Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պայքարը կլինի անձերի միջև՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի». Արմեն Բադալյան. «Ժամանակ»

Հունվար 29,2021 11:23

Անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումն ու մասնակցությունը ընտրություններում ավելի մեծ սեգմենտացիայի է ենթարկելու քաղաքական դաշտը։ Սևերի ու սպիտակների ավելի մեծ դիմակայություն է լինելու։ Ահռելի նյութական միջոցներ են դրվելու շրջանառության մեջ։ Չի բացառվում, որ երկու բևեռ լինի՝ քոչարյանական ու Նիկոլի, այլ մասնակիցների շոշափելի մասնակցություն դժվար է պատկերացնել։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ բաժանումը կլինի ոչ թե բևեռների, այլ անձերի միջև՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի: «Քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանին դուրս դնես, այնտեղ քաղաքական ուժ չի մնա, և եթե դուրս դնես Ռոբերտ Քոչարյանին, այնտեղ ևս հնարավոր ձևավորվելիք դաշինք չի մնա։ Պայքարը կլինի անձերի միջև»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանը հիշեցնում է, որ «Հայրենիքի փրկության ճակատի» մաս կազմող ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցի վարչապետի կողմից կազմակերպվելիք արտահերթ ընտրություններին, նույնը հայտարարել է նաև 16+ ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը. «Կա փաստորեն այս տեսակետը, և երկրորդ նախագահի պնդումը, որ պետք է «պայքարել ու կրել»։ Կարող ենք արձանագրել, որ կա մոտեցումների տարբերություն։ Արդյոք այսկերպ երկրորդ նախագահը տարանջատվո՞ւմ է «Հայրենիքի փրկության ճակատից», չէի ասի, որովհետև նա դե յուրե այդ ճակատի մաս չի կազմում, այդ ճակատի մաս կազմող կուսակցություններից որևէ մեկի ղեկավարը նա չի հանդիսանում։ Կարող ենք միայն փաստել, որ երկրորդ նախագահի ու «Հայրենիքի փրկության ճակատի» երկու սուբյեկտների՝ ՀՀԿ-ի ու միասնական թեկնածուի դիրքորոշումների միջև կա տարբերություն»։

Բադալյանը նաև նշում է, որ թեպետ շատերը հիշում են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասնամյակը, կեղծված ընտրությունները, «Ա1+»-ի եթերազրկումը, 2004 թվականի ապրիլի 12-ը, այս փուլում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ. «Որովհետև մարդիկ անվտանգության խնդիրներ են տեսնում և ուժեղ ձեռքի կարիք ունեն։ Իսկ Քոչարյանը կարող է լինել այդպիսին՝ եթե հիշենք նրա կառավարման տարիները։ Սա միևնույն ժամանակ չշփոթենք ժողովրդավարական կառավարման հետ։ Ժողովրդավարությունը սկսում է զիջել անվտանգությանը, որովհետև հարց է առաջանում՝ դու ժողովրդավա՞ր, թե՞ անվտանգ երկրում ես ուզում ապրել։ Եղած վակխանալիան էլ սկսում է մարդկանց ձանձրացնել, պետական ապարատը նոյեմբերի 9-ից հետո չի աշխատում, մարդկանց արտագաղթելու ցանկությունը մեծացել է, ու առաջ է գալիս քաոսից դուրս գալու պահանջ։ Սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև ուրիշ պետությունների, երբ քաոսից հետո գալիս է ուժեղ ձեռքի պահանջ։ Կրկնում եմ՝ սա կապ չունի ժողովրդավարության հետ։ Վարչապետն էլ, անգիտակից լինելով իր խոսքերում ու գործողություններում, ինքնըստինքյան իջեցնում է իր վարկանիշը»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031