Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաս՝ Երեւան-Նախիջեւան-Բաքու ճանապարհը գովերգող ՀՀ իշխանություններին»

Հունվար 29,2021 14:30

«Aravot» -ի զրուցակիցն է Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Մանասյանը

– Պարոն Մանասյան, օրերս Վրաստանի Մառնեուլի շրջանում խոչընդոտվել է հայկական բեռների մուտքը Հայաստան: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա. արդյո՞ք վերադառնում են 90-ականները՝ հայտնի իրադարձություններով: Ի դեպ, տարեվերջին Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի նախաձեռնությամբ վրաց գործընկերների հետ հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը։

– Մինչ մամուլում այս տեղեկատվության հրապարակումը, մեր վրացի գործընկերները մեզ տեղեկացրին եղելության իրական փաստերի մասին։ Մեր ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամ Արբակ Խաչատրյանը հեռախոսազրույց է ունեցել Մառնեուլի շրջանի նախկին պրեֆեկտի հետ։ Ի դեպ, վերջինս 90-ականներին վճռորոշ դեր է ունեցել հայ-վրացական պատերազմը կանխելու եւ Արբակ Խաչատրյանին օգնել է Հայաստան ցորեն ներկրող ավտոշարասյան անվտանգության հարցում։ Պարզվում է՝ Մառնեուլում ապրող ադրբեջանցիները ճանապարհի եզրին գտնվող ռեստորանից դուրս են եկել փողոց ոգելիչ խմիչքի ազդեցության տակ՝ նկատելով հայկական ավտոշարասյունը, քարեր են նետել ավտոշարասյան ուղղությամբ եւ վիրավորանքներ արձակել հայ վարորդների նկատմամբ։ Այս առիթով ձերբակալվել է 10-ից ավելի մարդ։ Կատարված քննության արդյունքում պարզվել է, որ իրական մեղավորները հովիվներ են եղել, որոնք այժմ թաքնված են սարերում։ Իրավապահ մարմինները ներկա պահին իրականացնում են համապատասխան գործողություններ՝ հովիվներին հայտնաբերելու համար։ Սա վերջին դասն է Հայաստանի ներկայիս իշխանություններին, որոնք օրնիբուն քարոզում են Երեւան-Նախիջեւան-Բաքու նոր շահագործվող ճանապարհի անվտանգության մասին։ Եթե Վրաստանի Մառնեուլի շրջանում ապրող թուրքերը մեկ այլ հանրապետության տարածքում համարձակվում են կատարել նմանատիպ արարքներ, ենթադրաբար իրենց երկրի ներսում նրանք առավել սանձարձակ կգտնվեն։

– Կատարվածին պետական մակարդակով արձագանքներ, կարծես, չկան: Իսկ հանրային եւ հասարակական մակարդակում փորձեր արվելո՞ւ են հարեւան պետության հետ խնդիրները կարգավորելու համար:

– Պետական մակարդակով բանակցություններ լինել-չլինելու մասով ես չեմ կարող պատասխանել, մանավանդ որ, այժմ պետական կառույցներ գոյություն չունեն։ Ինչպես դուք եք նշում, հանրային եւ հասարակական մակարդակում փորձեր ենք անում Վրաստանում բազմաթիվ անձնական կապեր ունեցող Արբակ Խաչատրյանի միջոցով հասնել որոշակի արդյունքի։ Ունենալով Վրաստանի պարետատան թույլտվությունը՝ մոտ օրերս նախատեսվում է մեր պատվիրակության այցը Վրաստան՝ լինելու ենք նաեւ Մառնեուլի շրջանում, իսկ արդյունքների մասին կխոսենք այցից հետո՝ փաստերով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031