Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովի որոշ անդամներ դեմ են աշխատանքը շարունակելուն եւ դրա համար փաստարկ են նշել»․ Դանիել Իոաննիսյան

Հունվար 29,2021 14:14

«Վերջերս հանձնաժողովի անդամների մի մասը դեմ արտահայտվեց աշխատանքը վերսկսելուն, անուններ չտամ, բայց հիմնական փաստարկն այն էր, որ հիմա դրա ժամանակը չի։ Համաձայն չեմ այդ փաստարկի հետ, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների իրականացման հիմքերը չեն վերացել, անհրաժեշտությունը չի կորել։ Իրենք դա պայմանավորում են պատերազմի արդյունքներով, ներքաղաքական գործընթացներով»,-«Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի ընթացքին՝ ասաց հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Մեկ շաբաթից՝ գալիք ուրբաթ, նիստ կլինի, եւ կատարված աշխատանքը կամփոփվի, որովհետեւ բովանդակային աշխատանք արվել է։ Խոսքը մոտ քսան թեմայի մասին է՝ դատախազության, քննչական մարմինների, Հայ առաքելական եկեղեցու, ընտրական համակարգի, կառավարության կառուցվածքի, դատավորների եւ ԲԴԽ անդամների տարիքային սահմանափակումների հետ կապված հարցեր։ Միայն գերագույն դատարանի ստեղծման հետ կապված հարցն է հասել քննարկման փուլ, եւ որոշվել էր, որ գերագույն դատարանի մոդելով ենք շարժվելու»,-հայտնեց Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ թեեւ հանձնաժողովի աշխատանքներն ընդհատվել էին պատերազմով, սակայն դրանից առաջ էլ ակնհայտ էր, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ներկայացնելու վերաբերյալ վարչապետի նախանշած ժամկետները պահել հնարավոր չէր, բացի այդ՝ հանձնաժողովի ներառականության, արդյունավետության եւ թափանցիկության առնչությամբ վերապահումներ են եղել։

Դանիել Իոաննիսյանը նաեւ շեշտեց՝ շատ կարեւոր է ներպետական մարմինների ընդունած որոշումների կարգավիճակի հարցը ՀՀ իրավական ակտերի համատեքստում․ «Բավականին դեմ եմ սրան, որովհետեւ միակ ներպետական կառույցը, որին մենք անդամակցում ենք, ԵՏՄ-ն է։ Չէի ուզենա, որ ԵՏՄ-ում ոչ ժողովրդավարական ճանապարհով ընդունվող որոշումները միանգամից՝ մեխանիկորեն դառնան ՀՀ-ում իրագործման համար պարտադիր։ Նորմատիվ իրավական ակտերի մասին է խոսքը։ ԵՏՄ-ն ԵՄ-ից շատ է տարբերվում այն առումով, որ որոշումների կայացման ժողովրդավար մեխանիզմ ապահովված չի։ Այս հարցը հանձնաժողովում դեռ քվեարկության չի հասել»։

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է մշակի եւ ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031