Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչներն այլեւս ի վիճակի չեն վարձով ապրելու: Ասում են՝ Երեւանում եւ նրան մերձակա բնակավայրերում բնակարանների վարձերը 70 հազարից 100 հազար դրամ են եւ իրենք այլեւս ի վիճակի չեն վարձ ու կոմունալներ վճարելու եւ նաեւ ապրուստի ծախսերը հոգալու:
Այսօր նրանք կառավարության առաջ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով: Նրանց խոսքով, տասնյակ տարիներ առաջ իրենց տարել՝ Քաշաթաղում եւ հարակից գյուղերում բնակեցրել են, հիմա՝ հանել գցել են փողոց ու տեր չեն կանգնում: Միայն սոցիալական աջակցությունը, քաշաթաղցիների խոսքով, բավարար չէ. բազմանդամ ընտանիքներ ունեն՝ երեխաներով ու մեծահասակ ծնողներով: Ասում են՝ այս բարեկամի տնից այն վարձով տուն տեղափոխվելն արդեն հոգնեցրել է, տուն են ուզում, որ սեփական տանիքն ունենան:
Կարդացեք նաև
Քաշաթաղի բնակիչները պատմում են, որ մեծ տնտեսություն, տուն-տեղ, անասուններ են թողել, 20-25 տարվա աշխատանքի արդյունքը մեկ ժամում ջուրն է լցվել: Ունեցվածքից ոչինչ չեն կարողացել հանել:
Հայաստանի կառավարությունից են տուն պահանջում, քանի որ, ինչպես տեղահանված բնակիչներն են ասում, իրենք ժամանակին Հայաստանի բնակավայրերից են Քաշաթաղ գնացել: Հիմա էլ ուզում են, որ պետությունը որոշ գումար տա, որպեսզի ամեն մեկն իր ծննդավայրում բնակարան ձեռք բերի:
«Մի քանի տուփ մակարոնից, բրինձ-մրինձից շատ գոհ ու շնորհակալ ենք, որ մեզ չեն անտեսել, բայց դա մենք այսպես թե այնպես կարող էինք ստեղծել, աշխատող մարդիկ ենք: Հիմա տուն ենք ուզում, հոգնել ենք այստեղ-այնտեղ ապրելուց: Ամեն ինչ թողել՝ դուրս ենք եկել, գերեզման ենք թողել: 25 տարի այնտեղ ապրել ենք, չարչարվել ենք, ստեղծել ենք: Մեզ հավատացրել են՝ դա մերն է, այսօր էլ բոլորս անակնկալի ենք եկել: Հնարավորություն չտվեցին, որ գոնե ամեն մարդ իր ունեցածը բերեր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Նելլի Դավինյանը: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը նույնիսկ տեղյակ էլ չէ, թե քանի մարդ է տեղահանվել Քաշաթաղի շրջանից, քանի որ ոչ մի անգամ, ո՛չ եկել են, ո՛չ էլ՝ հետաքրքրվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախի Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարի խոսքով, հոկտեմբերի 18-ից սկսած՝ իրենց բնակչությունը բռնի ուժով տեղահանվել է: Բնակիչների մեծ մասը եղել է ռազմի դաշտում, երբ իրենց համայնքները հանձնվել են եւ ունեցվածքից ոչինչ չեն հասցրել փրկել: Հիմա պահանջում են գույքի փոխհատուցում՝ համարժեք եւ խելամտության սահմաններում:
Համայնքի ղեկավարի տվյալներով, Քաշաթաղից այսօր տեղահանված է մոտ 13 հազար բնակիչ, 3000 ընտանիք, որոնց մեծ մասն այսօր բնակվում է Հայաստանում: Կառավարության՝ 300 հազար դրամ եւ 68 հազար դրամ օգնությունը, նրա խոսքով, ոչ բոլորին է հասանելի. «Արդեն 4 ամիս է՝ մարդիկ ապրելու հնարավորություն չունեն: Մեր խնդիրն այն չէ, որ դառնանք նպաստառու, պետությունից գումար ստացող, մեր խնդիրն է գույքի փոխհատուցում ստանալը»: Ասաց, որ դիմել են Արցախի կառավարությանը, բայց դեռ պատասխան չեն ստացել:
Ժաննա Սիմոնյանը 13 տարեկան է եղել, երբ տեղափոխվել է Քաշաթաղում ապրելու: Ամուսնացել, ընտանիք է կազմել, տուն կառուցել, բայց այսօր Մասիսի շրջանի Նորաբաց գյուղում վարձով է բնակվում: Նրա խոսքով, այդ վարձով տանից էլ պետք է դուրս գան, որովհետեւ այլեւս ի վիճակի չեն 80 հազար դրամ վարձ տալ. «Ո՛չ աշխատանք ունենք ո՛չ ապրելու միջոց: Մենք բնակարան ենք ուզում, մնացածը կանենք, կաշխատենք՝ կստեղծենք, կայուն աշխատավարձ չունեմ, չեմ կարող տուն վարձել: Ես աշխատել՝ ստեղծել եմ, բայց իրենց պատճառով եմ ամեն ինչ կորցրել»:
Ժաննա Սիմոնյանը նոյեմբերի 18-ին է Քաշաթաղը լքել: Ասում է՝ հղի է եղել, չի կարողացել տան իրերը հանել, ամուսինն էլ դիրքերում էր: Երեխաներին վերցրել ու դուրս է եկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ