշինյանը:

Խուդոյանը ներկայացրեց, թե ինչ է սպառնալիքը, որը մարդկանց մոտ կարող է առաջացնել վախի, տագնապի զգացողություն ու Փաշինյանի արարքը տեղավորեց 137 հոդվածի հատկանիշների մեջ: Նա նաեւ դիտավորության մասին խոսեց. «ՀՀ վարչապետը իր լիազորության շրջանակներում վերահսկողություն ունի ուժային կառույցների նկատմամբ, ում ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաշվետու են նաեւ իրավապահ մարմինները, հստակորեն առանձնացնում է հասարակության այն ներկայացուցիչներին, ումից պետք է վրեժ լուծել: Ավելին՝ Փաշինյանը ոչ միայն ինքն է պատրաստվում վրեժ լուծել իր տիրապետության ներքո գտնվող մեծ ռեսուրսի կիրառմամբ, այլ նման կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ըստ էության հրահրելով քաղաքացիական պատերազմ ու տարածելով ատելության խոսք: Վարչապետը լիովին անտեսում է օրենքի վրա հիմնված կառուցակարգերը, կոչ անում վրեժ լուծել, վենդետա իրականացնել»:

Խուդոյանը նաեւ մեջբերեց Փաշինյանի սպառնալիքներն ու արտահայտությունները՝ ուղղված դատավորներին:

Ամփոփելով՝ Խուդոյանն ասաց, որ քննիչ Կոնստանդյանն իր որոշումը չի պատճառաբանել, նշել է, որ նյութեր են նախապատրաստվել, բայց այդ նյութերը թե ինչքանով են վերաբերվել հաղորդման բովանդակությանը, որեւէ կերպ պատճառաբանված չէ:

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ հավելեց. «2,5 տարի գործադիր իշխանության ղեկավարը զրպարտել է դատական իշխանության ներկայացուցիչներին: Կան բազմաթիվ հանգամանքներ: Միջամտել է դատական իշխանության գործունեությանը կա՛մ անմիջապես, կա՛մ ավելի ընդհանրական, ճնշումներ է գործադրել դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, անվանել է վնգստացողներ, որի իրավունքը որեւէ դեպքում չուներ գործադիր իշխանությունը: Այդ իր տեքստը բոլորը հասկացել են՝ որպես սպառնալիք՝ օմբուդսմենը, իրավապաշտպանները, ձեր փոխարեն ես լինեի՝ ես կհասկանայի՝ որպես սպառնալիք, բայց քննիչը որոշել է, որ չէ, այստեղ որեւէ խնդիր չկա: Մենք ակնկալում ենք, որ հարուցվի քրեական գործ ու գործի շրջանակներում ոչ թե քննիչը ենթադրի, թե ինչ է ասել Փաշինյանը, այլ կանչի հարցնի, կանչի դատավորներին, հարցնի՝ իրենց կյանքը վտանգված եղե՞լ է, թե՞ չէ, փորձի հասկանա՝ ձեւակերպումները հիմնավորումներ ունե՞ն, թե՞ ոչ»:

Լսելով բողոքաբերներին՝ դատավորն ասաց, որ ՀՔԾ-ն ու Դատախազությունը գործի հետ կապված նյութերը, այդ թվում՝ մերժման որոշումն ու դրա հիմնավորումը չեն ուղարկել դատարան:

Դատական նիստը հետաձգվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031