Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին ԵՊՀ-ն ռազմավարական ուղենիշեր, տեսլական չունի». Կառլեն Խաչատրյան

Հունվար 29,2021 15:33

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հունվարի 29-ի նիստում խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել էին 2 թեկնածու՝ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը:

Կառլեն Խաչատրյանի խոսքով, հոգաբարձուների խորհուրդը՝ լինելով ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմին, պետք է ուշադրություն դարձնի համալսարանում կառավարման արդյունավետության բարձրացմանը. «Այստեղ համատեղ ջանքերով պետք է փորձենք համալսարանի կառուցվածքի օպտիմալության գնահատական տալ, խորքային վերլուծություններ կատարելով՝ փորձենք հասկանալ այն կառուցվածքը, որ այսօր ԵՊՀ-ում առկա է, արդյոք օպտիմա՞լ է, եւ այն մարտահրավերներն ու խնդիրները, որ ծառացած են համալսարանի առջեւ հնարավո՞ր է լուծել»:

Կառավարման արդյունավետության համատեքստում նա շեշտադրեց հատկապես վարչական օղակների ղեկավարների մրցութային հիմունքներով տեղակալման սկզբունքի ներդրումը:

«Տեւական ժամանակ է, որ թե պետական համակարգում, առավել եւս մասնավոր ոլորտում տարբեր պաշտոններ մրցութային հիմունքով են իրականացվում, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ԵՊՀ-ում վարչական օղակների ղեկավարները մրցութային սկզբունքով չեն ընտրվում, թեեւ այդ սկզբունքը պրոֆեսորադասախոսական կազմի համար կիրառվում է: Իմ կարծիքով նման սկզբունքի ներդրումը ԵՊՀ-ում որոշակիորեն կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Մյուս ուղղությունը ֆինանսատնտեսական խնդիրներն են, այստեղ իմ կարծիքով երկու կարեւոր անելիք ունենք՝ մի կողմից առկա ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնել, մյուս կողմից՝ փորձել մեր անձնական կապերը, փորձառությունն օգտագործելով՝ արտաքին աշխարհից լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել ԵՊՀ-ի զարգացման համար, այստեղ կարող են լինել տարաբնույթ հանգանակություններ, միջոցառումներ, ֆոնդահայթայթման հայտնի այլ մեթոդներ, որտեղ յուրաքանչյուրս կարեւոր անելիք ունի»:

Կառլեն Խաչատրյանը ցավով փաստեց, որ 2020 թ ավարտվել է ԵՊՀ ռազմավարական ծրագրի գործողության ժամկետը, եւ ըստ էության, այս պահին ԵՊՀ-ն ռազմավարական ուղենիշեր, հեռանկարներ, տեսլական չունի: «Շատ եմ կարեւորում այդ փաստաթղթի ձեւավորումը եւ ուզում եմ նաեւ ամրագրել. թեեւ հոգաբարձուների խորհուրդն է հաստատում զարգացման ծրագիրը, բայց պետք է ընդունենք, որ ծրագիրը նախապատրաստվում է ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ակտիվ ներգրավվածությամբ: Մեր դերակատարումը որպես հոգաբարձուների խորհուրդ՝ այն պետք է լինի, որ պետք է նախանշել հիմնական ուղղությունները, տեսլականը, որի հիման վրա պետք է այդ փաստաթուղթը ձեւավորվի»,-ասաց թեկնածուն:

Ի թիվս այլնի, նա կարեւորեց օտարալեզու կրթական ծրագրերի, արտասահմանցի ուսանողների թվի աճը, որտեղ հոգաբարձուների խորհուրդը եւ կառավարման մյուս մարմիններն ու ստորաբաժանումներ էական անելիք ունեն:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու Հայկազ Նավասարդյանն ասաց, որ իր կարծիքով Երեւանի պետական համալսարանը որպես մայր բուհ պետք է անվճար լինի, սակայն ուսանողներն ընտրվեն շատ խիստ չափանիշներով: «Կարող է շատերի մտքով միանգամից անցնել, որ կոռուպցիոն բաներ կարող է առաջանել, բայց ամեն ինչ կարելի է կարգավորել»,- ասաց Հայկազ Նավասարդյանը:

Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուներից որեւէ մեկը բավարար ձայներ չհավաքեց՝ նախագահ ընտրվելու համար: Մասնավորապես, Հայկազ Նավասարդյանը ստացավ 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն: Խորհրդի 32 անդամներից նիստին ներկա էր 29-ը, քվեարկությանը մասնակցել էին խորհրդի 29 անդամներ: Բայց քանի որ որեւէ մեկը չընտրվեց, կլինի նոր ընտրություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031