Կրկին ստանձնելով Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի (Հայկական հանձնախումբ) համանախագահի իր դերը՝ Կոնգրեսական Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆոռնիա) Ամերիկայի հայկական համագումարին (Համագումար) ասաց, որ հայ ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունը գերակա առաջնահերթություններ են:
«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վեցշաբաթյա պատերազմին հաջորդող շրջանում մարդասիրական կարիքների լուծումը, ինչպես նաև հայ ժողովրդի ապահովության ու անվտանգության երաշխավորումը իմ բազմաթիվ ամերիկահայ ընտրողներին առաջնահերթ հուզող հարցերն են»,–ասաց Կոնգրեսական Վալադեոն Համագումարին ուղղված մի բացառիկ հայտարարության մեջ: «Ես անհամբեր սպասում եմ շարունակել իմ դերը՝ որպես համանախագահ, և աշխատել ամերիկահայ համայնքի հետ այս ծայրահեղ կարևոր հարցերի շուրջ»:
Վերջին տասնամյակի ընթացքում Կոնգրեսական Վալադեոն քարոզչություն է իրականացրել ԱՄՆ-ի ու Հայաստանի և ԱՄՆ-ի ու Արցախի միջև ավելի ամուր կապերի օգտին: Ծնված ու մեծացած լինելով Կալիֆոռնիայի Կենտրոնական հովտում՝ Կոնգրեսական Վալադեոն վաղ տարիքից սկսեց ճանաչել հայ ժողովրդին, քանի որ նրա հարևաններից և ընկերներից շատերը հայկական ծագում ունեին:
«Ներկայացնելով իր ընտրողներին Սան Խոակին հովտում, Կոնգրեսական Վալադեոն եղել է ԱՄՆ-Հայաստան և ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ամրապնդման հաստատակամ ջատագով»,– հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Կարդացեք նաև
«Կոնգրեսում իր պաշտոնավարման ընթացքում՝ նա Ներկայացուցիչների պալատում առաջնորդեց ջանքեր` ապահովելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Արցախում ականազերծման աշխատանքներին, ուժգին աջակցում էր Հայոց ցեղասպանության հաստատմանը և բազմիցս բարձրաձայնում էր Ադրբեջանի ագրեսիայի դեմ՝ ներառյալ 2016թ.-ի քառօրյա պատերազմը, ինչպես նաև անցյալ տարվա վեցշաբաթյա պատերազմը, որին աջակցում էր Թուրքիան: Մենք գնահատում ենք Կոնգրեսական Վալադեոյի նվիրվածությունն ու առաջնորդությունը՝ որպես Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, որտեղ նա կրկին միանում է իր գործընկեր առաջնորդներին՝ Կոնգրեսականներ Փալոնին, Ջեկի Սփիրին, Ադամ Շիֆին ու Գաս Բիլիրաքիսին»:
Կոնգրեսական Վալադեոն, ով ներկայացնում է Կալիֆոռնիայի 21-րդ Կոնգրեսական շրջանը, 2010թ.-ից ծառայում է կառավարությունում, որտեղ նա հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել ամերիկահայերի խնդիրների նկատմամբ: 2017թ.-ի սեպտեմբերին նա ճանապարհորդեց Հայաստան և Արցախ՝ Հայկական հանձնախմբի իր գործընկեր անդամների հետ միասին և դրականորեն անդրադարձավ «անմոռանալի փորձին»: Այնտեղ գտնվելու ընթացքում, Կոնգրեսական Վալադեոն անմիջապես դիտարկեց թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի առջև ծառացած մարտահրավերները և ԱՄՆ վերադառնալուն պես քարոզում էր փոփոխություններ կատարելու օգտին, այդ թվում` ներկայացնել մի օրինագծի լրացում The HALO Trust-ի ականազերծման ջանքերի ֆինանսավորմն ավելացնելու համար:
Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը ստեղծվեց 1995թ.-ին՝ կազմելու օրենսդիրների երկկուսակցական մի խումբ, որը նվիրված կլիներ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների առաջխաղացմանը: Տասնամյակներ շարունակ Հայկական հանձնախումբը աշխատել է՝ ապահովելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը, Հայաստանի համար լուրջ ֆինանսավորում ու մարդասիրական աջակցություն՝ ներառյալ ականազերծում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու համար, ի թիվս այլ հիմնահարցերի: Այս պահին Հայկական հանձնախումբն ունի 108 անդամ:
Նկարում՝ ձախից աջ. Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Կոնգրեսական Դեյվիդ Վալադեոն, Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հանդիպեցին Վաշինգտոնում 2018թ.-ի փետրվարին՝ քննարկելու ամերիկահայերին հուզող առաջնահերթ խնդիրները:
Ամերիկայի հայկական համագումար