Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պետք է մեզ հասանելիք գումարը դուրս գրեն, ու մտնի կաբինետում նստած մեկի գրպանը». կամավորականների ցույց՝ ՀՀ ՊՆ-ի դիմաց

Հունվար 29,2021 15:56

«Ինչո՞ւ պետք է մեզ հասանելիք գումարը դուրս գրեն, ու մտնի կաբինետում նստած մեկի գրպանը»,-հայտարարեցին արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ-ի դիմաց բողոքի ցույց անցկացնող կամավորականները:

Նրանք դժգոհում են, որ պատերազմի մասնակից կամավորականները պետության կողմից փոխհատուցում են ստացել, բայց շուրջ 2700 կամավորականներ այդ գումարները չեն ստացել: Նրանց հետաքրքրում է՝ ի՞նչն է խնդիրը, նրանք մտավախություն ունեն, որ իրականում այդ գումարները դուրս են գրվել, սակայն դրանք իրենց չեն հասել:

Կամավորականները հայտարարեցին՝ պատերազմի օրերին, երբ մեկնել են առաջնագիծ, գումարի համար չեն մեկնել, սակայն այժմ իրենք վրդովված են՝ ինչո՞ւ իրենց հասանելիք գումարները չպետք է ստանան, այլ ապօրինի կերպով յուրացնեն ուրիշները:

Ցույցի մասնակիցներից Դավիթ Հովհաննիսյանը հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը գտնվել է Բերձորում, մասնակցել պատերազմական գործողություններին: Նա իրենց հուզող խնդրի մասին պատմեց. «Ես տեղեկացված եմ, որ այն հանձնաժողովը, որը գլխավորում է Արա Առաքելյանը և մեր հարցով մեկնել էր Արցախ, շաբաթ օրը վերադարձել է: Նրանք մեզ ցուցակագրեցին գեներալ մայոր Բաղդասարյանի հրահանգով, խոստացան՝ կզանգեն, կասեն, թե որն է խնդիրը: Բայց մինչև այժմ ոչ մի զանգ չենք ստացել: Մեր անմիջական հրամանատարին՝ Գրիգոր Գրիգորյանին, Արցախ էին կանչել թղթաբանության ճշգրտման հարցով: Հիմա էլ ասել են, որ մինչև փետրվարի 10-ը կլինի փոխհատուցումը: Բայց մենք չենք հավատում: Չորս անգամ մեզ նույն բանն են ասել»:

Դավիթ Հովհաննիսյանը ներկայացրեց մի տեղեկանք, որտեղ նշված է, որ ինքը մասնակցել է ռազմական գործողություններին: Սակայն հավաքվածներից միայն նա ուներ նման փաստաթուղթ. մյուսները չէին դիմել, չէին ստացել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չեն դիմել նման փաստաթուղթ ստանալու համար, կամավորականները վրդովվեցին՝ մի՞թե մենք լավ բան չենք արել, որ դեռ մի բան էլ պետք է խնդրեինք: Նրանցից շատերը կարծում են, որ միտումնավոր իրենց զինգրքույկում նման նշում չեն անում, որ չկարողանան տարբեր արտոնություններից օգտվել: Նրանցից մեկն էլ վրդովված ասաց. «Սա ի՞նչ է. ոնց որ Գումի շուկա լինի: Ես արդեն վախենում եմ, որ մեզ դատեն զուտ նրա համար, որ թուրքի դեմ ենք կանգնել: Երևի մեզ տանելու օրը մեր ցուցակները գցել են մեռածների կամ անհետ կորածների մեջ: Բա ո՞ւր են մեր ցուցակները»:

Կամավորականները վիրավորված են, որ իրենց արհամարհում են, չեն ուզում իրենց խնդիրը լուծել:

Նրանք հավաստիացրին՝ ԼՂՀ ՊԲ-ից ՀՀ ՊՆ ֆինանսիստին տվել են հրամանը, որ փոխհատուցում լինի, բայց փոխհատուցումը չկա:

Նրանցից մեկի որդին էլ, որին փոխհատուցում տվել են, չի կարողանում այդ գումարները ստանալ, քանի որ բանկից ասել են՝ վեց ամիս հետո:

Ցույցի ավարտին Դավիթ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ երեք կամավորականի հրավիրում են ՀՀ ՊՆ շենք՝ Արա Առաքելյանի հետ հանդիպման: Նա հայտնեց՝ Արա Առաքելյանը չի ցանկանում հանդիպել լրագրողների առաջ, նշեց՝ Արա Առաքելյանն ասում է՝ լրագրողների առաջ չեմ խոսելու, որ թուրքը չլսի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031