Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. «Չեմ ընդունում Դավիթ Տոնոյանի մեկնաբանությունները». «Հրապարակ»

Հունվար 29,2021 11:28

Մեր 30-ամյա պատմության ընթացքում հայոց բանակի կազմավորման օրը առաջին անգամ ո՛չ շնորհավորելու տրամադրություն կար, ո՛չ տոնի զգացում։ Հայաստանի եւ Արցախի պետական եւ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին էլ հարցազրույցից առաջ ոչ այն է՝ շնորհավորեցինք, ոչ այն է՝ ցավակցեցինք։

Նիկոլ Փաշինյանին մեղադրում են հողերը ծախելու, այդ թվում՝ Շուշին հանձնելու մեջ։ Նախօրեին Ալիեւը մեղադրեց ՀՀ իշխանություններին, որ սեփական ժողովրդից թաքցնում են, որ Շուշիում իրենք հարյուրավոր հայերի են սպանել։ Ինչո՞ւ հանկարծ խոսեց Շուշիի հարյուրավոր զոհերից։ Տարօրինակ չի՞ թվում սա։ Գուցե, որ տպավորություն ստեղծվի, թե Փաշինյանը ոչ մի բան չի հանձնել, նոր զոհե՞րն է կանխել։

– Ինձ համար թշնամու արտահայտած կարծիքը հիմք չէ, որ դրանով վերլուծություն անեմ։ Ինձ թվում է, որ թե՛ առանձին դրվագներով, թե՛ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքը պետք է հրապարակայնացվի, որ մեր հասարակությունն ամբողջական տեղյակ լինի թե՛ հերոսացումներին, թե՛ բացերին, թե՛ առանձին ղեկավարների ու հրամանատարների որոշումներին։ Սա պետք է էն աստիճանի բաց լինի, որ դա իր նպաստը բերի՝ հետագայում վերականգնելու մեր հասարակության տրամադրությունները՝ ի շահ ապագա բանակի։ Էս առումով, խորհուրդ կտամ, որ ընդհանրապես ոչ ոք ուշադրություն չդարձնի թշնամի երկրի ղեկավարի արտահայտություններին։

Պարոն Աղաբեկյան, բոլոր կողմերից ասում են՝ դավաճանություն է եղել։ Պայմանական ասած՝ թե՛ Փաշինյանի, թե՛ նախկինների կողմնակիցները։ Մարդիկ, ի վերջո, ո՞ւմ պետք է հավատան։

– Նորից եմ ասում՝ այս 44-օրյա պատերազմի վերլուծության արդյունքում պետք է գնահատականներ տանք։ Եվ վստահ եմ, որ ինչպես ինձ համար են այդ գնահատականները շատ կարեւոր, այնպես էլ բոլոր հայ քաղաքացիների, որ առանձին դրվագներով ու ամբողջական աչքի առաջ ունենանք կատարվածի պատկերը։ Եվ ես չեմ կարող որեւէ վերլուծություն անել, քանի դեռ մեր բանակն իր մեջ ուժ չի գտել ու իր վերլուծությունները չի ներկայացրել մեզ ու ժողովրդին։

Տոնոյանի հայտարարություններին ծանո՞թ եք։ Համամիտ ե՞ք։

– Չեմ ընդունում Տոնոյանի մեկնաբանությունները։

Այսինքն՝ պետք է ԳՇ պետի հետ, բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանին բացատրեին, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատարը չէ․․․

– Չեմ ընդունում ընդհանրապես իր բացատրությունները։ Եթե ասելու բան ուներ, պետք է չսպասեր, պետք է մասնակից լիներ ընդհանուր վերլուծություններին, սխալների վերհանմանը եւ դրանից հետո գուցե վաստակեր այդ՝ արտահայտվելու իրավունքը  կամ կարծիք հայտներ բարձրաձայն։ Պետք չէ ամեն ինչ դնել օրենքների եւ Սահմանադրության վրա։

Կառավարման ուղղահայացների մասին էր խոսել Տոնոյանը, որ նաեւ դրա պատճառով պարտվեցինք։

– Զինված ուժերում, բանակում կառավարման ուղղահայացներում անհատի դերը շատ մեծ է լինում, որովհետեւ միանձնյա որոշումներ կայացնելու ուղղահայացներ են․ վերադասից ստանում ես հանձնարարական եւ կայացնում ես որոշում, եւ որոշումն այլեւս քոնն է, ոչ թե վերադասինը։ Այդ առումով թե՛ ԳՇ պետը, թե՛ ՀՀ  պաշտպանության նախարարը, թե՛ գերագույն գլխավոր հրամանատարն ազատ են իրենց կայացրած որոշումները կայացնելու առումով։ Այդտեղ արդեն անհատի դերն ավելի մեծ է։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031