Փաշինեանի գործի գալու ընթացքին, ես իմ շրջապատի մի քանի հոգու հետ վիճաբանութիւն էի ունենում: Մի անգամ նրանցից մէկը ասաց. «Ես ներքին ձայնով զգացած է որ այս մարդը այն չէ ինչ ներկայանում է»: Ցաւօք, խոսովանեմ, որ ես մեր միլիոնաւոր հայրենակիցների նման չզգացի այդ ներքին «ձայն»ը ու տարուեցի էֆորեայով, որովհետեւ ես ներկայ էի այդ օրերին Հայաստանում: Միայն այստեղ յիշեցնեմ իմ կարդացողներին, որ ինչպիսի խանդավառութեամբ ընթունեցինք համակ Սփիւռքում այդ «կարծեցեալ» յեղափոխութիւնը: Միայն յիշենք Մայիս 20, 2018թ. Սալբի Ղազարեանի ձեռնարկած Հանրահաւաքը USC համալսարանում, ուր ոտնկայս դիմաւորեցինք խոշոր էլէկտրոնային պաստառի վրայ Փաշինեանի լայն ժպիտը ու նրա պատգամը: Այո, ես ու իմ նման միլոնաւորներ շփոթեցինք «Ժողովրդականութիւն»ը (Populism-ը) ժողովրդախափէութեան հետ: Այն օրերին շատ քչերն էին, որոնք կասկածով էին մօտենում վարչապետի կեցուացքին: Յիշում եմ իմ ունեցած խիստ վիճաբանութիւներից մէկի ժամանակ ես վէճը կարճ կապելու մտադրութեամբ՝ ասացի. «Լաւ, այս նոյն հարիւր հազարանոց ժողովուրդը, որ հիմա Հանրապետական հրապարակում գոռում է «Նիկոլ, Նիկոլ վարչապետ…» մի օր էլ կրնայ կոչել «Նիկոլ, հեռացիր…»:
Հիմա տեսնում ենք որ այդպէս էլ եղաւ:
Ականատես եղայ այն տեսարանին, որ ձեզանից շատերը տեսաք հայկական եւ օտար լրատւոամիջոցներից: Յիշենք Հանրապետութեան հրապարակի լեփ լեցուն ծափահարող բազմութիւնը: Անհնարին էր տեսնել այդ տեսարանը ու չհաւատալ ժողովուրդին, որովհետեւ ես ականատես էի 2017թ., թէ ինչպիսի հոգեկան անկում էր ապրում Հայաստանի ժողովուրդը: Այնքան յուսահատ ու լքուած էր զգում իրեն, որ հարիւրաւորներ ամէն միջոցներով անգամ ուղղակի ոտքով լքում էին երկիրը դէպի Վրաստան տանող ճանապարհով: Փաշինեանը եկաւ կամ «բերուեց» ճիշդ ժամանակին:
Չմոռանանք ինչպիսի ընդունելութիւն ունեցաւ Փաշինեանը այստեղ Սեպտեմբեր 22, 2019ին, Grand Park, L.A. (ես այդ ամիսնէին Հայաստանում էի) եւ այլ հայահոծ գաղթոջախներ՝ Եւրոպա: Նրա կրակոտ ոգեւորիչ ելոյթները, հանդիպումները գաղութի զանազան կազմակերպութիւների հետ, մարդաշատ հիւրընկալութիւները, հարցազրոյցները հայ եւ ամերկեան լրատուամիջոցների հետ, իր կնոջ Աննայի ելոյթը ՀՕՄի ճաշկերոյթին եւ այլուր (չնայած որ, կարգ մը հրաւէրների ընթացքին քննադատուեցին ոչ-առժանավայել իրենց պահուածքով):
Կարդացեք նաև
Համակ հայութիւնը Ն. Փաշինեանին գրկաբաց ընդունեց: Սա ինչպիսի՞ երեւոյթ էր մեր հայ իրականութեան մէջ, ինչպէ՞ս եղաւ որ չթափանցեցինք այս մարդու հոգու եւ մտքի խորքերը: Ի՞նչ եւ ինչպէս փոխուեց նրա կեցուածքը: Արդեօք ազգովին խաբուեցի՞նք ու չկարողացա՞նք խանդավառութիւնից անդին տեսնել ինչ էր կատարւում: Այսպիսի ամբոխավարներից էին օրինակ Հիթլերը, Մուսոլինին եւ այլոք:
Այնպիսի գրաւիչ ու տեղին ժողովրդականութիւն քարոզեց, որ ամբոխը իր միակ փրկութիւնը տեսաւ նրա անձի մէջ: Ցաւօք մարդկութիւնը միշտ տարւում է անձի պաշտամունքով ինչպէս որ էր Սովետական շրջանում, եւ ինչու ոչ ԱՄՆում Թրամփի Մեսիանիք երեւոյթոՎ…։
Երբ 2019թ. Արայիկ Յարութիւնեանին նշանակեց մշակոյթի, գիտութեան, կրթութեան եւ սպորտի նախարար, եւ նրա առաջին անհիմն գործը եղաւ «Հայ Ասպետ» սիրուած ծրագրի վերացումը եւ միւս տարօրինակ դրամական յատկացումները, իմ համակրութիւնը սկսեց նուազել ու անգամ մասնակցեցի ՀՅԴ երիտասարդների բողոքի ցոյցերին Արայիկի դէմ: Տակաւին դեռ հաւատք ունէի նրա հանդէպ ինչպէս որ ժողովուրդի մի հատուած մինչեւ օրս նրան ընդունում է որպէս «օրինական» վարչապետ:
Նոյեմբեր 9ի ահաւոր դէպքերից յետոյ այլեւս ոչ նրա ձայնը ոչ էլ տեսքը տանել չեմ կարող: Այո, ազգովին յուզուած ենք ու նորից գլխիկոր ստիպուած ենք նորանոր պայքարների, շտկումների հոսանքի մէջ թաւալուելով ելք ու ճանապարհ գտնել: Հազիւ էինք մի քիչ ազատուել Ցեղասպնութեան զոհի բարդոյթից ու սկսել էինք մեր մատղաշ սերունդին հպարտութեամբ պատմել մեր Ղարաբաղեան յաղթութեան մասին, բայց նորից այս լախտը եկաւ մեր գլխին…
Արմինէ Կ. ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթի այսօրվա համարում: