Երեկ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ լրագրողներից մեկի՝ Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի միջեւ միջադեպ էր եղել: Երբ լրագրողը հարցրեց՝ պարոն վարչապետ, այստեղ Շուշիում ընկած մեր զինվորներն են, դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է, Փաշինյանը նրան կանչեց եւ պայման դրեց. «Թղթի վրա գրեք մեջբերումը: Իմ մեջբերումը կբերեք դուք անձամբ թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»:
Այսօր կառավարության շենքի մոտ լրագրողը մի մեծ պաստառի վրա գրել էր մեջբերումը եւ Փաշինյանի համար երկու վանդակ թողել՝ նշում անելու՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ Շուշին հայկական է. «Սպասում ենք տեսնենք՝ կիջնի՞ վարչապետը ու կպատասխանի՞, ըստ այդմ մենք մեր հետեւությունները կանենք վարչապետի դիրքորոշման վերաբերյալ»,-ասաց լրագրողը:
Կառավարության առջեւ հավաքված էին Քաշաթաղի բնակիչները: Փաշինյանի աջակիցներից մի քանիսը բորբոքվեցին լրագրողի քայլից ու նրա ձեռքից խլեցին պաստառը, սկսեցին պատառոտել:
Կարդացեք նաև
Գրականագետ Սերժ Սրապիոնյանը իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել է լրագրողի հետ այդ միջադեպին ու գրել. «Կարճ ժամանակ առաջ թշնամական երկրի մի ղեկավար, որպեսզի մոլորակի մարդկությանը «ճիշտ» խաբի, հայտարարեց, թե՝ «90-е гг население Шуша 98%-в были азарбайджанци»։ Եվ ուրեմն՝ օրումեջ դպրոց հաճախած, բայց կրթությունը կիսատ թողած աշակերտն անգամ սա ընկալում է, թե Շուշին ադրբեջանական քաղաք է։ Ու հիմա, դրանից կարճ, շատ կարճ ժամանակ անց մի այլ՝ ամենևին էլ ոչ թշնամական, այլ հարազատ, Հայրենիք կոչվելու չափ հարազատ երկրի բարձր ամբիոնից այդ երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնող մի ուրիշ «ղեկավար», նույնպես ի լուր աշխարհի հարց է հղում, թե՝ «և ուրեմն՝ դուք ուզում եք ասել, թե 90 և ավելի %-ով ադրբեջանցիներով բնակեցված քաղաքը հայկակա՞ն է»։ Համեմատեք այս 2 նախադասությունները։ Իմաստները, եթե հակադիր եք համարում, ուրեմն՝ չի ասվել այն ինչ ընկալվել է։ %-ների տարբերությունը հաշիվ չէ, որովհետև 90-ից ավելը ոնց որ թե կարող է համարվել նաև 91-ը կամ հենց 98-ը։ Նույնիսկ 99-ը։ Ուրեմն՝ իմաստները եթե նույնը չեն, ապա գոնե մոտ են նույնը լինելու չափ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ